Մեկնաբանություն

01.06.2012 17:09


Ո՞ւմ հույսին է Սերժ Սարգսյանը

Ո՞ւմ հույսին է Սերժ Սարգսյանը

Ակնհայտ է, որ առաջիկա քաղաքական զարգացումները պայմանավորված են լինելու նախագահական ընտրություններով։ Դեռևս հստակ չէ 2013թ. առաջադրվողների ամբողջական ցանկը։ Հայտնի է միայն այն, որ ՀՀԿ–ն առաջադրելու է Սերժ Սարգսյանին, ում բոլոր քայլերն ուղղված են բացառապես վերարտադրվելուն։

Դե, քանի որ միայն Ս. Սարգսյանն է առայժմ նախագահի թեկնածու դառնալու հայտ ներկայացրել, ուստի դիտարկենք նրա թեման (կարծեմ Պարույր Հայրիկյանն էլ է խոսել առաջադրվելու մասին, բայց դե, դա հին հայկական ավանդույթի պես մի բան է, որի մասին բոլորը գիտեն, բայց ոչ մեկը չի հետևում այդ ավանդույթին)։

Գործող նախագահն ամեն ինչ արեց, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքները 100 տոկոսով կանխորոշեն նախագահականի ելքը, սակայն չստացվեց, քանի որ ԲՀԿ–ն մաս չկազմեց նոր կոալիցիային։ Ճիշտ է, ՀՀԿ–ն նոր խորհրդարանում ունի հսկիչ փաթեթ ու թվում է, թե այդ ուժը գերիշխող դիրք ունի քաղաքական դաշտում, բայց դա շատ փխրուն մեծամասնություն է և չի կարող լիակատար վստահություն հաղորդել Սարգսյանին։ Այլ կլիներ իրավիճակը, և գալիք ընտրությունները կվերածվեին շատ կանխատեսելի արդյունքով ձևական միջոցառման, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարեր, որ մտնում է կոալիցիա և 2013թ. պաշտպանելու է Սերժ Սարգսյանին։ Սակայն ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն առնվազն հուշում է, որ այդ ուժը չի սատարելու ՀՀԿ ղեկավարին ու քաղաքական տրամաբանությունից ելնելով՝ հանդես է գալու սեփական թեկնածուով կամ պաշտպանելու է այլ թեկնածուի։

Ներկա վիճակում, բացի ՀՀԿ–ից ու դրա ցուցակում հայտնված «կուսակցություններից», Սերժ Սարգսյանը մնացել է միայն ՕԵԿ–ի հույսին, որի հետ օրերս կոալիցիոն նոր հուշագիր ստորագրեց։ Բայց իրավիճակի զավեշտալիությունն այն է, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը ոչ միայն «դե ֆակտո», այլ նաև «դե յուրե» գոյություն չունի, քանզի մայիսի 6–ից հետո ինքնալուծարվել է։ Ստացվում է, որ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու են ՀՀԿ–ն ու Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաև մի կին «ատամնատեխնիկ»։ Սրան կարելի է ավելացնել նաև «հայոց արծիվներին» և վերջ։

Այլ ուժ, որը հրապարակավ կպաշտպանի Սերժ Սարգսյանին, չկա։ Խոսակցություններն այն մասին, թե ԲՀԿ–ն կարող է դա անել ամիսներ անց, և այժմ տեղի ունեցողն ընդամենը խաղ է, հիշեցնում են «ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու ԱԺ ընտրություններին» կամ «ԲՀԿ–ն նոր կոալիցիա է կազմելու ՀՀԿ–ի հետ» անհիմն լուրերը, որոնք տարածվում էին Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցների կողմից։

Անուղղակի ձևով Սերժ Սարգսյանին կպաշտպանեն նորաթուխ հաճախորդները, բայց դա արդյունք տալ չի կարող, քանզի դրանք բոլորն էլ բացահայտված են, ու մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ չեն կարող անել այն, ինչ արեցին Արտաշես Գեղամյանը կամ Արթուր Բաղդասարյանը։ Ինքներդ էլ հասկանում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին խաղացնելու իշխանական պրոյեկտը պայթեց, քանի որ «Ազատ դեմոկրատներով» ու նախագահականի մարդկանցով համալրված «Ժառանգությունը» մի կերպ հաղթահարեց ԱԺ մտնելու հինգ տոկոսի շեմը։ Դե, իսկ Արամ Զավենի Սարգսյանը վաղուց բացահայտված «ական» է, և որքան էլ ՀՀԿ գաղափարական առաջամարտիկներ Ռուբեն Հայրապետյանն ու վարչապետը ջանքեր գործադրեն, միևնույն է, մի քանի հոգանոց կուսակցություն հանդիսացող «Հանրապետության» ղեկավարը չի կարող արդյունավետ կերպով գեղամյանություն անել ու ձայներ խլել ընդդիմադիր կամ հակասերժական տիրույթից։

Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ կարող է հույս դնել «անկախ» լրատվամիջոցների վրա, որոնք շարունակ խոսում են «քաղաքացիական հասարակությունից», բայց ցինիկաբար հայտարարում են, թե ՀՀԿ ղեկավարը ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայով հաստատ կվերընտրվի, բայց, դե, սրանց արդյունավետությունն էլ բավական ցածր է, քանի որ նախ բացահայտված հաճախորդներ են, և բացի այդ՝ պարբերաբար ինֆլյացիայի են ենթարկվում իրենց իսկ տարածած «մուտիլովկաների» պատճառով։

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում քաղաքական աջակցություն կարող է ակնկալել ՀՀԿ–ից, Արթուր Բաղդասարյանից և իրեն կից գործող հաճախորդներից՝ «անկախ» մամուլ և արամզավենիչներ։

Բուն ընտրությունների ընթացքը ցանկալի հունով տանելու համար Սարգսյանի հույսը, ըստ ամենայնի, ընտրակաշառքն է, բոմժերից կազմված շրջիկ խմբերն ու ոստիկանության տպագրած նոր անձնագրերով բազմակի քվեարկություններ անելու պատրաստ մարդիկ են, այսինքն՝ այն, ինչն արդյունք ապահովեց մայիսի 6–ին։ Թե որքանով այս ամենը բավարար կլինի Սերժի վերարտադրությունն ապահովելու համար, պարզ կդառնա փետրվարին։

Մեկ դիտարկում. Սերժ Սարգսյանը վերջին ընտրություններում ցույց տվեց, որ քվեաթերթիկն արկղի մեջ գցելով՝ ՀՀ քաղաքացին հնարավորություն չունի իր ուզածին հասնելու, ասել է թե՝ Բաղրամյան 26–ի ներկայիս ղեկավարը դրական փոփոխությունների ձգտող ՀՀ քաղաքացուն անկյուն է քշել և թողել է միայն մեկ բան՝ հեղափոխություն անելը։ Իսկ դա երկիրը ցնցումների տանող տարբերակն է, որն անցանկալի է, բայց ոչ անխուսափելի և անիրականանալի։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը, և ամեն մարդ զոհ է դառնում իր ագահությանը կամ ագահության զոհ է դարձնում պետությունը։ Միշտ էլ այդպես է լինում, երբ խառնվում են միջոցի ու նպատակի տեղերը, իսկ նպատկն էլ վերածվում է ինքնանպատակի։ Հարկավոր է, ուրմեն, իշխանափոխությունը միջոց դարձնել և որպես նպատակ ընտրել նորմալ պետություն կառուցելը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը