Մեկնաբանություն

12.06.2012 14:48


Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը և իշխանամետ լրատվամիջոցները

Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը և իշխանամետ լրատվամիջոցները

Այսօր ՀՀԿ նախկին նախագահ և նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Նա մահացավ բավական անսպասելի։ Նա մահացավ այն պահին, երբ դեռ հայտնի չէր, թե ով է լինելու 2008թ. ՀՀԿ–ի կողմից պաշտպանվող նախագահի թեկնածուն։ Այդ մասին հենց Մարգարյանն էր հայտարարել՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք հստա՞կ է, որ ՀՀԿ–ն որպես նախագահի թեկնածու է առաջադրելու Սերժ Սարգսյանին։

ՀՀԿ–ի շարքերն այդ փուլում այնքան էլ հակված չէին Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելուն։ Մարգարյանի մահը փակեց այդ թեման. Սերժ Սարգսյանը 2007–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորեց  ՀՀԿ–ի ցուցակը, իսկ հետագայում էլ դարձավ նախագահի թեկնածու։ Ինչև։

Այսօր ՀՀԿ–ականները այցելել են Մարգարյանի շիրիմին։ Այնտեղ է եղել նաև Սերժ Սարգսյանը։ Հնչել են երախտիքի խոսքեր։ Ենթադրվում է, որ նախագահը Մարգարյանի որդի Տարոն ջանին հաստատ մի երկու սփոփիչ խոսք ասած կլինի և դրականորեն արտահայտված կլինի Անդրանիկ Մարգարյանի մասին։

Ուշագրավ է, որ Մարգարյանի ծննդյան օրը Ս. Սարգսյանը մի կողմից դրական է արտահայտվում նախկին վարչապետի մասին, իսկ մյուս կողմից նախագահականի վերահսկողության տակ գործող կայքերը «փչացնում» են նույն Մարգարյանին՝ հիշեցնելով, որ նա 1999թ. հոկտեմբերի 27–ի դեպքերից հետո, ինչ–ինչ կասկածներ ունենալով, միացել էր Սերժի հրաժարականը պահանջողների թիմին, բայց որոշ ժամանակ անց անցավ իշխանության կողմն ու վարչապետ դարձավ։ «Անկախ» լրատվամիջոցներն այդպիսով ուզեցել էին ասել, որ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀԿ–ն պատեհապաշտների թիմ են, որոնցից պետք է ազատվի Սերժ Սարգսյանը՝ «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու համար։ Փաստորեն, մարդիկ չեն էլ թաքցնում իրենց ատելությունը Ա. Մարգարյանի նկատմամբ, բայց դա անում են «անկախ» լրատվամիջոցների էջերից, որպեսզի հետագայում Երևանի քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյանի վրա «ղժժան» ու նրան ասեն, որ նմանատիպ հոդվածների հեղինակներին պետք է փնտրել Լոնդոնում կամ ԱՄՆ–ում։

Պետք է նշել, որ Անդրանիկ Մարգարյանի դեմ վերահսկելի լրատվամիջոցների միջոցով Բաղրամյան 26–ն ուղղակի կամ անուղղակի քարոզ տանում է Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց ի վեր։ Հակամարգարյանական քարոզն է՛լ ավելի ուժեղացավ 2009թ.–ին ու դրանից հետո, երբ արձանագրվեց Հայաստանի տնտեսության խայտառակ անկում. շարքային քաղաքացիները համեմատելու բան ունեին, և այդ համեմատությունը Տիգրան Սարգսյանի օգտին չէր։ Ահա դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը, որը կառավարության ծրագիր էր ներկայացրել ու բարձր գնահատել ստացած տնտեսական ժառանգությունը, հանկարծ ու սկսեց փնովել Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանը և տնտեսական ձախողումները հիմնավորել վատ ժառանգությամբ։

Պարզ է, որ ՀՀ «նախաձեռնող» ղեկավարության հիմնական թիրախն իրենց գլխացավանքի ու վախի պատճառ դարձած Ռոբերտ Քոչարյանն է, բայց ձեռքի հետ թիրախ է դառնում նաև հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը։ Թե ինչ անուն դնել այսքանից հետո Սերժ Սարգսյանի՝ Պանթեոն կատարած այցին, թողնում ենք ընթերցողների դատին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը