Լրահոս

13.06.2012 16:59


Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Տավուշի մարզ այցելած ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Տավուշի մարզ այցելած ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում են աջակցել մեր երկրի սահմանամերձ բնակավայրերին: «bhk.am»–ի փոխանցմամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզ այցելած ԲՀԿ խմբակցության պատգամավորները կուսակցության առաջնորդին ներկայացրել են տեղի բնակիչների բարձրաձայնած խնդիրներն ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: 

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ սահմանամերձ վայրերի բնակիչներն ամենամեծ ուշադրության կարիքն ունեն, և նրանց բարձրաձայնած խնդիրներին հարկավոր է անմիջապես արձագանքել:

Նշվել է, որ թիվ մեկ խնդիրն առողջության պահպանումն է, որին ի պատասխան՝ Հարություն Քուշկյանը վստահեցրել է, որ Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար պրոֆեսորաբժշկական կազմը կմեկնի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, որտեղ մանրազնին բուժօգնություն և անհատական մոտեցում կցուցաբերվի տեղի բնակիչներին: Առողջական առավել լուրջ խնդիրներ ունեցողները կուղեգրվեն Երևան՝ ստացիոնար և ամբուլատոր բուժում ստանալու, անհրաժեշտության դեպքում՝ նաև անվճար վիրահատվելու նպատակով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ էլ կլուծվի ոչ միայն գնդակոծված տանիքների, այլ նաև գյուղտեխնիկայի խնդիրը:

Գյուղացիների առաջ քաշած մտահոգություններից շատերն էլ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ կբարձրաձայնվեն խորհրդարանի ամբիոնից և օրենսդրական լուծում կստանան: Մասնավորապես քննարկման առանցքում կլինի սահմանամերձ շրջանների բնակիչներին հողի հարկի արտոնություններ տրամադրելու հարցը: 

«Մեր երկիրը սկսվում է սահմանամերձ բնակավայրերից. որքան ամուր են մեր սահմանները, այնքան հզոր է մեր պետությունը: Հեռավոր շրջաններում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է իրեն պաշտպանված զգա ու ապրի արժանավայել կյանքով: Սահմանամերձ ու սահմանապահ շրջանների վերածնունդը մեր առաջնահերթ խնդիրներից է, հետևաբար աջակցությունն այդ բնակավայրերին այսուհետ առավել մեծ է լինելու»,-հանդիպման ավարտին ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը