Տնտեսական

19.06.2012 12:51


Ֆերմեր. «Գյուղերում գյուղատնտես չկա, որ գնաս խորհուրդ հարցնես»

Ֆերմեր. «Գյուղերում գյուղատնտես չկա, որ գնաս խորհուրդ հարցնես»

Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներ, ֆերմերներ Վարուժան Խոդեդանյանը և Արթուր Դեմիրճյանը հրավիրել են մամլո ասուլիս ու ահազանգել, մասնավորապես, կարտոֆիլի շուկայում առկա խնդիրների մասին։

–Խնդիրը գնի մեջ չէ, այսինքն՝ որ էժան է և այլն։ Խնդիրը սպառման հետ կապված խնդիրների մեջ է, իրացման մեջ է։ Ավելցուկ կա, կփչանա ախր...,– նշել է Խոդեդանյանը՝ հավելելով, որ անընդհատ կարտոֆիլ ու կաղամբ ցանելով՝ հողը էրոզիայի է ենթարկվում, իսկ ցորեն չեն ցանում, որովհետև եկամտաբեր չէ։

Հարցին՝ իսկ հնարավո՞ր չէ արդյոք արտահանել այդ մթերքների ավելցուկը այլ երկրներ, Խոդեդանյանը պատասխանել է.

–Գյուղացին արտահանմամբ չի զբաղվում, բայց եթե կլինեն մարդիկ, մենք՝ գյուղացիներս, պատրաստ ենք։ Ուղղակի ոչ մեկը չի ուզում ներդրումներ անել, ռիսկերը շատ մեծ են։  Գյուղնախարարությունը պետք է հետևողական լինի, կարող է ավելցուկը արտահանի դուրս, գինն էլ կկարգավորվի, սպառման խնդիրն էլ։ Սա օգուտ կբերի բոլորին։

Խոդեդանյանը նշել է նաև, որ նախարարությունից  միայն պարարտանյութի ու դիզվառելիքի օգնություն են ստացել, այն էլ՝ նախընտրական շրջանում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ գյուղատնտեսության նախարարը պետք է մասնագետներ ուղարկի գյուղեր.

–Նախարարի խորհրդականները պետք է լինեն մասնագետներ, ոչ թե տարբեր համալսարանների ուսխորհրդի նախագահներ։

Արթուր Դեմիրճյանն էլ իր հերթին նշել է, որ դժգոհ է գյուղատնտեսության նախարարությունից.

–Գյուղերում գյուղատնտես չկա, որ գնաս խորհուրդ հարցնես։

Դիտարկմանը, թե նախարարությունը պնդում է, որ մեր պայմանները թույլատրում են, կարտոֆիլից ու կաղամբից բացի, այլ բան աճեցնել, օրինակ՝ հնդկացորեն, Դեմիրճյանն արձագանքել է.

–Ինչ տեսել ենք, սովորել ենք, էդ ենք ցանում։ Թող գան մեզ ուղղություն ցույց տան։

Բանախոսները լրագրողներին հայտնել են, որ վերջին անգամ նախարարության աշխատակիցը գյուղում եղել է անցյալ տարի գարնանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը