Տնտեսական

18.07.2012 11:11


Գազի սակագնի բարձրացումը ծանր հետևանքներ կունենա. բողոքում են բնակիչները

Գազի սակագնի բարձրացումը ծանր հետևանքներ կունենա. բողոքում են բնակիչները

2012թ. հուլիս 12–ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով գազի գնի բարձրացման մասին խոսակցություններին, ասել էր. «Բանակցությունները կավարտվեն, կտեղեկացնենք»։

Պարզելու համար, թե գազի գնի բարձրացումն ինչպես կանդրադառնա Հայաստանի սովորական քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, «7օր»–ը սեփական փոքրիկ հարցախույզն է անցկացրել։ Մայրաքաղաքում և հանրապետության խոշոր քաղաքներում հարցված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների գերակշռող մասն ասել է, որ դա, այսպես ասած, իրենց առանց այդ էլ «ծայրահեղ ծանր իրավիճակի վերջին կաթիլը կլինի»։

Ներկայացնենք նաև նրանց հայտնած կարծիքներից մի քանիսը։

«Գազը որ թանկացավ, պարզ ա, որ ամեն ինչն էլ կթանկացնեն։ Մեզ ուզում են սովամահ անեն։ Էլ արդեն դիմանալու տեղ չկա»,–ասել է Երևանի բնակիչը։

«Առանց էդ էլ հազիվ ենք օրվա հացի փող ճարում։ Օր ա լինում՝ սոված նստում ենք, էլ խանութ չմնաց, որ նիսյայով ապրանք չվերցնենք։ Կոմունալի մասին էլ չեմ խոսում։ Տարիներ շարունակ չենք մուծում, հա գալիս, անջատում են։ Գազը որ թանկացրին, չգիտեմ՝ մեր վերջն ի՞նչ կլինի»,–ասել է գյումրեցի Սոնա Կիրակոսյանը։

Իսկ Վանաձորի բնակիչներից մեկը նկատել է.

«Սրանք ոնց որ մի բան թանկացնելու մանյակ լինեն։ Ժողովրդի հետևից են ընգել։ Ինչքա՞ն կարանք դիմանանք։ Գազից հետո լույսն էլ կթանկացնեն, ջուրն էլ, հացն էլ, մի խոսքով՝ ամեն ինչ։ Չէ՛, սենց էլ հնարավոր չի։ Կա՛մ մենք պիտի թողնենք–գնանք էս երկրից, կա՛մ իրանց քշենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը