Մեկնաբանություն

28.07.2012 14:55


«Տերտերականությունը» և Վարդանիկի ճակատագիրը

«Տերտերականությունը» և Վարդանիկի ճակատագիրը

2008թ. նախագահական ընտրություններից հետո պետական կառավարման համակարգում նորամուծություն նկատվեց։ Իշխանության բառապաշարում և գործելակերպում ուրույն տեղ սկսեց գրավել «տերտերականությունը»։ Դրանով փորձ է արվում Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին ներկայացնել որպես աստվածավախ ղեկավարներ։

Խաչակնքվող նախագահին ու բարեպաշտությունից ճամարտակող վարչապետին հեռուստաեթերի օգնությամբ «պտտեցնելով»՝ իշխանական քարոզչամեքենան խնդիր է դրել հասարակությանը համոզելու, թե իբր մենք գործ ունենք հոգևորին տեղ տվող ղեկավարների հետ, բայց իրական կյանքը ցույց է տալիս, որ իշխող վերնախավն ավելի շուտ «սրբազան ավազակաորջ» է հիշեցնում, քան քրիստոնեական արժեքներով ապրող մարդկանց համախումբ։

Հայտնի բան է, որ Աստծո անունը հաճախ տվողներն ամենաշատն են կեղտի մեջ թաթախված, և նմանատիպ պահվածքն ընդամենը ձևականություն է, իսկ ավելի ճիշտ՝ փարիսեցիություն և դեմագոգիա։

Փարիսեցիությամբ ու դեմագոգիայով աչքի է ընկնում նաև Գյումրիի տխրահռչակ քաղաքապետը։ Վարդան Ղուկասյանը, կարելի է ասել, «տերտերականության» քայլող մարմնավորումներից է և լավագույնս է բացահայտում իր նմանների իրական էությունը։ Վարդանիկն էլ, ինչպես իր կոլեգաները, Աստծո անունը տալով՝ անաստված գործերով է զբաղված։

Ի դեպ, Վարդանիկը երբ «տերտերություն» էր անում իր աշխարհիկ պաշտոնում, Տիգրան Սարգսյանը «պեչենու բաղերում» էր և իր «մեռելոցային» մտածողությամբ դեռ բացահայտված չէր հանրության լայն շրջանակների համար։

Եվ այսպես, մարդկային տեսակի առումով Վարդանիկը պատկանում է սերժատիգրանական թիմին, և մի փոքր զարմանալի է, որ նախագահականում հիմա նրանից երես են թեքել։ Չնայած մյուս կողմից էլ՝ ձեռքները ճար չկա, թե չէ «հայրաքաղաքը» ոտքի տակ առած քաղաքապետը լրիվ ձեռնտու կլիներ Բաղրամյան 26–ում բուն դրած «կղերականների» համար։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Բացի «տերտերականությունից», Վարդան Ղուկասյանի իմիջի բաղկացուցիչ մասերից  է նրա «կեպկան»։ Դա, հավանաբար, «պլեճ» է արված Մոսկվայի նախկին քաղաքապետից, բայց ինչպես Լուժկովին, այնպես էլ Վարդանիկին «կեպկան» չփրկեց։

Այս խորագրի վերջին նյութերը