Մեկնաբանություն

02.08.2012 17:25


Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական «վոյաժները»

Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական «վոյաժները»

Հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում իշխանական քարոզչամեքենան շարունակ թմբկահարում էր, թե Սերժ Սարգսյանը «չերեզ» Թուրքիա յոթ մղոնանաց քայլերով շտապում է դեպի Արևմուտք։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ «արևմտամետ» իշխանությունը ռուսական ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում երկարաձգեց 49 տարով, իսկ Թուրքիան, օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից, ակտիվորեն ներգրավվեց Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ։

«Նախաձեռնողական» քաղաքականությունն ի վերջո բերեց նրան, որ Հայաստանը ոչինչ չշահեց Արևմուտքում ու միաժամանակ կորցրեց վստահությունը իր գործընկերոջ՝ ՌԴ–ի մոտ։

Արդյունքում՝ մենք այժմ ունենք «թափառաշրջիկության» հայեցակարգով առաջնորդվող արտաքին կուրս, որի իմաստը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանն «այո» է ասում բոլորին՝ Թուրքիային, Վրաստանին, ԵՄ–ին, ԱՄՆ–ին, ՌԴ–ին և մյուսներին, իսկ փոխարենը ոչինչ չի ստանում։

Բրյուսել ու Վաշինգտոն մեկնելիս Սերժն արևմտամետ է, Մոսկվա մեկնելիս՝ ռուսամետ, Սահակաշվիլու հետ հանդիպելիս՝ ջավախահայության խնդիրների վրա աչք փակող բատոնո, իսկ Գյուլին հանդիպելիս՝ քիրվա։ Եթե սա է «նախաձեռնողականություն» կոչվածը, ապա կարելի է միայն արձանագրել, որ ՀՀ նախագահի միջոցով վարկաբեկվել է դրական նշանակություն ունեցող ևս մեկ բառ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի արևմտամետության մասին տարածվող հեքիաթին, ապա առիթ ունեցել ենք այդ մասին ասելու։ Կրկնենք ևս մեկ անգամ. Սերժ Սարգսյանը ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքական առումներով չունի սկզբունքներ և գաղափարներ։ Նրա միակ գաղափարը հայկական թուրքմենբաշի դառնալն է, ու եթե դրան նպաստում է, ասենք, պաթոլոգիկ թուրքամետությունը, ապա Սարգսյանը որևէ բարդույթ չունի Անկարայի գիրկը նետվելու և «ֆուտբոլ» խաղալու, ինչի ականատեսը եղանք ոչ վաղ անցյալում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 8–ին Մոսկվայում տեղի է ունենալու Սարգսյան–Պուտին հանդիպումը։ Մոսկովյան շրջանակները նշում են, որ Կրեմլում ուզում են վերջնականապես հասկանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանն աղքատ բարեկամի վերածվել ու արտաքին քաղաքականությունն իջեցրել ընդամենը սրանից–նրանից փող մուրալու մակարդակին։

Այս խորագրի վերջին նյութերը