Մեկնաբանություն

03.08.2012 16:35


«Պահանջում ենք պատժել ՀՀԿ–ի պայթած փուչիկների բոլոր մեղավորներին»

«Պահանջում ենք պատժել ՀՀԿ–ի պայթած փուչիկների բոլոր մեղավորներին»

Եվ այսպես՝ պետությունը ՀՀ քաղաքացիներիս տեղեկացրեց, որ ՀՀԿ նախընտրական համերգ–հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների մեղավորը Սերոբ Բոզոյանն է, ով համաշխարհային ռեկորդ է սահմանել և Գինեսի գրքում հայտնվելու հայտ ներկայացրել՝ մեկ օրում միայնակ փչելով մոտ 7 հազ. փուչիկ, այն էլ՝ տնային պայմաններում։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ո՞վ է ՀՀԿ–ից եղել պատվիրատուն, ո՞վ է վճարել գումարը և այլն։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք «փուչիկների» գործում «ատկատներ» եղե՞լ են, թե՞ ոչ. չէ՞ որ, ըստ տարածված տեղեկությունների, «քեշ» գործարք է տեղի ունեցել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չի տալիս իշխանությունը։ Ինչևէ։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ի պայթած փուչիկներից տուժեց 150 երիտասարդ, որոնց մի մասը դեռ վերջնականապես չի ապաքինվել։ Երիտասարդներից ոմանք, ի դեպ, ամբողջ կյանքում ապրելու են ՀՀԿ–ական փուչիկների հետքերն իրենց վրա կրելով, սակայն իրավապահ մարմինները չեն հայտնելու այն պատասխանատուի կամ պատասխանատուների անունները, ով կամ ովքեր պատվիրել են էժան ու պայթյունավտանգ գազով փչել փուչիկներն ու բերել Սերժ Սարգսյանի պատվին տրվող համերգին։

Հետաքրքիր է, թե արդյոք ֆեյսբուքում կստեղծվի՞ խումբ, ասենք, «Պահանջում ենք պատժել ՀՀԿ–ի պայթած փուչիկների բոլոր մեղավորներին» անունով։

Օրինակ՝ Վահե Ավետյանի սպանությունից հետո պահանջատեր խումբ և նույնիսկ խմբեր ստեղծվեցին, և դա շատ ճիշտ քայլ էր։ Իշխանությունը, իհարկե, իր դրածոների միջոցով հիմա փորձում է ուղղորդել բողոքի ալիքը, բայց անկախ ամեն ինչից ողջունելի է, որ քաղաքացիներն անհանդուրժողականություն ցուցաբերեցին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի մասով ու սկսեցին պայքարել։ Սակայն պայքարին մասնավոր բնույթ չտալու և հարցերն ըստ էության բարձրացնելու համար լավ կլինի, որ ՀՀԿ–ի պայթած փուչիկների մասով էլ հետևողականություն ցուցաբերվի և նշածս խումբը ստեղծվի։

Պարզից էլ պարզ է, որ եթե «Հարսնաքարի» դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանը՝ որպես օբյեկտի սեփականատեր, վայր դրեց մանդատը, ապա նույն բանը պետք է պահանջել նաև ՀՀԿ համերգ–հանրահավաքի սեփականատիրոջից՝ Սերժ Սարգսյանից։ Այլապես գործ կունենանք երկակի ստանդարտների հետ, ինչը կխորացնի այն կասկածները, թե տարատեսակ քաղաքացիական շարժումների մեջ փայ են մտել նաև Բաղրամյան 26–ից և փորձում են ներիշխանական «ռազբորկաներում» օգտագործել «քաղաքացիականներին»՝ նախագահականին հոգեհարազատ ձևերով ու սակագնով։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին սարսափեցնում են քաղաքացիական այն շարժումները, որոնք արդարացիորեն քաղաքականացման են գնում և խնդիր են դնում առկա համակարգի ապամոնտաժման ու իշխանափոխության։ Դա է պատճառը, որ նախագահականի տակ գործող լրատվամիջոցները «ռասկրուտկա» են անում միայն այն «շարժումները», որոնք կարող են ավարտվել «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի»–ով։ Եվ ուրեմն, երկրի ապագայով մտահոգ քաղաքացիները պետք է հեռու մնան դրածոներից և շարունակական պայքար մղելով՝ գալիք նախագահական ընտրությունների ժամանակ արժանի հարված հասցնեն Հայաստանի իրական օլիգարխիային՝ Սերժ Սարգսյանին ու իր նեղ թիմին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը