Կարծիք

05.06.2009 13:55


Ընտրությունները և ազգակերտումը

Ընտրությունները և ազգակերտումը

         Ժամանակակից ազգերը ձևավորվում են քաղաքացիական հիմքերի վրա: Չնայած՝ դա այդքան էլ նոր պատմություն չէ: Ճիշտ է, հնում և միջնադարում այսօրվա իմաստով ազգերի մասին դժվար է խոսել, սակայն ազգերի հետ սերտորեն կապված հայրենիքի գաղափարը ձևավորվել է Հին Հունաստանում՝ հենց նույն քաղաքացիական հիմքի վրա, ազատության գաղափարի զարգացմանը զուգընթաց:  

Հայաստանում և Սփյուռքում այսօր ավանդույթի ուժով ազգի մասին գերիշխող պատկերացումները դեռևս ունեն այլ' համայնքային, տոհմացեղային, ազգակցական բնույթ: Դա բնական է, քանի որ դարեր շարունակ հայերը գոյատևել են որպես կայսրությունների հպատակ փոքրամասնություն. «էրմենի միլեթ»՝ Օսմանյան Կայսրությունում և «кавказские инородцы» կամ «лица кавказской национальности» խմբի մաս՝ ցարական և Խորհրդային Ռուսաստանում, գումարած նաև սփյուռքահայ գաղութները: Համայնքային գոյության այս կերպը ձևավորել է համապատասխան «ազգային գաղափարախոսություն», աշխարհայացք և վարքի նորմեր: Անկախ պետության առկայությունը պահանջում է միանգամայն այլ աշխարհայացք և գաղափարախոսություն:

         Գերազանցապես «միլեթային» մտածողության կրող են այսօր Սփյուռքի մի զգալի մասը, հայաստանյան մտավորականության մի մասը (ներքին գաղութատիրական մտավորականությունը), շարքային հայաստանցիների մի մասը (կաշառառուները և նրանց շահագործող օլիգարխիան): Այդ խմբերի աշխարհայացքում, ըստ էության, բացակայում է պետության գաղափարը: Դա է պատճառը, որ «միլեթային» մտավորականության պատկերացրած «ազգային հարցերի» ցանկում բացակայում կամ երկրորդական տեղ են գրավում ներքաղաքական խնդիրները, իսկ այսպես կոչված շարքային քաղաքացիների շրջանում՝ սեփական քաղաքացիական իրավունքների արժեքի գիտակցումը (կարևորագույն' ընտրության իրավունքի արժեքը գնահատվում է 5. 000-10. 000 դրամի շրջանակներում):

         Ընտրությունների հարցի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն այն վստահելի չափանիշն է, որը թույլ է տալիս պետականամետ հայրենասիրությունը տարանջատել հայրենասիրության անվան տակ հանդես եկող համայնքային հնէաբանական ճոռոմաբանությունից: Ընտրությունն անկախ պետության հիմնարար' էաբանական ատրիբուտն է: Նախ, ինքը՝ անկախ պետությունը, հռչակվում է ազատ ընտրության' ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այսինքն, անկախ պետության իրավաբանական հիմնավորումն ազատ ընտրությունն է: Ընտրակեղծիքը, այդպիսով, ժխտում է անկախության իրավական և փիլիսոփայական հիմքերը: Երկրորդ, Սահմանադրությամբ հռչակված հանրապետական կարգի իշխանության ձևավորման միակ օրինական մեխանիզմն ազատ ընտրությունն է: Հետևաբար, ընտրակեղծիքն ստեղծում է ոչ օրինական' անիշխանական վիճակ և համակարգային անկայունության հիմնական աղբյուրն է: Երրորդ, ազատ ընտրությունը քաղաքացիական ազգի գլխավոր բաղադրիչն է, որից դուրս ազգ և հայրենիք չկա և չի կարող լինել: Հետևաբար, ընտրությունների հարցը ազգային հարցերի կիզակետում է:

         Բնականոն վիճակում վերնախավը պետք է զանգվածներին ուղղորդեր և դաստիարակեր ազգային-քաղաքացիական մտածողության ուղղությամբ: Սակայն տեղի է ունենում հակառակը: Կառավարական և տնտեսական վերնախավը, ելնելով իր կարճաժամկետ շահերից, խրախուսում, խորացնում և շահագործում է բնակչության հետամնաց հատվածի «միլեթական» աշխարհայացքը: Իսկ խորհրդահայ և սփյուռքահայ մտավոր «ազգային» վերնախավը կա՛մ չի գիտակցում այս հարցի կարևորությունը և մնում է անտարբեր, կա՛մ էլ իր հերթին նույնպես ելնելով կարճաժամկետ անհատական կամ խմբային շահերից՝ աջակցում է իշխանությանը: Հեռանկարային տեսանկյունից սա Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է:  

Ուրվագծվում են զուգահեռ ընթացող երկու միտումներ: Առաջինը «միլեթային» մտածողություն կրող բնակչության հատվածի հոգեբանական «բոմժացումն» է, որով այդ խավն աստիճանաբար զրկվում է նույնիսկ այն արժեքներից որոնք բնորոշ են համարվում հայկական ավանդական վարքին: Դրանք են, ժողովրդական իսկ լեզվով ասած, թասիբը, նամուսը, ամոթը և այլն (մի քանի փայլուն օրինակներ այս առումով եղան վերջին ընտրությունների շրջանում): Բնականաբար, այս խավը նաև բացարձակապես անհուսալի է դառնում երկրին սպառնացող արտաքին որևէ լուրջ մարտահրավերի դեպքում: 5. 000-10. 000 դրամով կարող են գնահատվել ոչ միայն ընտրության իրավունքը, այլև Ցեղասպանության, Ղարաբաղի, անկախության և բազմաթիվ այլ հարցեր: Սա միայն հռետորական փոխաբերություն չէ: Այն օրը, երբ հանրաքվեի կդրվի Հայաստանի բնակչության վերաբերմունքի հարցը Ղարաբաղի շուրջ ստորագրվելիք որևէ պայամանագրի շուրջ, կա՞ մեկն արդյոք, որ կասկածում է, թե դրա արդյունքները կհաստատեն մեր իշխանության և միջազգային կառույցների ցանկացած տարբերակ՝ անկախ դրա որոշակի բովանդակությունից: Չէ՞ որ ասված է' «համապատասխան եվրոպական չափանիշների»: Այդ ժամանակ պրոֆեսիոնալ հայրենասերներից շատերը տաք-տաք կոչեր կանեն, բայց գնացքն արդեն մեկնած կլինի:

         Երկրորդ կարևոր հասարակական միտումն այն է, որ բնակչության առավել գիտակից, ակտիվ, իր իրավունքներին տեր հատվածը ոչ միայն օտարացվում է պետական կառավարական համակարգից, այլև ուղղակի թշնամացվում է: Այս մարդկանց մի մասի շրջանում աճելու է արտագաղթելու տրամադրությունը, իսկ մյուս մասն էլ ավելի ու ավելի է արմատականանալու: Ոչ միայն քաղաքական, այլև մտավոր արմատականությունը Հայաստանում այսօր պահանջարկ ունի: Ասպարեզից հանելով ՀԱԿ համեմատաբար չափավոր դիրքորոշում ունեցող այսօրվա առաջնորդներին՝ իշխանությունը միայն նպաստում է ավելի արմատական առաջնորդների ի հայտ գալուն: Սա ևս հեռանկարում հանգեցնելու է անկայունության խորացման: Իհարկե, 2008-2009թթ. հասարակական աշխուժացման փուլին կարող է հաջորդել արտաքուստ ավելի հանգիստ և «կայուն» մի ժամանակահատված (դժվար է այս պահին հստակ կանխատեսել դրա երևան գալը, քանի որ դա կախած կլինի արտաքին և ներքին կարևոր հանգամանքներից): Սակայն հաջորդ պայթյունը լինելու է էլ ավելի ուժգին: Համակարգային խնդիրների և ախտերի հետաձգումը կամ արհեստական ճնշումը միշտ էլ բերում է էլ ավելի վտանգավոր ու անսպասելի ճեղքումների: Այսպիսի օրինակ մենք արդեն ունենք: 2003-2004թթ. ընդդիմության ակտիվությանը հաջորդեց 2005-2007թթ. (առաջին կես) «կայունությունը», որը հանգստացրեց շատերին: 2007-2009թթ. հասարակական պոռթկումը եղավ շատ ավելի անսպասելի, ուժեղ, երկարատև, քան նախորդն էր: Գործը հասավ ուղղակի բախումների և մարդկային զոհերի: Հետաձգված լուծումը բերելու է էլ ավելի լայնածավալ բախման:

         Ստեղծված պայմաններում հասարակության քաղաքացիական գիտակցութուն կրող մասը պետք է մտածի հեռանկարով. նախօրոք մտածի և կազմակերպի իր անելիքը: 2008-2009թթ. գլխավոր արդյունքը հասարակության այդ հատվածի կենտրոնացումն էր, ինքնաճանաչումը: Այդ դրական արժեքը չպետք է կորցնել: Մյուս կողմից, փորձը ցույց է տալիս, որ կրիմինալն այսօր աշխատում է շատ ավելի կազմակերպված, արդյունավետ ու նպատակասլաց, քան քաղաքացիական հասարակությունը: Այս արատավոր իրողությանը պետք է վերջ դրվի: Կա նաև գաղափարական գործոնի կարևորությունը: Հայաստանյան հասարակության ակտիվ հատվածն արդեն այսօր ի զորու է ձևակերպել շատ ավելի հստակ գաղափարական ուղենիշներ, քան եղել է անցյալում: Գաղափարախոսության հստակությունը, գործելակերպի արմատականությունը և կարագապահությունը կբերեն ավելի մեծ հաջողությունների և հաղթանակի: Բայց սա արդեն այլ թեմա է, որի մասին, թերևս հաջորդիվ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը