Տնտեսական

06.06.2009 09:46


«Սիլ» կոնցեռնի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի առաջարկները՝ ճգնաժամը մեղմելու համար

«Սիլ» կոնցեռնի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի առաջարկները՝ ճգնաժամը մեղմելու համար

-Իմ կարծիքով՝ առաջին կարևորագույն խնդիրը արդեն իսկ առկա աշխատատեղերի պահպանումն է: Պետությունը պետք է աջակցի տնտեսավարող սուբյեկտներին՝ չկրճատել աշխատատեղերը, թույլ չտալ գործազուրկների՝ առանց այն էլ ստվար բանակի համալրում: Ընդ որում, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարկավոր է դրսևորել անհատական մոտեցում: Սկզբունքը պետք է լինի հարկային պարտավորությունների թեթևացումը:

Ամենապարզամիտ մարդը հասկանում է, որ եթե աշխատողը կորցնում է իր աշխատատեղը՝ կանգնում է կործանման եզրին, քանի որ չունի գոյատևման այլ միջոց' մեր երկրում չի գործում նպաստի ինստիտուտը, և գործազուրկները լիակատար անպաշտպան խավ են:

Ահա, ուրեմն, հարկային պարտավորությունների, հարկային բեռի թեթևացմամբ հարկավոր է գործատուին հնարավորություն տալ պահպանել եղած աշխատեղերը, որ գործատուն հարկադրված չլինի փողոց ուղարկել աշխատողին:

Ավելին. նույն այդ հարկային բեռի թեթևացման միջոցով պետությունը պիտի ծրագրի նաև նոր աշխատատեղերի ստեղծումը. կոնկրետ առաջարկ ներկայացնի գործատուին՝ այսքան աշխատատեղ ավելացնելու դիմաց այսքանով կնվազեցվի քո հարկային բեռը: Սա միանգամայն ընդունելի և քաղաքակիրթ եղանակ է՝ համատեղ ուժերով ճգնաժամը մեղմելու համար:

Մեծ զրկանքներով ու դժվարությամբ, մի կերպ իրենց և իրենց ընտանիքի գոյությունը պահպանող մեր քաղաքացիներից շատերը դադարում են սիրել պետությունը, հրաժարվում են հարգել իրենց երկիրը, երազում են լքել իրենց հայրենիքը, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած արհավիրքներին գումարվում է նաև բարոյական ճգնաժամը: Հետևաբար, համեստ կենցաղավարությունը, զուսպ ապրելակերպը, ճոխություններից զերծ մնալը, յուրաքանչյուրի համար, օրախնդիր հարց է:

Կարծում եմ՝ սոցիալապես խոցելի խավերի պաշտպանվածությունն ապահովելուն միտված քայլերից բացի չափազանց կարևոր է մեկ այլ նախաձեռնություն: Պետությունը Կենտրոնական բանկի միջոցով պետք է հնարավորություն տա տնտեսավարող սուբյեկտներին, որոնք օգտվում են վարկային ծրագրերից, երկարաձգելու վարկային ծրագրերի մարման ժամկետները: Եթե, այսինքն, մանր կամ միջին բիզնեսը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գրանցել է իրացման ծավալի անկում, ուրեմն պետք է երկարաձգել վարկերի մարման ժամկետը. ասենք՝ մեկ կամ երկու տարով, որ նա հնարավորություն ստանա մարել վարկերը և շարունակել իր բնականոն գործունեությունը: Սա կբացառի տնտեսավարող սուբյեկտի՝ վարկերի ժամկետանց պարտավորություն ունենալը: Անգամ իր արտադրանքի իրացման ծավալի նվազման պարագայում տնտեսավարող սուբյեկտը պիտի չտուժի և սնանկացման եզրին չհայտնվի միայն այն պատճառով, որ վարկի մարման ժամկետը սպառվել է: Խոսքը, բնականաբար, առողջ վարկերի մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը