Լրահոս

27.09.2012 18:44


Օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել 35 հազար դրամ։ Նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի դրույթները, որոնց համաձայն նախատեսվում է հինգ տարում առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը և ապահովել նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակ։

Նիստում հավանություն է տրվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն արտոնագրային վճար վճարող բոլոր սուբյեկտների համար արտոնագրային վճարների կատարման միասնական պարբերականություն սահմանելը և արտոնագրային վճարների համակարգի կիրառության շրջանակն ընդլայնելն է։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում ու ևս մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որն ընդունվելու դեպքում ՀՀ օրենսդիր, գործադիր (հանրապետական) և դատական իշխանության մարմիններում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը կկարգավորվեն այնպես, որ եկամտային հարկով հարկվելուց հետո կպահպանվի աշխատավարձի նախկին մակարդակը, որը տրվում էր մինչև «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը։
Գործադիրի հավանությունն է ստացել «Եկամտային հարկի մասին» ու ևս երեք օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի կարգավորման առարկան զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարարական ծառայության աշխատողների ծառայության հետ կապված եկամուտներն են։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Առաջարկվող իրավական ակտերի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի մոտ ս.թ. սեպտեմբերի 25-ին խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքում ընդունված որոշումից, ըստ որի ՀՀ-ում գործող խաղատների Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր տեղափոխելու ժամկետն առաջարկվել է երկարաձգել մինչև 2014 թ. հունվարի 1-ը` գործող ժամկետի` 2013 թ. հունվարի 1-ի փոխարեն։
Կառավարության հավանությունն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով կկարգավորվի ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև կապահովվի այդ երիտասարդների վերադարձը հայրենիք։
Կառավարությունը քննության է առել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են քվեարկության օրը պետական կառավարմանը մասնակցելու առումով հավասար հնարավորություններ ստեղծել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների համար։ Գործադիրը դեմ է արտահայտվել օրինագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Գործադիրը քննարկել է նաև «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունը, հաշվի առնելով օրինագծի թեր և դեմ կողմերը, նպատակահարմար չի համարել դրա ընդունումը։ Նիստում բացասական եզրակացություն է տրվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին և առևտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը