Լրահոս

27.09.2012 17:24


Հայտարարությունը հիմնավորող նյութերի չի տիրապետում

Հայտարարությունը հիմնավորող նյութերի չի տիրապետում

Օրերս «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում քննարկվել էր ապօրինի ծառահատումներին վերաբերող խնդիրը, որի   շրջանակներում անդրադարձ էր արվել մասնավորապես  Լոռու մարզում իրականացվող ծառահատումներին: Մասնավորապես շեշտվել էր, որ ապօրինի հատված փայտանյութը հիմնականում տեղափոխվում է օրինական դուրս գրված փայտանյութի փաստաթղթերով` բեռնատար ավտոմեքենաներով կամ քողարկված եղանակով` մարդատար միկրոավտոբուսներով:

Մարզի տարածքում ապօրինի անտառահատումների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու, դրանք կանխելու, իսկ կատարված ապօրինի ծառահատումների դեպքերն արագ բացահայտելու համար Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը կատարել օպերատիվ միջոցառումներ ճշտելու հաղորդման ընթացքում ներկայացված հանգամանքները, մարզի տարածքում փայտանյութի յուրաքանչյուր տեղափոխման դեպք հայտնաբերելիս հաշվառել այն, հանգամանորեն ստուգել ձեռք բերման եւ ներկայացված փաստաթղթերի օրինականությունը, անհրաժեշտության դեպքում նախապատրաստել նյութեր եւ լուծել ընթացքը:

Բացի այդ, դատախազը հանձնարարել էր բնապահպանության պետական տեսչության հետ համատեղ շրջայցեր կազմակերպել մարզի տարածքում գործող բոլոր փայտամշակման արտադրամասեր, ստուգել առկա փայտանյութի ձեռք բերման օրինականությունը, փաստաթղթերի իսկությունը, իսկ անհրաժեշտության դեպքում  փայտանյութ իրացրած անտառտնտեսություններում բնապահպանական պետական տեսչության միջոցով ստուգում կատարել` ձեռնարկված միջոցառումների եւ ստացված արդյունքների մասին պարբերաբար ներկայացնելով գրավոր հաղորդում:

Միաժամանակ նկատի ունենալով, որ նույն հաղորդման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության նախագահի կողմից կարծիք էր հնչեցվել, թե Լոռու մարզի դատախազությունը «անտառային բիզնեսի» մասնակից է, ապա տեղեկացնենք, որ Լոռու մարզի դատախազը 2012թ. սեպտեմբերի 11-ին գրավոր դիմել է  նշված հասարակական կազմակերպության նախագահ Ի. Զարաֆյանին` առաջարկելով տրամադրել մարզի դատախազության, ինչպես նաեւ այլ մարմինների պաշտոնատար կամ այլ անձանց ապօրինի ծառահատումներին «մասնակից»  լինելու վերաբերյալ նյութեր:

Հարցմանն ի պատասխան` 2012թ. սեպտեմբերի 25-ին դատախազությունում ստացվել է «Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության նախագահ Ի. Զարաֆյանի  գրությունը, ըստ որի՝ իր կողմից հնչեցրած հայտարարությունը հիմնավորող նյութերի  չի տիրապետում.

«Մինչդեռ իմ` վերը նշված հայտարարությամբ տարածվել են ոչ կոնկրետ անձին նշանակող տեղեկատվություններ, նրանք չեն վերաբերել որոշակի փաստերի, այլ հանդիսացել են գնահատողական դատողություններ, ինչպես նաեւ չի նվաստացվել ուրիշի  պատիվն ու արժանապատվությունը կամ բարի համբավը»,-մասնավորապես նշված է Ի. Զարաֆյանի  պատասխանում: 

Այս խորագրի վերջին նյութերը