Մեկնաբանություն

22.11.2012 10:56


Սերժ Սարգսյանը կբոյկոտի՞ ընտրությունները

Սերժ Սարգսյանը կբոյկոտի՞ ընտրությունները

Երեկ պառլամենտարիզմի համաշխարհային պատմության մեջ նոր էջ բացվեց։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժը բոյկոտեց քննարկումները՝ դիմելով փախուստի։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն (ՕԵԿ–ն էլ պոչից կպած) բոյկոտեց 4 ուժերի՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ նախաձեռնությամբ հրավիրած ԱԺ արտահերթ նիստը։ Մեծամասնության ջանքերով քվորում չապահովվեց և ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկները քննարկման առարկա չդարձան։

ՀՀԿ–ականներն իրենց բոյկոտը բացատրում էին «Գլխաքանակ ունենք, ինչ ուզենք  կանենք» տարբերակով, բայց դա ավելի շատ «բռնոցի–փախնոցի» խաղն է հիշեցնում։

Քաղաքական բոյկոտն ընդհանրապես խորհրդարանական փոքրամասնության զենքն  է և զարմանալի է, որ ԱԺ հսկիչ փաթեթին տիրապետող ուժն է դիմում այդ զենքի օգնությանը։ Նման բան համաշխարհային պատմության մեջ դժվար է հայտնաբերելը։ ՀՀԿ–ի բոյկոտն առնվազն ցույց է, որ շրջիկ խմբերի և ընտրակաշառքի միջոցով մեծամասնություն ձեռքբերած հանրապետականները ենթագիտակցորեն իրենց փոքրամասնություն են զգում։

Ոչկոալիցիոն ուժերի նախաձեռնության բոյկոտը ցույց է տալիս նաև, որ Բաղրամյան 26–ում ծանր են տանում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի ցանկացած դրսևորում։

Դե եթե «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանն» այդքան նյարդայնացնում է «նախաձեռնողական» իշխանություններին, ապա նրանք կարող են բոյկոտել նաև 2013թ. ընտրական գործընթացները և չմասնակցել դրան, քանզի ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ «Կոնսենսոս մինուս Սերժ Սարգսյան» է լինելու անկախ այն հանգամանքից, թե քանի բեղավոր ու բեղերը մաքրած դրածո կունենա Սերժ Սարգսյանը։

Ներկայումս «քաստինգ» անցնող պոտենցիալ դրածոների անունները հուշում են, որ նրանք չեն ձգում իրենց դերին։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի համար ճիշտը նախագահական ընտրությունները բոյկոտելն է։ Այդպես նա գոնե ֆորմալ առումով չի պարտվի։ Իսկ թեկնածությունը չառաջադրելու համար հազար ու մի պատճառ կարելի է ներկայացնել։ Օրինակ՝ հիվանդությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը