Մեկնաբանություն

23.11.2012 00:05


Իշխանությունը ներկայացրեց իր ծրագիրը

Իշխանությունը ներկայացրեց իր ծրագիրը

Բոյկոտելով խորհրդարանական երեք ու կես խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը՝ Սերժ Սարգսյանը, նախագահական ընտրություններին ընդառաջ, փաստացի ներկայացրեց իր գործողությունների ծրագիրը։

Մերժելով ընտրական գործընթացի բարելավման օրենսդրական փոփոխությունների փաթեթը՝ ՀՀԿ ղեկավարը ցույց տվեց, որ իր հույսը կրկին շրջիկ խմբերն ու բազմակի քվեարկություններն են լինելու՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արտիստիկ հայացքի ներքո, իհարկե։

Ակնհայտ է, որ ընտրողների ձայներն ստանալու ակնկալիք Սերժ Սարգսյանը չունի։ Նրան պետք են «մեռած» քաղաքական միջավայր և «մեռած» հոգիներ։ Նման պայմաններում Վովան ու ընտրակաշառքը հանգիստ կարող են անել իրենց գործը։

Իշխանությանը պետք է նաև «Մեկ է, ոչինչ չի փոխվելու, և պետք է հույսներս դնենք քաղաքացիական հասարակության կայացման վրա» դեմագոգիկ թեզի տարածումը, ինչը կնպաստի ընտրողների պասիվացմանը։

Թե Սերժ Սարգսյանին որքանով կհաջողվի կյանքի կոչել իր ծրագրերը, կախված է յուրաքանչյուրիցս։ Եթե համապատասխան միջավայր ու մթնոլորտ չձևավորվի, ապա անձնագրեր տպելու մեջ մասնագիտացած Վլադիմիր Գասպարյանի «ընտրական ֆեյքերն» ահագին ձայներ կապահովեն գործող նախագահի համար։ Իսկ եթե «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը» առարկայական տեսք ստանա, և ձևավորվի առնվազն միասնական ճակատ, ապա Սերժին չեն օգնի ո՛չ շրջիկ խմբերը, ո՛չ Վովան, ո՛չ էլ ԿԸՀ–ն։

Հասարակական անհրաժեշտ ալիքի առկայության դեպքում իշխանությունը չի կարողանա ոչ միայն քվե կեղծել, այլ նաև ուժ կիրառել, քանզի պետական մեքենան արդեն փլուզված կլինի ներսից։

Ալիքի դեպքում նույն Վլադիմիր Գասպարյանն ուղիներ ման կգա շրջիկ խմբերի վրա հույս դրած Սերժ Սարգսյանից հեռու մնալու և սեփական կաշին փրկելու համար։

Այնպես որ, Սերժի ծրագրերին պետք է հակադրել «անտիսերժ» ծրագիրը և անցնել գործի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը