Կարծիք

19.06.2009 17:01


Անցյալ անկատար (շարունակություն)

Անցյալ անկատար (շարունակություն)

          Սկիզբը տե՛ս...

  3        Հետսովետական անկայունության գոտին

             Նախորդ շարադրանքում հետսովետական տարածքը պայմանականորեն բաժանեցինք երեք գոտու' «հետսովետական արևելք», «հետսովետական արևմուտք» և «անցումային գոտի»: «Արևմտուտքին» բնորոշ է «ժողովրդավարական», իսկ «արևելքին»' «ավտորիտար» կայունությունը: Երրորդ գոտին անցումային է արևելքի և արևմուտքի' կայունացած ավտորիտարզիմի և կայունացած ժողովրդավարության միջև, որով և շարունակական համակարգային անկայունության տարածք է ներկայացնում: Այս գոտու մասին էլ խոսենք մի փոքր ավելի մանրամասն, քանի որ, մեր կարծիքով, Հայաստանը նույնպես դրա մասն է:

            Անցումային գոտու հստակ սահմանները գծելը հեշտ չէ հենց անցումային լինելու պատճառով: Ըստ այդմ' գոտու որոշ մասերն ավելի մոտիկ են թվում «արևելքին», մյուսները' «արևմուտքին», որով սահմանը լղոզվում է: Արդյոք, այդ դեպքում, ընդհանրապես իմաստ ունի՞ նման վերացական և պայմանական բաժանումը: Իմ կարծիքով' այո՛, քանի որ հայաստանյան քաղաքական համակարգը տեղադրելով որոշակի համատեքստի մեջ՝ հնարավորություն է ստեղծվում ավելի խորքային իմաստավորման, հետևաբար' կանխատեսման և ծրագրման համար: Գոտու սահմանման գլխավոր չափանիշ կարող է լինել տվյալ երկրում հասարակության հասունացման աստիճանի և հաստատված կառավարման համակարգի միջև եղած հակասությունը: Այսինքն, եթե հասարակության մի զգալի մասն ընդդիմադիր տրամադրությունների կրող է, և, գիտակցաբար կամ բնազդաբար, ձգտում է ավելի ազատ համակարգի, ինչը, հատկապես համապետական ընտրությունների ընթացքում, արտահայտվում է բողոքի զանգվածային գործողություններով, ապա տվյալ երկիրը կարելի է դասել անցումային գոտու մեջ: Պատմամշակութային տեսանկյունից անցումային գոտու մեջ մտնում են հիմնականում այն երկրները, որոնց վերնախավերի մի մասը պատմականանորեն հակված է եղել «արևմտյան նախագծի» իրականացմանը, ինչը, սակայն, կա՛մ անհաջողությամբ է ավարտվել, կա՛մ ընդհատվել է: Դեպքերի մեծ մասում չափանիշ կարող է լինել նաև այսպես ասած «քաղաքակրթական արժեքային համակարգի» շուրջ ներհասարակական համաձայնության բացակայությունը: Իհարկե, չափանիշների այս ձևակերպումները բավական անկատար են, սակայն բավարար են մեր շարադրանքի համար, քանի որ հաստատվում են նաև ներըմբռման (ինտուիցիայի) մակարդակով:

            Մեկ այլ կարևոր չափանիշ կապված է 1990-2000-ականների քաղաքական զարգացումների համաժամանակյա լինելու հետ: «Հետսովետական արևելքի» երկրներում ԽՍՀՄ փլուզումից հետո իշխանությունում մնաց նախկին սովետական-կոմունիստական քաղաքական վերնախավը (բացի Տաջիկստանից)։ Իսկ «արևմուտքում» 1990-91թթ. ընթացքում իշխանության եկավ հակակոմունիստական քաղաքական վերնախավը, թեև որոշ դեպքերում մի քանի տարի անց տեղը զիջեց նախկին կոմունիստներին (օրինակ՝ Լիտվայում), սակայն դա չհանգեցրեց ռևանշիզմի տարրերի համակարգմանը: Հակառակը' «անցումային գոտու» երկների մեծ մասում ԽՍՀՄ փլուզումն ուղեկցվեց հեղափոխական գործընթացներով, կամ գոնե՝ հասարակական աշխույժ աջակցությամբ, սակայն հետագայում այս կամ այն ձևով իրականություն դարձավ հետսովետական ռևանշիզմը: Դա արտահայտվեց ավտորիտար վարչակարգերի հաստատմամբ. թեև սովետական ամբողջատիրությունը լիարժեք կերպով չվերականգնվեց, սակայն ժողովրդավարական ազատություններն զգալիորեն սահմանափակվեցին: Ռևանշիզմի ալիքի տարածումը և հաստատումն սկսկվեց 90-ականների կեսերից և ավարտուն տեսք ստացավ 2000-ականների սկզբին՝ հիմքում ունենալով որոշակի հասարակական պահանջարկ: Այս չափանիշներին համապատասխան՝ «անցումային գոտու» մեջ հստակ կարելի է ընդգրկել, բացի Հայաստանից, նաև Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան: Ավելի բարդ է Ռուսաստանի և Ադրբեջանի խնդիրը, սակայն որոշ կարևոր վերապահումներով հանդերձ՝ այս երկրները ևս պետք է դասել նույն շարքին: Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական զարգացման հիմնական միտումը 2000-ականների ընթացքում այս երկների համակարգերը առավել մոտեցնելն է հետսովետական արևելքի «կայուն ավտորիտարիզմի» մոդելին: Ավելի մեծ վերապահմամբ և զգուշությամբ, կարելի է ենթադրել, որ Ուկրաինան և Վրաստանը, կարծես, հակառակը' առվել հստակ միտվում են դեպի «արևմտյան գոտի»: Նկատելի է, որ Հայաստանը, այդպիսով, հայտնվում է անկայունության գոտու ամենակենտրոնում՝ որպես դրա ամենատիպիկ ներկայացուցիչ, որի զարգացման միտումը' արևե՞լք, թե՞ արևմուտք, այդպես էլ չի հստակվում: Այս պարագայում Հայաստանը դառնում է անկայունների մեջ ամենաանկայունը:

            Իհարկե, այս բոլոր երկրներն ունեն բազմաթիվ յուրահատկություններ: Ասենք՝ Ռուսաստանը և Ադրբեջանը անկայուն երկրների շարքին դասելը կարող է չափազանցություն թվալ, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր համակարգի խորքային կայունությունը շփոթում են արտաքին հանգստության հետ: Համակարգը կարող է արտաքուստ հանգիստ, բայց ներքուստ լարված լինել, եթե պարունակում է անլուծելի հակասություններ։ Դրանցից է օրինակ, ռուս մտավոր վերնախավի անլուծելի վեճը «զապադնիկների» և «սամոբիտնոստի» կողմնակիցների միջև: Արժեքային հիմնարար սկզբունքների շուրջ նման վեճերի առկայությունը վկայում է համակարգի թաքնված անկայունության մասին:

            Հնարավոր չէ համառոտ ակնարկով անդրադառնալ բոլոր այս երկրների հետսովետական շրջանի զարգացման յուրահատկություններին: Դա կարող է լինել ավելի ակադեմիական հետազոտության նպատակ: Քանի որ մեզ այս թեման հետաքրքրում է ոչ թե ակադեմիական, այլ գործնական հետևությունների տեսանկյունից, ապա անդրադառնանք միայն Հայաստանի քաղաքական զարգացման առանձնահատկություններին՝ ուրվագծված համատեքստի ներքո:

Հրանտ Տեր-Աբրահամյան

(շարունակելի)

Այս խորագրի վերջին նյութերը