Լրահոս

19.06.2009 19:07


Ստյոպա Սաֆարյան. «Սա լավ նախադեպ կլինի բազում այլ բարդ խնդիրներ լուծելու համար»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի ելույթը եւ առաջարկությունները ԱԺ հունիսի 19-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկության վերաբերյալ

Հարգելի ԱԺ նախագահություն, ՀՀ Նախագահի եւ կառավարության ներկայացուցիչներ, գործընկերներ եւ հայրենակիցներ

Մեր երկրի Սահմանադրության համաձայն' համաներումն իրավական ակտ է, որի իրականացումը վերապահված է Հանրապետության նախագահին, ով համանման առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովին, իսկ վերջինս էլ իր ընդունելիք որոշմամբ գործողության ուժ է տալու դրան: Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ համաներում հայտարարած կայսրերը, միապետերը, պետության ղեկավարները համաներել եւ վերացրել են իրենց ախոյաններին, հակառակորդներին մեղսագրվող արարքները: Պատահական չէ, որ հունական ծագումնաբանությամբ «ամնիստիա» եւ «ամնեզիա» բառերն ունեն նույն բառարմատը: Համաներման դեպքում այն նշանակում է ջնջել, մաքրել, հանել վերացնել ինչ-որ մեկին մեղսագրվող արարքը: Ամնեզիայի դեպքում այն նշանակում է մաքրված, ջնջված հիշողություն: Ուստի, բնական է, որ ամնիստիան որպես իրավական կամ գործադիր ակտ ավելին է, քան ներումը: Այն հիրավի ջրբաժան է դառնում  թե համաներողի, եւ թե համաներվողի անցյալի ու ապագայի միջեւ, նրանց հիշողության մեջ ու ապագա գործողություններում նոր ու մաքուր էջ է բացում' անցյալի կրկնությունը երբեւէ թույլ չտալու համար: Հիշողությունը մաքրելը, անցյալի հիշողությունից ձերբազատվելը կամ ներելը մեծ ուժ, լայնախոհություն ու հեռատեսություն է պահանջում մարդուց. խիզախության, բայց ոչ թուլության կամ կոտրվելու նշան է: Եւ եթե գնում ես այդ քայլին, պետք է գնաս մինչեւ վերջ, այդ բառի ամբողջ բովանդակությամբ ու իմաստային ծավալով' առանց մանրացնելու ամեն ինչ, չսպասելով շուտափույթ գնահատանք ու չակնկալելով կատարածդ քայլի բարեբեր պտուղների անմիջական դրսեւորումը. որովհետեւ առաջին հերթին քեզ ես ազատում անցյալի բեռից ու կոնֆլիկտից, իսկ եթե պետության ղեկավար ես' դրանից միաժամանակ ազատում ես նաեւ քո պետությանն ու հասարակությանը, ինքդ ես բացում նոր էջը:

Մայիսի 28-ին' Հանարապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շարադրեց ապագայի իր տեսլականը, որտեղ, ինչպես ինքը ձեւակերպեց' «մենք տեսնում ենք Հայաստանը որպես պաշտպանված ու ապահով երկիր, որպես քաղաքական ազատությունների երկիր» եւ այսպես շարունակ: Եւ ապա հավելեց' «Այս խոսքերն այսօր կարող են երազանքի նման հնչել, բայց չհավատալ եւ քայլեր չձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ, նշանակում է չհավատալ բարու եւ արդարության հաղթանակին, չհավատալ հայ ժողովրդի հավերժությանը»: Ուզում եմ վկայակոչել նմանատիպ բազում այլ մտքեր' «մտածենք, թե մենք ինքներս վաղն ինչ գործերով ենք ներկայանալու հաջորդ սերունդների դատին», կամ «մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջեւ եւ ազգովին լուծել, իսկ դրա համար անրհարժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն: Ցավոք, մենք միշտ չէ, որ դրսեւորում ենք այս որակները», «պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուժողականությունը դիտենք իբրեւ չարիք»: Իսկ վերջաբանում Նախագահը հարց է բարձրացնում ու պատասխանում. «Լա՞վ ենք, արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ' ո'չ, ցավոք ո'չ: Հենց միայն մարտի 1-յան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում: Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը: Ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից: Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»:

Ահա այս գեղեցիկ մտքերից հետո բոլորս սպասում էինք դրանց ոգուն ու տառին ամբողջությամբ համապատասխանող քայլի' ի դեմս Աժ ներկայացված «Համաներում հայտարարելու մասին» առաջարկության: Ավաղ, մի փոքր հիասթափություն ունեցա, երբ հայտնաբերեցի, որ համաներման առաջարկության տեքստը կազմված է Հանրային կոչված խորհրդի անդամներից մեկի' Սոս Սարգսյանի եւ այլոց կողմից հանրությանը ցնցած մի հայտարարության ոգով. այն է' ինչու՞ ենք մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործերով մեղադրվողներին առանձնացնում, նրանք սովորական հանցագործներ են: Չեմ ուզում անդրադառնալ, թե հասարակության կարծիքը ներկայացնելուն կոչված նույն այդ մարմինը ինչու է իր դիրքորոշումներում ցնցում հասարակությանը: Սա առանձին թեմա է եւ անցնեմ առաջ: Եւ ահա, համաներման առաջարկությունում հերթական անգամ թացը խառնվում է չորին, քաղաքական բանտարկյալները' իրապես հանցագործություն կատարած անձանց, բոլորը սանրվում են նույն սանրով: Խոսելու լինենք առաջին, երկրորդ թե վերջին կետերի մասին' համարման պայմանները նույնական են նրանց բոլորի համար: Միգուցե անհամաձայնություն չհայտնեի դրա կապակցությամբ, եթե չլինեին այնպիսի ակնառու փաստեր, ինչի մասին, վստահ եմ, քաջ գիտի Հանրապետության նախագահը:

 Հարգելի գործընկերներ,

Անհերքելի է, որ սույն համաներման դրդապատճառը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, դրանց արյունոտ վերջաբանը դարձած մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են, որոնց արդյունքում զոհվեց 10 անմեղ մարդ, ձերբակալվեցին հարյուրից ավելին, ազատազրկման դատապարտվեցին տասնյակները: Թույլ տվեք վկայակոչել ԵԽԽՎ 3 բանաձեւերից եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի կազմած երկու զեկույցներից հետեւյալ մեջբերումները.

  1. այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեսատական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն (1609),
  2. այն գործերը, որոնք դեռ քննության փուլում են, պետք է փակվեն, կամ արագ կերպով ուղարկվեն դատարան' ապահովելու համար ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը' համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (1620),
  3. այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն բացառությամբ երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը (1620),
  4. ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա' առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների (1620):    

Վերջապես,  ԵԽԽՎ թիվ 1620 բանաձեւով կոչ էր արել.

«Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, որպեսզի դիտարկեն, որպես բարի կամքի արտահայտում, առկա բոլոր իրավական միջոցները, ներառյալ համաներումը, ներման հրամանագրերը կամ մեղադրանքներից հրաժարումը 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված կամ դատարանի կողմից դատավճիռներ արձակած բոլոր անձանց նկատմամբ, բացառությամբ նրանց, ովքեր անձնապես կատարել են բռնություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են նրանց կատարմանը, կամ նրանց, ովքեր կատարել են այլ լուրջ հանցագործություններ' հասարակությունում վստահության ձեւավորման եւ բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսության խթանման նպատակով»:

Ահա թե ինչու եմ համարում, որ առաջարկվող համաներման առաջարկության փիլիսոփայությունը համահունչ չէ ԵԽԽՎ-ի բանաձեւերով մեր ստանձնած պարտավորություններին: Այդ պարտավորությունները, որոնց իրականացումը առաջին հերթին մեր հասարակության ցանկությունն ու պահանջն է, շատ հստակ չափանիշներ են առաջադրում.

Անազատության մեջ գտնվող մեր 3 գործընկերները' Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը վստահաբար, նաեւ այսօր քաղբանտարկյալ համարվող անձինք, նման լուրջ հանցագործություններ չեն կատարել, ոչ մի դատարան չի ապացուցել, որ նրանք են 10 սպանությունների անմիջական կատարողը, դրանց հրաման արձակողները: Ինչու պետք է համաներումը տարածվի 225 հոդվածով մեղադրվող մի անձի վրա այն բանի համար, որ անարդար նախաքննության ու դատաքննության արդյունքում նա դատապարտվել է մինչեւ 5 տարի ազատազրկման, մյուսը' ոչ: Այս համաներման ժամանակ մի բան, որը պետք է քիչ հաշվի առնվի եւ այն էլ' հատկապես 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների, մարտի 1-2-ի դեպքերի կապացությամբ մեղադրվող անձանց պարագայում, դա դատավճիռներն են, իրականացված նախաքննությունը, որոնք ոչ ոքի արժանահավատություն չեն ներշնչում' միջազգային հանրությունից մինչեւ ՀՀ քաղաքացիներ:  Վկան Թոմմաս Համմերբեգի կազմած զեկույցներն են, լուսաբանվող խայտառակ դատավարությունները, որոնցից մի մասին մենք էլ ենք ներկա գտնվել: Հետեւաբար, որն է ելքը եւ իմ առաջարկությունը.

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի հարգարժան նախագահը կարծիք հայտնեց, որ պետք չէ ԵԽԽՎ բանաձեւով մեր ստանձնած պարտավորությունների կատարումը կապենք ներքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված այս քայլի' համաներման ընդգրկունության հետ: Ես կհորդորեմ հենց սկսել այս պահից եւ համաներման ընդգրկունության մեծացման ու մեր պարտավորությունների լիակատար կատարման միջոցով ապացուցենք, որ արտաքին քաղաքականությունը բխում եւ ածանցված է ներքին քայլերից, որ արտաքին քաղաքականության հիմնասյունը ներքին խնդիրների այնպիսի լուծումներն են, որոնք արտաքին թատերաբեմում խնդիրներ չեն հարուցի Հայաստանի համար: Սա լավ նախադեպ կլինի բազում այլ բարդ խնդիրներ լուծելու համար' մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ  ու ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորում, որը հենվում է ներքին հասարակական-քաղաքական կոնսենսուսի, համախմբման ու առկա խնդիրների արդյունավետ լուծման վրա:

ՀՀ նախագահի հարգելի ներկայացուցիչ, վերոնշյալից ելնելով

1.      Առաջարկում եմ, որպեսզի համաներման առաջարկության մեջ 2-րդ կետի զ) ենթակետը դարձվի առանձին' 3-րդ կետ կետ, նրան միավորել նախագահական ընտրությունների քարոզարշավի, քվեարկության ու բողոքարկման փուլերում ձերբակալված, մեղադրվող, դատապարտված եւ/կամ հետախուզվող ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը եւ համաներում կիրառել նրանց առաջադրված բոլոր հոդվածներով: Հիշեցնեմ, որ հետախուզման մեջ գտնվողներից են Խաչատուր Սուքիասյանը (225.1), Նիկոլ Փաշինյանը (225.1), Վիրաբ Մանուկյանը (225.1), Համլետ Հովհաննիսյանը (225.1), Սեվակ Ստեփանյանը (225.2):   

2.      8-րդ կետի է) ենթակետի հետ հակասությունները բացառելու նպատակով այդ ենթակետի ներքո թվարկված համապատասխան հոդվածի հիշատակումից անմիջապես հետո, եթե այն առնչվում է 3-րդ խմբին պատկանող գործերով անցնող մարդկանց, փակագծերում (օրինակ 316-րդ հոդվածի 2-րդ մաս) ավելացնել' □բացառությամբ  3-րդ կետում հիշատակված դեպքերի□ ձեւակերպումը, եւ այդպես շարունակ: Նույն տրամաբանությամբ 225 հոդվածով համաներում կիրառելի դարձնել նաեւ Սասուն Միքայելյանի նկատմամբ' հղում կատարելով 3-րդ խմբին եւ միաժամանակ այլ գործերի պարագայում չխախտելով ը) ենթակետը, որով համաներումը չի տարածվում մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում:

3.      ավելացված 3 կետում ա) ենթակետ ավելացնել այն բովանդակությամբ, որ անհապաղ եւ անմիջապես կարճվեն այդ խմբի մեջ մտնող բոլոր անձանց նկատմամբ հարուցված բոլոր գործերը, որոնք դեռեւս դատաքննության փուլ չեն հասել, կամ որոնց վերաբերյալ դեռեւս դատավճիռներ չեն արձակվել եւ այս կետի պարագայում բացառել համաներման առաջարկության 8-րդ կետի դ) ենթակետի այն պայմանականությունը, որ նրանք մինչեւ հուլիսի 31-ը պետք է ներկայանան դատարան կամ քննչական մարմիններին, ապա սպասելը, թե նրանք որ հոդվածով եւ ինչ պատժաչափով կդատապարտվեն ու ըստ այդմ օգտվեն կամ չօգտվեն համաներվելու հնարավորությունից:

4.       ավելացված 3-րդ կետում բ) ենթակետ, որտեղ վերը հիշատակված տրամաբանությամբ այս խմբին պատկանող անձանց պարագայում բացառվի 8-րդ կետի զ) ենթակետի պայմանականությունը այսինքն' այդպիսիք կօգտվեն համաներվելու հնարավորությունից, եթե վերականգնեն տուժողին հասցված նյութական վնասը:

5.      Ըստ հերթականության աճման կարգով փոխել մյուս կետերի համարակալումը 1-ով:

Սա է իմ պատկերացրած արդյունավետ, միավորող, համախմբող համաներումը: Այլապես մենք կունենանք միասնություն' հանած Սասուն Միքայելյան, Խաչատուր Սուքիասյան, Մուշեղ Սաղաթելյան, Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Սափեյաններ ընտանիք եւ այլոք: Թող ներող լինեն նրանք, ում անունը չհիշատակեցի:      

Այս խորագրի վերջին նյութերը