Մեկնաբանություն

19.01.2013 15:11


Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության», սեպի և սեպ խրողների մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության», սեպի և սեպ խրողների մասին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին պաշտպանության նախարարությունում ելույթ էր ունեցել՝ հիմնականում անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, Ղարաբաղի հարցին ու Հայաստան–Սփյուռք հարաբերություններին։

Ելույթից տպավորությունն այնպիսին էր, որ գործ ունենք ոչ թե «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր, հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը համառորեն հետ չվերցնող և Ղարաբաղի անվտանգության գոտին (Սերժ Սարգսյանն այսպես էր անվանել ազատագրված տարածքները սիրիական «Ալ վաթան» թերթին տված հարցազրույցում) Ադրբեջանին հանձնելու պատրատակամություն հայտնող մեկի, այլ լրիվ ուրիշ մարդու հետ։

«Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի հզորացման գրավականը մեր հավաքական ուժի մեջ է, որը կոփված է հայի դարավոր պատմական փորձով: Հենց դրա գիտակցումով էր, որ բանակցային ողջ ընթացքում Թուրքիան փորձում էր կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու հայաստանցիները մի բան են ուզում, իսկ աշխարհասփյուռ հայությունը՝ այլ բան: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն իր երկրի թշնամի է համարում աշխարհասփյուռ հայությանը»,– մասնավորապես նշել է Սերժ Սարգսյանը։

Նկատենք, որ ՀՀԿ ղեկավարը ճիշտ բաներ է ասում, բայց չի ասում ամբողջ ճշմարտությունը՝ «մոռանալով», թե ինչ է տեղի ունեցել ոչ վաղ անցյալում։ Բանն այն է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանն էին լուրեր տարածում այն մասին, որ հայաստանցիներն ու սփյուռքահայերը տարբեր բաներ են ուզում, այլ նաև Բաղրամյան 26–ի քարոզչամեքենան էր ձայնակցում թուրքերին ու ադրբեջանցիներին՝ մատուցելով այն միտքը, թե Հայաստանի և Սփյուռքի շահերը տարբեր են։

Իշխանական լրատվամիջոցները նողկալի քաղաքականություն էին վարում՝ եթերը լցնելով պրոթուրքական քարոզով։ Հեռուստաընկերություններին նույնիսկ արգելված էր հակաթուրքական որևէ նյութ տեղադրելը։ Եվ դա արվում էր այն ժամանակ, երբ «նախաձեռնողականության» առաջին իսկ օրվանից պաշտոնական Անկարան հայտարարում էր, թե մինչև հայերը միակողմանի զիջման չգնան Ղարաբաղի հարցում, ոչ մի խոսք չի կարող լինել սահմանը բացելու մասին։

Հիմա, փաստորեն, իշխանությունները հերթական անգամ «հայրենասիրությամբ» են զբաղվում և դիմում պոպուլիզմի։

Ցավալին այն է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներն իրենց հիմարության ու ագահության պատճառով դարձան Ալիևն ու Էրդողանը, ովքեր Հայաստանից պահանջում էին ամբողջը և միանգամից, իսկ Սարգսյանը «դիմադրում» էր ու հայտարարում, որ պատրաստ է զիջել մասը, որի իրականացման դեպքում Բաքուն ու Անկարան կստանային իրենց ուզած ամբողջը, բայց էշություն արեցին ու շանս տցվեցին Սարգսյանին հետ քաշվելու և «հայրենասիրություն» խաղալու։ Այդպիսով՝ Հայաստանը փրկվեց «նախաձեռնողականության» բերած վտանգներից։

Սա՛ է իրականությունը, իսկ ճառերը ոչինչ են, մանավանդ երբ դրանք արտասանվում են խոսքի արժեքը զրո գնահատող մարդու կողմից։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը սեպ խրեց ոչ միայն Հայաստանի հասարակության մեծ մասի և իշխանության, այլ նաև Հայաստանի իշխանության և սփյուռքահայության ճնշող մեծամասնության միջև։ Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանի՝ «ֆուտբոլային» թեմայով սփյուռքյան շրջագայությունը խայտառակ արդյունք արձանագրեց իշխանության համար։ Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ–ում և այլուր Սարգսյանը շատ «ջերմ» ընդունելության արժանացավ և ստիպված էր այդ երկրների ոստիկանության միջոցով պաշտպանվել հայերից։

Կից ներկայացված տեսանյութերը կհիշեցնեն այն օրերի մթնոլորտի մասին և այն մասին, թե ովքեր էին սեպ խրում հայության տարբեր հատվածների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը