Մեկնաբանություն

22.01.2013 12:41


Չե՛մ հավատում

Չե՛մ հավատում

«Ընտրությունների» քարոզչական հատվածը մեկնարկել է։ Սերժ Սարգսյանն ու իր «ֆեյքերը» սկսել են խաղը։

Շատ խորհրդանշական էր Սերժ Սարգսյանի նախընտրական առաջին այցը Երևանի Ավան համայնք, որտեղ ՀՀԿ գաղափարական հատվածի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցներն ամիսներ առաջ սպանել էին հայ սպա Վահե Ավետյանին, և որտեղ վերջերս ՀՀԿ գաղափարական թևի մեկ այլ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանն իր «չխոսկան» աներորդուն դարձրել էր պատգամավոր։

Նկատենք, որ քաղաքական դաշտում ՀՀԿ ղեկավարն արել է և՛ Հայրապետյանի, և՛ Մարգարյանի արածները։ Նա սպանել է ընտրական համակարգը և Տարոնի աներորդու պես կդառնա «ազգընտիր»։

Ինչ վերաբերում է թատրոնի մյուս մասնակիցներին կամ Սերժ Սարգսյանից «վաստակավոր մրցակիցներ» կոչումը ստացածներին, ապա նրանց մոտ գլուխգովանության ու ինքնահավանության առումով դաժան մրցակցությունը նոր թափ է հավաքում։

Հրանտ Բագրատյանը, օրինակ, Արտաշատում 10 հոգու մասնակցությամբ հուժկու հանրահավաք էր կազմակերպել ու տեղացիներին համեստորեն ներկայանում էր որպես տնտեսագիտական մտքի հանճար։

Պարույր Հայրիկյանը դեռ հունի մեջ չի մտել, բայց առանց դրա էլ բոլորս գիտենք, որ Հայկ Նահապետից հետո Պարույր Հայրիկյանն է և վերջ։

Դե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնագովեստի համար դիմել է տնեցիների օգնությանը։ Նրա ծնողները, կինն ու զավակները հեռուստաէկրանից մեզ պատմում են, թե ինչպիսի մեծություն է Րաֆֆին։ Փաստորեն, Րաֆֆին, ի տարբերություն իր հիմնական մրցակիցների, ոչ թե ինքն է իրեն գովում, այլ տնեցիներին է իրեն գովել տալիս, ինչը, թերևս, նոր՝ «արևմտյան» տեխնոլոգիա է։ Մեկ բան ակնհայտ է.  պաթոլոգիկ ինքնասիրահարվածության և նեոգեղամյանության առումով Րաֆֆին չի զիջում, իսկ երբեմն գերազանցում է Պարույրին ու Հրանտին։

Թե ինչով կավարտվի Սերժ Սարգսյանի «ֆեյքերի»՝ Րաֆֆիի, Պարույրի ու Հրանտի մրցապայքարը, ցույց կտա ԿԸՀ–ն։ Իսկ առայժմ պետք է հետևել թատրոնին ու տեսնել, թե ուրիշ էլ ինչի են ընդունակ հասուն տարիքի տղամարդիկ հանուն ինչ–ինչ փոխհատուցման դիմաց Սերժ Սարգսյանի համար մրցակցային ֆոն ապահովելու։ Բայց որքան էլ նրանք լուրջ դեմքով «ընտրություն–ընտրություն» խաղան, միևնույն է, «ֆալշը» թաքցնել հնարավոր չէ։ Ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չե՛մ հավատում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը