Լրահոս

20.06.2009 16:59


Իրավագետ Հրայր Թովմասյանը համաներում հայտարարելու օրը պայմանավորում է քաղաքական գործոններով

Իրավագետ Հրայր Թովմասյանը համաներում հայտարարելու օրը պայմանավորում է քաղաքական գործոններով

-Եթե մի պահ կտրվենք մեր իրականությունից և վերցնենք համաներման տեքստը, ապա իրավական առումով գրեթե անթերի տեքստ է,- «7օր»-ին ասել է իրավագետ Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ-ի հաստատած առաջարկը։

Հ. Թովմասյանը, սակայն, հատկապես տարօրինակ է համարում, որ համաներումը պետք է տարածվի նաև ընտրական իրավունքի դեմ ոտնձգություն կատարած անձանց վրա, և սա այն դեպքում, երբ նրանք ընդամենը վերջերս են ազատազրկվել։

Իրավագետի կարծիքով՝ այս համաներումը հատկապես 2 առանձնահատկություն ունի.

-Առաջինը, որ հանրապետության նախագահը, մինչև համաներման առաջարկություն կատարելը, բավական լայն քննարկումներ նախաձեռնեց քաղաքական, հասարակական կազմակերպությունների հետ, ինչը դրական է։ Իսկ բացասականն այն է, որ համաներման տակ ընկնելու է մոտ 2000 մարդ, բայց հասարակական ընկալման մեջ պարզ էր, որ հիմնական թիրախը մարտիմեկյան իրադարձություններն էին։ Պետք է նայել այն տեսանկյունից, թե որքանով համաներումը կհանգուցալուծի մարտիմեկյան կամ հետընտրական իրադարձությունների հետևանքով ծնված կոնֆլիկտը։ Կարծում եմ, որ այդ հանգուցալուծումը չի լինի, որովհետև, միգուցե, այն բավականին ուշացած էր։ Նաև՝ այդ իրադարձությունների համար մեղադրվողներն իրենց մեղավոր չեն ճանաչում։ Շատ դեպքերում դրա օբյեկտիվ հիմքերը կան։ Բավական է հետևել դատավարություններին, և նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այնպես չէ։

Առանձնահատկություններից մեկն էլ Հ. Թովմասյանը համարում է համաներում հայտարարելու օրը, քանի որ այն, սովորաբար, նշանավոր կամ տոն օրերի կապակցությամբ է լինում.

-Թեպետև դրա մասին չենք բարձրաձայնում, բայց սա կապված է որոշակի իրադարձությունների հետ։ Իհարկե, կարելի էր սպասել և, օրինակ, հուլիսի 5-ին անել՝ Սահմանադրության ընդունման օրվա հետ կապված։ Բայց այստեղ որոշակի քաղաքական ասպեկտները դեր են կատարել, որովհետև հունիսի 22-23-ին քննարկվելու է Հայաստանի հարցը Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովում և, իմ կարծիքով, մի փոքր արագ անելը պայմանավորված է հենց դրանով։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը