Լրահոս

23.11.2010 14:11


Ուրանի ծրագրի առնչությամբ կառավարության դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվելու

Այսօր հրավիրված ասուլիսում «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը հայտնել է, որ վերջին մեկ տարում մի շարք քայլեր են իրականացվել, որպեսզի կանխվի ուրանի շահագործման ծրագիրը։ Վերջին քայլը հանրահավաքն էր Կապան քաղաքում։ Նաև վերջերս ստորագրահավաք է անցկացվել, որին մասնակցել է 11 000 մարդ. նրանց 99,9%-ը դեմ է ուրանի ծրագրի իրականացմանը։

-2009թ. օգօստոսի 4-ին Կապանի օրենսկենտրոնում այսպես ասված հասարակական լսումներ անցկացվեցին այդ ծրագրի վերաբերյալ, բայց հասարակությունը չէր տեղեկացվել դրա մասին։ Ես անձամբ ներկա էի այդ լսումներին. զարմանալի էր, որ ներկաների 60-70%-ը չինովնիկներ էին։ Առաջին անգամ եմ այդպիսի բան տեսնում, որ մի տեղ, որտեղ հասարակական լսում է անցկացվում, կամ քննարկվում են ինչ-որ բնապահպանական հարցեր, 60-70%-ը չինովնիկ լինի։ Այսինքն դա ասում է նրա մասին, որ նրանց պետք էր քանակ ապահովել, ոչ թե լսում անցկացնել։ Եվ երբ մենք ձեռքի տակ ունեցանք այդ լսման արձանագրությունները, պարզվեց, որ դրանք կեղծվել են և չեն համապատասխանում իրականությանը։ Մենք, Լեռնաձորի գյուղապետը, համայնքապետը, և ովքեր որ կարողացել էին նեկա լինել, մեր դժգոհությունն ենք հայտնել  դրա վերաբերյալ։ Բոլորը դժգոհ էին, գոհ էին միայն ներկա գտնվող չինովնիկները,-նշել է Արթուր Ղազարյանը։

Նա նաև ավելացրել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստվում է կոլեկտիվ դատական հայց ներկայացնել՝ այդ հարցի շուրջ կառավարության բոլոր որոշումները չեղյալ հայտարարելու նպատակով։ Տասը տարբեր հասարակական կազմակերպություններ այդ հայցադրմանը մասնակցելու նպատակով արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Ամենայն հավանականությամբ, հայցը կներկայացվի 2011թ., քանի որ հիմա դեռ որոշակի ճշգրտումներ են արվում։

Այս խորագրի վերջին նյութերը