Լրահոս

20.01.2011 14:59


Ցուցարարներ. «Քաղաքում կշատանան հանցագործությունները, աղբարկղերից հաց հավաքողների թիվը կտրուկ կավելանա»

Ցուցարարներ. «Քաղաքում կշատանան հանցագործությունները, աղբարկղերից հաց հավաքողների թիվը կտրուկ կավելանա»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքվել են անհատ ձեռներեցներ, փողոցային առևտրով զբաղվող մարդիկ, ովքեր բողոքում են փողոցային առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշման դեմ։ Արդեն 3-րդ օրն է՝ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն են իրականացնում։ Նրանք նշում են, որ չէր կարելի հազարավոր մարդկանց զրկել մի կտոր հաց վաստակելու իրավունքից։

-Այդպես չէր կարելի վարվել։ Թող նախ աշխատատեղեր ստեղծեին, այլընտրանքային աշխատանք առաջարկեին կամ մեկ ուրիշ տարբերակ, հետո նոր նման որոշում կայացնեին։ Ի՞նչ է, խիղճ չունե՞ն, ի՞նչ է, իրենք երեխաներ չունե՞ն, չե՞ն հասկանում, որ չի կարելի այսքան ժողովուրդ հացի կարոտ թողնել։ Ի՞նչ պետք է լինի մեր հալը։ Ի՞նչ է, ուզում եք «բո՞մժ» դառնանք։ Գիտե՞ք այս որոշման իրագործման հետևանքով ինչ կլինի՝ քաղաքում կշատանան հանցագործությունները, աղբարկղերից հաց հավաքողների թիվը կտրուկ կավելանա,-հայտարարում էին ցուցարարները։

Ցուցարարները բողոքում էին, թե վերջին շրջանում փողոցային առևտրի արգելքի անվան տակ գալիս և կոտրում են իրենց տաղավարները, ինչպես նաև առգրավում են ապրանքը՝ ասելով, թե տանում են ծերանոց։

-Ես միրգ  եմ վաճառում, և իմ ապրանքն ամբողջությամբ առգրավեցին։ Հետո, իհարկե, մի մասը վերադարձրեցին, բայց անքան ուշ, որ մի մասն արդեն փչացել էր, պիտանի չէր, այնպես որ անգամ իր գինը չկարողացա հանել,-բողքում էր ցուցարար Նարինե Վարդանյանը։

Բողոքի գործողության մասնակիցները  նաև նշում էին, որ իրենք չեն կարողանում իրենց առևտուրը տեղափոխել շուկաներ, քանի որ այնտեղ սանիտարահիգիենիկ պայմաններ չկան, և տաղավարների գներն էլ շատ բարձր են։

-Մենք ոչ մի բան ձեզնից, իշխանություններից չեք ուզում, մենք ոչ մի նպաստ չենք ուզում։ Միայն թե թողեք մեզ մի կտոր սև հացը վաստակենք ու տանք մեր երեխեքին,-աղաղակում էր մի ցուցարար կին, ով պնդում էր, թե ինքը տարիներ շարունակ այդ միջոցով է կարողացել ընտանիք պահել։

Ցուցարարները նշում էին, թե իրենց կարծիքով՝ այս ամենի նպատակն այն է, որ սուպերմարկետների առևտուրն ավելի լավանա, քանի որ եթե դրսում հնարավոր չլինի որևէ ապրանք ձեռք բրել, մարդիկ ուզեն թե չուզեն պետք է մտնեն սուպերմարկետներ։

-ՀԴՄ-ները, օրինակ։ Հարկեր մուծելով աշխատում էինք, էլի, ինչի՞ են ուզում մեր երեխեքի բերանից հացը կտրեն,-սրտնեղած բողոքում էին անհատ ձեռներեցներն ու փողոցային առևտրով զբաղվող մարդիկ։

Նշենք, որ ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր քաղաքապետը չի արձագանքել իրենց հետ հանդիպելու բողոքողների պահանջին, այլ ոստիկանության աշախատակիցների օգնությամբ պատնեշ է ստեղծել քաղաքապետարանի և ցուցարարների միջև։

Ընդգծենք, որ ցուցարարները սպառնում էին, թե եթե այսօր իրենց հարցերին պատասխան չտրվի, վաղն արդեն ուղիղ նախագահական նստավայր են գնալու ու պայքարելու են մինչև վերջ։

-Եթե քաղաքապետը իրեն մեզնից վեր է դասում ու չի գալիս մեզ հետ հանդիպման, ապա մենք էլ իրեն ենք արհամարհելու ու շարունակելու ենք աշխատել, դե թող փորձեն գան ու կոտրեն,-ասում էին ցուցարարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը