Տնտեսական

20.03.2013 16:48


700 հազ. գործարքից կասկածելի է որակված ընդամենը 1 հազ.–ը

700 հազ. գործարքից կասկածելի է որակված ընդամենը 1 հազ.–ը

«Մենք այս պահին մեր տվյալների շտեմարանում ունենք 700 հազ.ր գործարքների վերաբերյալ տվյալներ: Դրանցից կասկածելի են որակված ընդամենը մեկ հազարը: Ունենք ավարտված 16 դատական վճիռ, որով բռնագրավվել է 800 մլն դրամ: Այդ գումարից 500 մլն դրամը վերադարձվել է տուժողներին»,- «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով փողերի լվացման դեմ պայքարի առկա արդյունքները:

Կառավարության կողմից ԱԺ-ի քննարկմանը նոր խմբագրությամբ ներկայացված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և կից ներկայացվող 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու կապակցությամբ մտահոգություն են հայտնեցին որոշ պատգամավորներ, նաև հարակից զեկուցող` ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ թեև օրինագծով ամրագրված են գործարքները կասկածելի որակելու չափանիշներ, սակայն մյուս կողմից կիսում է այն մտահոգությունը, որ որոշում կայացնող մարմնի, նաև հաշվետվություն տրամադրող անձի համար չպետք է թողնվի կամայական մեկնաբանության տեղ:

Ի դեպ` մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հորդորեցին հիմնական զեկուցող` ԿԲ նախագահին, օրենսդրական փաթեթից հանել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ որևէ առնչություն չունեցող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը և առանձին դրույթները: Կ.Նահապետյանն ընդգծեց նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ փաթեթում ներառվում են այնպիսի նախագծեր, որոնք ընդհանրություն չունեն հիմնական օրենքի նախագծի հետ: «Կոչ կանեմ կառավարությանը, որպեսզի այսուհետ այս հարցում հատուկ հետևողականություն դրսևորի, և մենք իսկապես չունենանք այն իրավիճակը, որ ունենք կոնկրետ այս օրենսդրական փաթեթի հետ կապված»,-ասել է նա:

Օրենսդրական փաթեթի քվեարկությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ԱԺ-ի մարտի 21- նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը