Մեկնաբանություն

04.04.2013 00:52


Արմեն Աշոտյանն այլևս չի՞ ուզում ստրուկ լինել (տեսանյութ)

Արմեն Աշոտյանն այլևս չի՞ ուզում ստրուկ լինել (տեսանյութ)

Արմեն Աշոտյանը փորձում է PR անել Երևանի ավագու ՀՀԿ–ական ցուցակի օգտին և հակա–PR` ԲՀԿ–ի դեմ, բայց ստացվում է ինչպես միշտ, այսինքն՝ վատ։

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կարմիր «շորտիկը» հագին ավազների վրա վազվզող և իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ–ի անդամ հանդիսացող Աշոտյանն այժմ ուզում է ԲՀԿ–ին կամ Վարդան Օսկանյանին «կպնել» այնպիսի ձևակերպումներով, որոնք պարզապես անհարմար վիճակի մեջ են դնում թե՛ Աշոտյանին, թե՛ իր այսօրվա շեֆին՝ Սերժ Սարգսյանին։

«Երևանը ՊԼԱՑԴԱՐՄ չէ, որ օգտագործեք 2017-2018թթ. ընտրական ցիկլին Հայաստանում ստրկատիրական կամ ֆեոդալական կարգեր վերահաստատելու համար»,–գրում է Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառման վերնագիր ընտրելով ԲՀԿ–ի կարգախոսի մի փոքր վերափոխված տարբերակը։

Աշոտյանի գրածի տողատակը հետևյալն է.

ա. ԲՀԿ–ն ուզում է Երևանում իշխանությունը վերցնել, որպեսզի հետագայում կարողանա ամբողջական իշխանափոխություն անել,

բ. քանի որ ԲՀԿ–ն դա անում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում արձանագրված ստրկատիրական կամ ֆեոդալական կարգերը վերահաստատելու համար, ուստի հարա՜յ, հասե՜ք։

Թե որքանով է Աշոտյանի մտահոգությունները ստրկատիրական կարգերի վերահաստատման մասով համապատասխանում իրականությանը, թողնենք ընթերցողի դատին, իսկ նրա հոգեվիճակը՝ համապատասխան մասնագետների ուսումնասիրությանը։

Տվյալ պահին արժե այլ բանի վրա ուշադրություն դարձնել։

Փաստորեն, Աշոտյանը կարծում է, որ Քոչարյանի կառավարման շրջանում Հայաստանում ստրկատիրական կամ ֆեոդալական կարգեր են եղել, և նա, որպես սուպերժողովրդավար Սերժի կաբինետի անդամ, չի ուզում, որ դրանք վերահաստատվեն ԲՀԿ–ի միջոցով։

Ստրկատիրական կարգերի մասով Աշոտյանին հերքելու կամ հաստատելու խնդիր չունենք։ Մեզ այլ հարց է հետաքրքրում. եթե Քոչարյանի օրոք Հայաստանում ստրկատիրական կարգեր են եղել, ապա ի՞նչ կարգավիճակ է ունեցել այդ ժամանակ Աշոտյանը՝ ստրուկի՞, ստրկատիրո՞ջ, թե՞ ստրկատերերին զվարճացնողի։

Հետաքրքիր կլիներ նաև իմանալ, թե այդ ժամանակահատվածում ի՞նչ կարգավիճակ է ունեցել Աշոտյանի այսօրվա շեֆը՝ Սերժ Սարգսյանը։

Եթե չենք սխալվում, ՀՀԿ ներկայիս ղեկավարը Քոչարյանի նախագահության շրջանում հանրապետության դե ֆակտո երկրորդ մարդն էր և դե յուրե Պաշտպանության նախարարը, իսկ ՀՀԿ–ն, որը հոկտեմբերի 27–ի առնչությամբ պահանջում էր Սերժի հրաժարականը, Քոչարյանի քաղաքական հենարաններից մեկն էր։ Սարգսյանն ու Աշոտյանն այն օրերին որևէ կերպ ցույց չեն տվել, թե դժգոհ են իրավիճակից և իրենց զգում են ստրկացած վիճակում։

Անգամ շշուկների մակարդակով խոսակցություններ չեն եղել այն մասին, որ Աշոտյանն ու իր այսօրվա շեֆը գիշերը քնելիս թաքուն արտասվել են ու սպասել, թե երբ պետք է ավարտվեն ստրկատիրական կարգերը, որպեսզի առաջինը դառնա նախարար, իսկ երկրորդը՝ մարտի 1–ի շնորհիվ՝ նախագահ։

«Բազե» հավաքների ժամանակ առավոտյան Աշոտյանին տեսնողները չեն նկատել, որ նրա աչքերն ուռած են եղել լացի հետևանքով։ Արմենն անգամ մտերիմների շրջանում չի բողոքել ստրկատիրական կարգերի դեմ, այլ անսահմանորեն քծնել է «ստրկատերերին»։ Հետևաբար՝ բաց է մնում այն հարցը, թե ինչու է Աշոտյանը բողոքում մի շրջանից, երբ ինքը «շորտիկը» հագին ազատորեն թռչկոտելու հնարավորություն է ունեցել։  

Երբ իշխանական համակարգից դուրս եղած մարդիկ ենք քննադատում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը, ապա այստեղ ասելու բան չկա։ Անշու՛շտ, Քոչարյանը բազում սխալներ է թույլ տրվել, այդ թվում՝ ստրուկի հոգեվիճակով «բազեների» բուծումը, բայց երբ քոչարյանական ժամանակաշրջանից դժգոհում է ՀՀԿ–ի անդամը, ապա ամեն ինչ վերածվում է զավեշտի։

Այնպես որ ,Աշոտյանը լավ կանի սկզբում մտածի, հետո նոր անցնի գործի։

Ի դեպ, նախարարությունը ՄՈՆԻՏՈՐ չէ, այլ աշխատող ու խնամող ձեռքի կարիք ունեցող պետական մարմին։ Թե չէ ամպագոռգոռ ստատուսներ գրողներ որքան ասես կան «Ֆեյսբուքում»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը