Մեկնաբանություն

09.04.2013 18:25


Տրագիկոմեդիա երկու գործողությամբ (տեսանյութ)

Տրագիկոմեդիա երկու գործողությամբ (տեսանյութ)

Եվ այսպես, Հայաստանում երդման երկու արարողություն տեղի ունեցավ։ Մարզահամերգային համալիրում, ձեռքը Վեհամոր Ավետարանի ու ՀՀ սահմանադրության վրա դնելով, նախագահության երկրորդ ժամկետին գնաց Սերժ Սարգսյանը, իսկ Ազատության հրապարակում, մի ձեռքը օդում անկանոն թափահարելով, «Նոր Հայաստանի» մարազմատիկ երդումը կազմակերպեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այդ ամենը տեղի էր ունենում գրեթե միաժամանակ։

Րաֆֆին այնպես էր կազմակերպել ֆարսը, որ Սերժն այդ ամենի ֆոնին լեգիտիմ դառնա ու անգամ մոլի հակասերժականները հասկանան, որ Սերժ–Րաֆֆի երկընտրանքում պետք է նախապատվությունը տալ «ազատամարտի ռահվիրային», այլ ոչ թե Աղի հանքի պոտենցիալ հաճախորդ Րաֆֆիին։ Ասել է թե՝ Րաֆֆին անուղղակիորեն ճանաչեց Սերժի լեգիտիմությունը։ Նա այնպես էր պայքարում «Րաֆֆի, նախագա՛հ» կոչողների դեմ, որ Սերժին դրանից ավել բան պետք չէր։

ՄՀՀ–ում հնչում էին ծափահարություններ, բայց մթնոլորտը գաղջ էր։ Ազատության հրապարակում մթնոլորտը գաղջ չէր, բայց այն գաղջացրեց օրվա հերոսը՝ Րաֆֆին՝ իր անիմաստ բառակույտով, չկապակցված նախադասություններով և հոգեկան հիվանդներին ներհատուկ պահվածքով։

Կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ միանգամից երկու կեղծիք։ Մեկը երդվում էր ԿԸՀ–ի «խփած» տոկոսները հիմք ընդունելով, իսկ մյուսը՝ կեղծիքի մասնակից էր դարձնում հավաքվածներին և փորձում հաճախորդությանը տալ «կրոնական» տեսք։ Րաֆֆին տեղի–անտեղի այնքան տվեց Աստծո անունը, որ և՛ այս, և՛ անդրշիրիմյան կյանքում հաստատ կհայտնվի դժոխքում։

Այս նախագահական ընտրությունների ամենագլխավոր առանձնահատկությունն այն էր, որ կեղծիքով էին զբաղված ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմադիր ներկայացող հիմնական թեկնածուները։ Բայց եթե իշխանությունից այլ բան չէր էլ սպասվում, ապա մեր հանրության դյուրահավատ հատվածի համար Րաֆֆին ու Սերժի մյուս «վաստակավոր միցակիցները» դեռ ինչ որ հույսի աղբյուր էին։

Փաստորեն, ապրիլի 9–ը դարձավ ջրբաժանի օր։ Մի կողմում Սերժ Սարգսյանն ու ՕԵԿ–ացման պատրաստ Րաֆֆին և իր թիմն են, իսկ մյուս կողմում՝ այս խեղկատակությանը չմասնակցած քաղաքական ուժերն ու բովանդակ հայությունը։

Հիմա միայն քաղաքական անմեղսունակները կարող են հավատալ, թե Րաֆֆիով ինչ որ բան հնարավոր է։ Կեղծիքն, ի դեպ, սկսվել էր հենց այդ կարգախոսից՝ «Հնարավոր է»։ Այդ կարգախոսի միջոցով Րաֆֆին նախընտրական փուլում մրցակցային ֆոն էր ապահովում Սերժի համար, իսկ հետընտրական փուլում փորձեց հա՛մ Սերժի առաջարկած բոլոր տարբերակներով շարժվել, հա՛մ «զորավարին» քծնել, հա՛մ իշխանության «ողջախոհ» երիտթևին ծառայել, հա՛մ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի համար «դհոլի» ֆունկցիա կատարել, հա՛մ արժեզրկել քաղաքական խոսքը, հա՛մ հաճախորդության մասնակից դարձնել հրապարակում հավաքվածներին, հա՛մ պաշտոն մուրալ, հա՛մ պղծել քրիստոնեկան արժեքները, հա՛մ դեմագոգիայով զբաղվել։

Րաֆֆու բեմադրած այս ամբողջ թատրոնի իմաստը Սերժից պաշտոն պոկելն ու  հետընտրական իներցիան օգտագործելով՝ Երևանի ավագանու ընտրություններում տոկոս փախցնելն է։ Այդ մասին նա, ի դեպ, արտահայտվեց «Նոր Հայաստանի» երդման արարողության ժամանակ՝ նշելով, որ ձայներ է ակնկալում մայիսի 5–ին։ Րաֆֆին ընդամենն իր գեղամյանությունն էր անում ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ, և այժմ նույն բանն անում է երևանյան ընտրություններում և փորձում ապահովել ՀՀԿ–ի թիկունքը: Դերասանություններն ու կեղծ պաթոսը դրա համար է։ Այս հանրահավաքները հանրության ուշադրությունը շեղելու և մոլորեցնելու համար է։ Ուրիշ նպատական Րաֆֆին չի ունեցել, չունի և չի ունենալու։ Կապ չունի, որ նա Բաղրամյան 26 է շարժվում, թե ոչ։

Րաֆֆին մեր օրերի Գապոն քահանան է։ Իշխանություններն ուզում են նրանից «ընդդիմության առաջնորդ» սարքել, որպեսզի կարողանան քաղաքական դաշտն ամբողջությամբ սեփականաշնորհել։

Այս ամենը հաշվի առնելով՝ երևանցիները պետք է իրենց կոշտ պատասխանը տան Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մայիսի 5–ին զրկելով «Բարև Երևան» ցուցակին անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից։ Այս խաբեությունը պետք է հստակ գնահատականի արժանանա և Րաֆֆին պետք է հայտնվի քաղաքական աղբանոցում։ 

Պետք է արձանագրել, որ Րաֆֆին այս ընթացքում միայն մեկ խոստում կատարեց։ Նա հայտարերել էր, որ եթե Սերժը Սարգսյանը ձեռքը դնի Վեհամոր Ավետարանի վրա ու երդում տա, ապա նա դա կանի միայն իր դիակի վրայով։ Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն, իրոք, դիակ դարձավ։ Քաղաքական դիակ։ Արժանի՛ էր։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Այսօր տեղի ունեցած երդման արարողությունները հիշեցնում էին սովետական հայտնի ֆիլմի սյուժեն, երբ երկու ինքնակոչ թագաժառանգները վիճարկում էին Ռուսական կայսրության թագը կրելու իրավունքը։

Հայաստանում տեղի ունեցածը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան լացելու չլիներ, քանզի կոմեդիան վերածվել է տրագիկոմեդիայի։

Այս խորագրի վերջին նյութերը