Մեկնաբանություն

10.04.2013 18:51


Ապրիլի 9-ը՝ ջրբաժանի, իսկ մայիսի 5–ը կողմնորոշման օր

Ապրիլի 9-ը՝ ջրբաժանի, իսկ մայիսի 5–ը կողմնորոշման օր

Հայաստանում տեղի ունեցած երդման զույգ արարողություններն ու դրան հաջորդած դեպքերը ջրբաժանային բնույթի էին։

Թեև Սերժ Սարգսյանը երդվեց փակ տարածքում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում, միևնույն է՝ երկուսն էլ հայտնվեցին ջրբաժանի մի կողմում։ Սերժն ու Րաֆֆին իրենց «ողջախոհ», «երկխոսացված» և «հայրենասեր» թիմերով վաղուց էին հայտնվել միևնույն նավակում, բայց ապրիլի 9–ին դա դարձավ, այսպես ասած, բժշկական փաստ։ Մյուս կողմում հայտնվեց ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։

Ապրիլի 9–ը ջրբաժանի օր էր նաև քաղաքական մյուս ուժերի և դրանց լիդերների համար, քանզի ժողովրդի համար վերջնականապես ամեն ինչ տեսանելի դարձավ։

Ջրբաժան եղավ ՀԱԿ–ը լքած կամ ՀԱԿ–ի ներսում Սերժ Սարգսյանի օգտին «դհոլություն» անող «թունդ հեղափոխականների» և ՀԱԿ կուսակցությունը ստեղծածների միջև։

Սերժ Սարգսյանի երդմանը չմասնակցելու որոշում կայացրած ՀՅԴ հայտարարության տողատակերում երևաց այդ կառույցում առկա ջրբաժանը Սերժի հետ «երկխոսության» կողմնակիցների և Երևանի ավագանու ընտրություններին կռիվ տալու պատրաստակամություն հայտնածների միջև։

Ջրբաժանային էր ապրիլի 9–ը նաև ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող երկու հատվածների համար։ Թեև առանձին որոշում չէր կայացվել ԱԺ հատուկ նիստին գնալ–չգնալու հարցի հետ կապված, այդուհանդերձ խմբակցության անդամների մեծ մասը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ անհատապես որոշեցին չմասնակցել «ֆեյք» ընտրություններում տոկոս «խփած» նախագահի երդման արարողությանը, իսկ մյուս մասը գնացել էր ՄՀՀ։ Այս ամենից հետևություններ արեցին և՛ ԲՀԿ–ի քաղաքական թևում, և՛ հանրության լայն շրջանակներում։

Եվ այսպես, քաղաքական դաշտը, մեծ հաշվով, բաժանված է երկու մասի։ Մի կողմում քաղաքական ու տնտեսական բացարձակ մենաշնորհ հաստատելու ծրագրեր ունեցող Սերժ Սարգսյանն է իրեն կցված ՀՀԿ–ով, ՕԵԿ–ով, բացահայտված քաղաքական գործակալներով (Արտաշես Գեղամյան, Դավիթ Շահնազարյան, Վիկտոր Դալլաքյան և այլն), «ընդդիմադիր» ուժերով («ժառանգություն», «Հանրապետություն» և այլն) և ինքնուրույնություն ունեցող ուժերի (ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ) ներսում առկա մի քանի «ականներով», իսկ մյուս կողմում՝ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և վերակազմավորված ՀԱԿ–ը։

Ուզում ենք, թե չենք ուզում, դուր է գալիս մեզ այս պատկերը, թե դուր չի գալիս՝ սա՛ է իրականությունը։ Այնպես որ հասարակությունը պետք է իր ընտրությունը կատարի այս իրողությունները հաշվի առնելով։

Մայիսի 5–ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունները շանս են կոտրելու մենաշնորհը և իրավիճակ փոխելու։ Եթե ընտրողը իրական փոփոխություններ է ուզում ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանում, ապա պետք է կողմնորոշվի վերը նշված բաժանումները հաշվի առնելով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը