Տնտեսական

01.05.2013 10:18


«Հայականացումը»` մեր տնտեսության շարժիչ ուժ

«Հայականացումը»`  մեր տնտեսության  շարժիչ  ուժ

Շուտով նոր կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը, որում խոսք կգնա նաև արդյունաբերության արդիականացման, տեղական արտադրության և արտահանման խթանման, գործազրկության կրճատման և այլ կարևոր խնդիրների մասին: Բայց մեզ մոտ այսօր դեռևս համակարգային մոտեցման և նոր աշխատող մեխանիզմների կարիք կա այդ խնդիրները լուծելու համար:

Կարծում եմ` կարելի է իրագործել մի ծրագիր, որը ես կանվանեի տնտեսության «հայականացում» («արմենիզացիա»): Շատ պարզ ասած, մենք պետք է սկսենք ներմուծվող մի շարք ապրանքների և ծառայությունների փոխարինումը տեղական արտադրանքով և ձգտենք արտասահմանյան նույնանուն ապրանքների հետ քիչ թե շատ մրցունակ տեղականի արտադրման ծավալների մեծացմանը և որակի բարձրացմանը:

Դա ենթադրում է բավական երկար գործընթաց, կառավարության, արդյունաբերողների, բոլոր տնտեսվարողների համատեղ աշխատանք: Առաջին հերթին, անհրաժեշտ կլինի մոնիտորինգի ենթարկել ներմուծվող բազմաթիվ ապրանքներ, տեղեկություններ ունենալ այդ ապրանքների գնի, որակի, անվտանգության, արտադրող երկրի, ճանապարհածախսի, մաքսատուրքի չափի և այլի մասին: Հետո ուսումնասիրել այդ ապրանքների արտադրության հնարավորությունը  Հայաստանում (մարդկային ռեսուրսներ, տեխնիկական, հումքային բազա, օրենսդրություն, ինքնարժեք և այլն):

Շատ կարևոր է ճշգրիտ հաշվարկել փոխարինման դեպքում այստեղ առաջացող ավելացված արժեքը, այն բոլոր ուղղակի և անուղղակի մուտքերը տնտեսություն, որոնք գոյանում են տեղական արտադրության և դրա իրացման հետևանքով, ինչպես օրինակ` հարկերի, շրջանառու միջոցների, նոր աշխատատեղերի, նաև հմուտ աշխատուժի առաջացման տեսքով և այլն: Եթե տեսնում ենք, որ այդ ապրանքները հնարավոր է արտադրել Հայաստանում, ապա կառավարության և գործարարների համատեղ ջանքերով համապատասխան քայլեր ենք ձեռնարկում: Հետո սկսում ենք բարձրացնել այդ ապրանքների մրցունակությունը, մտածել լավ որակի, բրենդավորման, ճանաչելիության մասին: Իսկ դա կարող ենք անել` միայն արդիականացնելով արդյունաբերությունը, ներդնելով այդ ապրանքների առաջխաղացման նոր մեխանիզմներ, ինտեգրվելով համաշխարհային տնտեսության մեջ:

Որևէ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման անհնարինության կամ անարդյունավետության դեպքում հնարավոր պատճառներից մեկը համապատասխան որակավորում ունեցող աշխատուժի բացակայությունն է, որի վերացման ճանապարհներից մեկն է զարգացնել Հայաստանում outsourcing-ը, ինչը ենթադրում է հայտնի ներմուծվող ապրանքի կամ ծառայության, արտասահմանյան ընկերությունների և բրենդների, ֆրենչայզերների, տեղական ներկայացուցչությունների ինստիտուտի ստեղծումը: Դրա վառ օրինակներից է ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում:  Մասնավորապես նաև արտասահմանյան ընկերությունների (օրինակ` SYNOPSYS-ը) տեղական ներկայացուցչությունների ստեղծմամբ էր պայմանավորված տվյալ ոլորտում որակյալ աշխատուժի առաջացումը: Էֆեկտիվ գործիքներից կարող է լինել նաեւ freelancing-ը՝ հատկապես հաշվի առնելով Սփյուռքի գոյությունը:

Այսինքն, «հայականացումը» կարող է բերել տնտեսության արագ զարգացմանը, նվազեցնել առևտրային բալանսի բացասական սալդոն, ապահովել նոր աշխատատեղեր, փոխել աշխատուժի որակը, ստեղծել նոր ռեսուրսներ և այլն:

Չեմ ասում, որ պետք է կամ կարող ենք արտադրել ցանկացած ներմուծվող ապրանքի նմանակը, բայց գյուղատնտեսական, կենցաղի, քիմիայի, հանքարդյունաբերական ոլորտի հարյուրավոր ապրանքատեսակներ կարող ենք արտադրել այստեղ` Հայաստանում: Դա նաև չի նշանակելու, որ կառավարությունը պետք է պատնեշ դնի արտասահմանյան ապրանքների առջև, քանի որ դա կսահմանափակի մեր սպառողի ընտրության հնարավորությունը և հակասության մեջ կմտնի միջազգային առևտրի ընդունված նորմերի հետ: Նաև մրցակցության բացակայության դեպքում այստեղ արտադրվածը միանշանակ  որակյալ չի լինի:

Զուգահեռ մենք նաև մի շատ կարևոր խնդիր կլուծենք: Բոլորս գիտենք, որ պատրաստի ապրանքի արտահանման գները աճում են ավելի արագ, քան բնական ռեսուրսների, հումքի գները: Իսկ Հայաստանն այսօր, ցավոք, առավելապես հումք արտահանող երկիր է՝ մոլիբդենի, պղնձի խտանյութեր և այլն: Ինչո՞ւ, եթե կարող ենք մշակել համապատասխան ծրագիր, ապահովել ներդրումների բարձր ծավալներ, կառուցել վերամշակման գործարաններն ու ապահովել շատ ավելի մեծ եկամուտ, արտարժույթի ավելի մեծ հոսքեր դեպի մեր երկիր: Ճիշտ է, այդ ծրագիրը մեծ գումարներ է պահանջում, բայց ռազմավարության առումով ուշ թե շուտ մենք դա պիտի իրագործենք:

«Հայականացումը» պետք չի դիտարկել միայն որպես  ներմուծվող ապրանքների փոխարինում տեղական արտադրանքով (“импортозамещение”): Ինչպես ցույց է տալիս բազմաթիվ երկրների փորձը, միայն փոխարինումը  դժվար թե բերի տնտեսության արդյունավետության բարձրացմանը: Մենք շոշափելի արդյունքների կհասնենք, եթե այդ փոխարինման ծրագիրը դառնա անցումային էտապ դեպի արտահանման ծավալների մեծացում: Կսովորենք մրցունակ ապրանքներ արտադրել, և այն, հուսով եմ, իր համեստ  տեղը  կզբաղեցնի այլ երկրների  շուկայում:

Եվս մեկ անգամ շեշտեմ նաև, որ «հայականացում» սահմանումը օգտագործում եմ ոչ միայն արդյունաբերական ապրանքների, այլ նաև բազմաթիվ ծառայությունների նկատմամբ: Այստեղ շատ դրական օրինակներ ունենք, ինչպես վերը նշեցի ՏՏ ոլորտը, առողջապահության ոլորտը, որտեղ Հայաստանը դարձել է սրտանոթային վիրահատությունների տարածաշրջանային կենտրոն: Վատ դիրքեր չունենք նաև ատամնաբուժության ոլորտում: Հարյուրավոր մարդիկ այստեղ են որակյալ բուժումը ստանում, Հայաստանում են մնում ծառայությունների դիմաց վճարված գումարները, այդ գումարներով արդիականացնում են բժշկական սարքավորումները և այլն: Կամ մեկ այլ օրինակ բերեմ` վերջերս ստեղծվեց հյուրանոցների ամրագրման inLOBBY նորարար օնլայն հարթակը, որը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում: Կարելի է նշել նաև կառուցվող Դիլիջանի միջազգային դպրոցը: Հարյուրավոր հայաստանցի երեխաներ այսօր սովորում են աշխարհի տարբեր երկրների այդօրինակ դպրոցներում: Հիմա արդեն նույն որակի ուսումը նրանք, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ, կստանան մեր երկրում:

Կարծում եմ` «հայականացումը» կամ «արմենիզացիան» այն բառն է, տեսլականը, բոլորիս համախմբող կարգախոսը, որը տեղից կշարժի մեր տնտեսությունը` լինելով ոչ միայն որպես հնչեղ խոսք, այլև համակարգված և հստակ քայլերի հաջորդականություն:                                      

Խաչատուր Սուքիասյան        

Այս խորագրի վերջին նյութերը