Լրահոս

05.05.2013 10:17


Ի՞նչ արժե մանանեխի սերմի հատի չափ հավատքը

Ի՞նչ արժե մանանեխի սերմի հատի չափ հավատքը

Ի՞նչ արժե մանանեխի սերմի հատիկի չափ հավատքը: Թերևս այն անգին է, քանի որ նման հավատքն ի զորու է անհնարինը հնարավոր դարձնելու: Խելացի քեռիների կամ մորաքույրների համար, օգտագործեմ «սեկուլյար» կամ սեկուլյարիզացիա տերմինները: Իսկ հասու լեզվով, այն նշանակում է աշխարհիկացում: Մեծերից մեկն ասել է «Աշխարհը դառել է եկեղեցական իսկ եկեղեցին աշխարհիկ»: Թերևս սա ամենավտանգավորն է, որը կարող էր սպառնալ հավատավորի հավատքին կամ եկեղեցու՝ ինչպես այսօր են անվանում՝ ինստիտուտին: Որպես հավատացյալ, ես եկեղեցին չեմ համարում ինստիտուտ՝ լոկ այն պարզ պատճառով, որ չեմ ցանկանում այն հավասարեցնել մնացած ինստիտուտներին, որոնք կոչված են բարոյահոգեբանական դաստիարակություն տալու կամ լուծելու հասարակության տարբեր բնույթի խնդիրները: Ես, եկեղեցին համարում եմ դրանցից վեր, քանի որ պատճառը, որի համար նա գոյություն ունի, ավելին է քան հասարակության դաստիարակությունը: Չեմ բացառում նաև այն պարտավորությունները և առաքելությունները, որոնք եկեղեցին նույնպես իր առջև է դրել իրականացնելու համար: Հազարամյակների գոյության ընթացքում, նա բախվել է բազմաթիվ խնդիրների և միշտ էլ ընդունել է իր ժամանակի մարտահրավերները և հաղթանակած դուրս եկել դրանցից: Որպեսզի խոսքերս չնդունվեն լոկ «հավատացյալի» խոսքեր՝ ինչպես այսօր ընդունված է կոչել նրանց, ովքեր հավատում են ոչ միայն տրամաբանությամբ՝ այլև հոգով և զգացմունքներով, փորձեմ խոսքերս համեմել և հաստատել՝ ցիտելով մի քանի Աստվածաշնչյան ճշմարտություններ: Օրինակ, Հիսուսն ասաց Պետրոսին, որ Նա կառուցելու է իր եկեղեցին այն ճշմարտության վրա, որը Հայր Աստված բացեց՝ հայտնեց Պետրոսին, այսինքն՝ եկեղեցին կառուցվելու էր Հիսուսի Աստվածության գաղափարի վրա: Հիսուսը մի առիթով ասաց, որ նույնիսկ դժողքի դարպասները չեն կարող հաղթահարել եկեղեցուն և նրա գոյության պատմության մեջ, մենք տեսնում ենք, որ աշխարհի ոչ մի կառավարություն և իշխանություններ, ինչպես նաև կայսրներ և թագավորներ, չեն կարողացել սպանել եկեղեցին կամ այն հոգին, որը առկա էր նրա հավատացյալների մեջ: Իր պատմության մեջ, եկեղեցին ունեցել է և լավ և վատ կղերականություն, ունեցել է փառքի օրեր և նաև ունեցել է հալածանքների տարիներ, սակայն մենք տեսել ենք, որ ոչ մի բան չի կարողացել արմատախիլ անել եկեղեցին և դա այն պարզ պատճառով, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է և ինչպես Պողոս առաքյալն էր գրում, Քրիստոսն է նրա գլուխը: Անշուշտ, եկեղեցին ունեցել է և լավ, տաղանդավոր և վատ և հարստահարող ղեկավարություն, սակայն, այն ամենևին չի նսեմացրել եկեղեցու արժեքը և նշանակությունը մարդու՝ հասարակության կյանքում: Բոլոր մարդիկ փրկության կարիք ունեն, հաճախ մարդը չի գիտակցում այս բառի նշանակությունը, թե ի՞նչից կամ ի՞նչու պետք է նա փրկվի և այդ պատճառով, ոմանք սխալ պատկերացում ունեն եկեղեցու և հավատքի վերաբերյալ: Անշուշտ հավատքի մանանեխի հատիկը, անհասու է դառնում շատերին, քանի որ նրանք, ովքեր կոչված են այդ հատը պարարտ հողի մեջ գցելու՝ ընդհակառակը գողանում են այն, զրկելով մարդուն՝ իսկ եթե գլոբալ արտահայտվեմ՝ մարդկությանը, իր վտանգված գոյության փրկությունից: Կարճատես կամ կույր պետք է լինել, ես նույնիսկ կավելացնեի խուլ, որ չտեսնեինք կամ չլսեինք այն բոլոր ահազանգները, որոնք տաիս է այս երկրագունդը կամ բնությունը՝ ցնցելով և թոթափելով մարդկային ստրկատիրական հակումների դրսևորումները, փորձելով ազատվել այն լուծից, որով մարդը ցանկանում է հագուրդ տալ իր սպառողական նկրտումներին և ագահությանը, ոչնչացնելով ամեն ինչ և սպանելով ամեն բան, այդ թվում և պարզ հավատքը: Անշուշտ, մարդը կանգ չի առնում ոչ մի բանի առջև և պատրաստ է ամեն ինչի և ամենին զոհաբերելու հանուն սեփական բարորության և գոյության, ապահովելով իր գենի գոյությունը և զարգացումը:

Չեմ ցանկանում ընդհանհրական խոսել, կամ մտնել գիտական, սոցիոլոգիական, հոգեբանական և այլ –ականների կամ բանաձևերի և ուսումնասիրությունների մեջ, և այդ իսկ պատճառով ցանկանում եմ դիտարկումներս լոկալացնել Հայաստանյան իրականության սահմանների շրջանակներում և քանի որ, այսօրվա ընթերցողը սովորել է sms-ային հաղորդագրութունների, այսինք չի սիրում կարդալ և նախընտրում է կարճ հաղորդագրությունները, այդ իսկ պատճառով ստիպված եմ ասելիքս մաքսիմումի սահմաններում կարճել, որովհետև ցանկանում եմ այն հասանելի և մատչելի դարձնել բոլորին:

Շատերն են այսօր վիճարկում, թերագնահատում, մեղադրում կամ չափից ավել կարևորում Հայ Առաքելական եկեղեցու դերակատարումն ու ներդրումը հայ ժողովրդի գոյության, պատմության, կյանքի և զարգացման մեջ: Որպես հավատացյալ, ես գնահատողների շարքերում եմ, բայց ոչ երբեք թերագնահատողների կամ գերագնահատողների: Բնականաբար կան անվիճելի փաստեր, թե ինչպես է եկեղեցին արգելք հանդիսացել այս գործնթացի մեջ, կամ հակառակը, ինչպես է այն նպաստել հայ ազգի գոյության պահպանմանը: Համամիտ չեմ, որ եկեղեցին է հանդիսացել մեր մշակույթի կրողը, քանի որ մշակույթը ազգը կրել է իրենում, սակայն ապահովության համար երբեմն ապաստարան է գտել նրա ներսում, քանի որ եկեղեցին բոլոր ժամանակներում կարողացել է լեզու գտնել՝ թե զավթիչների և թե այլ կրոնների կամ իշխանությունների հետ՝ ապահովելով սեփական անկախ գոյությունը: Գոյություն ունի տարածված մի սխալ ըմբռնում: Հաճախ հասարակությունը ասոցացնում է եկեղեցին և կղերականությունը, չզատելով երկուսն իրարից, թերևս դա այդպես էլ պետք է լիներ, եթե գոյություն չունենար մի բայցը, որը երբեմն տարանջատում է երկուսին: Դա կղերականության աշխարհիկացումն է, որով ստվերվում է եկեղեցու գոյության բուն նպատակը: Այսինքն, կղերականության մշտական ձգտումը, ապրելու աշխարհիկ կյանք և օգտվելու աշխարհիկ բարքերից՝ ինչպես դա անում են այն մարդիկ, ում հավատքը սահմանափակվում է լոկ տաղավար տոներին սեփական ներկայությունն ու հավատքի ձևական արտահայտումն ապահովելով: Ես ի նկատի ունեմ «նոմինալ» քրիստոնյաներին, այսինքն նրանց, ովքեր ջանք են դնում համատեղելու անհավատ աշխարհիկ կյանքն ու ճշմարիտ հավատքի սկզբունքները: Սրանք երկու տարբեր ծայրահեղություններ են և դրանց դրսևորումը մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանյան՝ թե հոգևորական և թե իշխանական դասի և ինչու չէ՝ շարքային քաղաքացիների մոտ: «Հավատքի» նման դրսևորումը, քաջալերում է Ավետարանի ճշմարիտ սկզբունքների աղավաղումը, որն էլ իր հեթին քայքայում և հանգեցնում է առողջ հասարակություն կերտելու՝ Ավետարանի ապարդյուն ջանքերին:

Ըստ Հայաստանի սահմանադրության, եկեղեցին և պետությունը առանձին են և կողմերից ոչ մեկը իրավասու չէ միջամտելու մյուսի գործունեությանը, սակայն, կղերականության պատճառով, այսօր եկեղեցի կառույցը ներքաշվել է պետություն և կղերականություն սերտաճման գործնթացի մեջ, որը հանգեցրել է եկեղեցու հավատացյալ այցելուների օտարացմանը եկեղեցուց: Թերևս, սա չի վերաբերվում եկեղեցու պատմության մեջ երբևէ եղած հոգևորականությանը, և որպես բացառություն, հարկ է նշել, որ եկեղեցին ունեցել է ճշմարիտ հավատացյալ՝ հոգևոր սպասավորներ և այդպիսիները կան նաև մեր օրերում և մեր եկեղեցիներում: Այսօր, հայ առաքելական եկեղեցու սպասավորներից շատերը, բռնել են աշխարհիկացման ուղին, որի պատճառով եկեղեցին հայտնվել է ժամանակի պահանջներից և մարտահրավերներից դուրս, չդրսևորելով այն ճկունությունը, որը նրան հասու է դարձնում տվյալ ժամանակի հասարակությանը: Օրինակ՝ ավանդապաշտ եկեղեցի և զարգացող գիտություն, աշխարհիկ կղերականություն և եկեղեցու շարքային այցելու-հավատացյալ օտարացում, Եկեղեցու՝ Ավետարանի հավատքի հիմքերից օտարացում, հոգևոր դաշտի մոնոպոլիզացիա, իշխանական լծակների գործածում հանուն սեփական շահերի, որի պատճառով եկեղեցին զրկվում է իշխանություններին «ճշմարիտ ուղղու» վրա բերելու իր իրավունքից և այլև և այլ խնդիրներ:

Հիսուսն ասում էր, « վայ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առաջին, որ ինքներդ չեք մտնում, և մտնողներին էլ թույլ չեք տալիս մտնել» Մատևոս 23:13հ:

Եկեղեցին, ունակ չլինելով բացատրել այսօրվա աղանդների՝ սնկի պես աճը և իր այցելուների կորուստը, իր մեղքը գցում է ժողովրդի վրա, փոխարեն որ կարիք ունի բարեփոխումների: Մարդիկ բախվելով հավատքի և փրկության փակ դռներին, հարում են այլևայլ կրոնական կազմակերպությունների, քանի որ ենթագիկացաբար կամ գիտակցաբար, փնտրում են փրկության այլ՝ բաց դռներ, հաճախ հայտնվելով սատանայի և կեղծ ուսմունքների ճիրաններում, ովքեր իրենց հերթին մտնում են իրեմց հետևորդների՝ արդեն իսկ ծակ և դատարկ գրպանները:

Բոլոր եկամուտ հետապնդող կառույցներն ու կազմակերպությունները, միշտ էլ նպատակ են հետապնդել մտնել քաղաքացու՝ իսկ այս դեպքում՝ հավատացյալի գրպանը և դատարկելու նրա պարունակությունը՝ եթե այն իսկապես լիքն է եղել և այդ նպատակին հասնելու համար, նրանք գործածել են և գործածում են տարբեր հնարքներ, գովազդներ և արտադրել են սպառողի համար անհրաժեշտ ցանկացած առարկա և իր: Մարդիկ տգետ և բութ չեն և միջնադարի խավարը վաղուց է անցել և հասարակությունը ի զորու է զանազանել բարին՝ չարից, սուտը և կեղծիքը՝ ճշմարտությունից և եկեղեցին, կամ ավելի շուտ այսօրվա մեր կղերականությունը, պետք է սա հասկանալով, հրաժարվի իր բիզնեսմենի հոգեբանությունից և դադարի մարդուն դիտելու որպես իր եկամուտի աղբյուրի: Ֆեոդալ կղերականները (ես չեմ ասում եկեղեցին, քանի որ եկեղեցու սեփականությունը պատկանում է հավատացյալներին և ոչ թե կղերականներին) պետք է հասկանան, որ իրենց գերակա շահը, պետք է լինի մարդկային հոգիների փրկությունը և ոչ թե «միամիտ» հավատացյալների գրպանի պարունակությունը: Շատ կփափագեի, որ հերթական այս ահազանգը լսելի դառնար, քանի որ, եթե այսօր, եկեղեցին չորդեգրի բարեփոխումների ուղղին, ապա նա դատապարտված է մահվան:

Մանանեխի մի հատիկ սերմի չափ հավատք: Այո, հավատացյալը պատրաստ է զոհելու իր ամենա թանկարժեքը՝ միայն թե այդ սերմը իր առջև բացի երկնքի արքայության դարպասները:

Մամիկոն Համբարյան

Այս խորագրի վերջին նյութերը