Տնտեսական

22.06.2013 09:24


Հուլիսի 1-ից գործածության մեջ են մտնում նոր դրոշմապիտակներ և նոր սերնդի ՀԴՄ-ներ

Հուլիսի 1-ից գործածության մեջ են մտնում նոր դրոշմապիտակներ և նոր սերնդի ՀԴՄ-ներ

Ինչպես հայտնի է, 2012թ. տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղություններից մեկը հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործումն է: Եվ այդ նպատակով օրենսդրությունը նախատեսել է երկու կարևոր վարչարարական գործիք, որոնք կիրառության մեջ են դրվելու 2013-ի հուլիսի 1-ից: Առաջինը, նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն է տարեկան 500 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար: Երկրորդ վարչարարական գործիքով ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչև 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ու ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է. «Վարչարարական 2 գործիքների ներմուծումը շրջադարձային քայլ է հարկային վարչարարության առումով, քանի որ այն հնարավորություն է ընձեռում հարկման դաշտ բերել հնարավոր թերհայտարարագրվող շրջանառությունները առանց հարկային մարմնի կողմից բիզնեսի գործունեությանը որևէ միջամտություն ցուցաբերելու: Մասնավորապես, եթե խոսում ենք նոր սերնդի ՀԴՄ-ների մասին, ապա դրանք բացառելու են ծրագրային միջամտությունները և այդ կերպ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու հնարավորությունները, իսկ մյուս կողմից դրանք նախատեսում են հարկ վճարողների համար բացառիկ հարմարավետություն, մասնավորապես նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը հարկ վճարողների համար կրճատելու է 12 հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՀԴՄ-ն ավտոմատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար կտրամադրի համապատասխան տեղեկատվություն, և այս քայլն իր դրական ազդեցությունը կունենա հանրապետության բիզնես միջավայրի բարելավման վրա»:

Մանրածախ ցանցում գտնվող ապրանքատեսակների համար օրենսդրությունը ևս 6 ամիս ժամանակահատված է նախատեսել, որպեսզի առկա մնացորդներն իրացվեն: 2014-ի հունվարի 1-ից ինչպես արտադրության, այնպես էլ իրացման փուլում կունենանք բացառապես պիատակավորված ապրանքատեսակներ: ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրել է, որ այս երկու միջոցառումներն իրենց արդյունավետությունը կցուցաբերեն տարվա երկրորդ կիսամյակում, ինչը նկատելի կլինի նաև վճարված հարկերի տեսքով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման առումով մեծապես կարևորել է երկու նոր գործիքների կիրառումը ստվերային շրջանառությունները հարկման դաշտ բերելու տեսանկյունից: «Միջազգային առաջավոր փորձից ելնելով մենք անցումային լուրջ քայլ ենք կատարում ստվերային շրջանառությունները համապատասխան ապրանքատեսակների գծով կրճատելու ուղղությամբ: Այդ ապրանքատեսակների հսկողության, հաշվառման հաջողությունը հնարավորություն կտա առաջիկայում դաշտն ընդլայնել և նոր ապրանքատեսակներ ընդգրկել»: Նա տեղեկացրել է, որ անհրաժեշտ քանակությամբ դրոշմապիտակներ արդեն տպագրվել են և գտնվում են ՊԵԿ-ի տրամադրության տակ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն իրականում mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից իրենց մեջ պարունակում են նաև քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու և ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու և այլ հնարավորություններով: Միքայել Փաշայանն անդրադարձել է ևս մեկ նորույթի. ՀԴՄ-ները շահումներն իրականացնելու են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահած ավտոմեքենաների մասին հաճելի լուրն ստանալ անմիջապես գնում կատարելուց հետո:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը