Տնտեսական

28.08.2013 13:07


Ո՞վ է իրականում հայտարարություններ տարածում և հարցազրույցներ տալիս դիվիդենտներ ստանալու նպատակով

Ո՞վ է իրականում հայտարարություններ տարածում և հարցազրույցներ տալիս դիվիդենտներ ստանալու նպատակով

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. օգոստոսի 24-ին Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ. Խալիկյանը, news.am-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից բարձրացված հարցերին, մեղադրել է Կազմակերպությանը դիվիդենտներ ստանալու նպատակով հայտարարություններ անելու մեջ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեռևս հուլիսի 31-ին Կազմակերպության (Իրազեկ և պաշտպանված սպառող) ֆեյսբուքյան էջում անդրադարձել էինք մաքրող և լվացող միջոցների շուկայում առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց պատճառներին: Նույն գրառման մեջ Տեսչությանը ոչ մի մեղադրանք ներկայացված չէ. Դեռ ավելին՝ հետգրության մեջ մասնավորապես նշվում է՝ «Մոտ օրերս «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը կներկայացնի տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկությունը: Տեսչության կողմից տրվող ընթացքից հետո միայն պարզ կդառնա միտումնավոր է տրվել այս արտոնությունը, թե ոչ»: Նույն Տեսչությունում գործում է փաստաթղթաշրջանառության և իրավական ակտերի համակարգման 7 հոգանոց բաժին, իսկ Տեսչության կողմից գրված պատասխան գրությամբ ոչ ուղղակի նշվում է, որ Տեսչությանը չի հետաքրքրում իրավական դաշտի կարգավորումը: Ստացվում է, որ Տեսչությունում չեն պատկերացնում, որ հենց իրենց ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում է պարզ դառնում այն իրավական ակտերի անհրաժեշտությունը, որոնցով հնարավոր է կարգավորել ոլորտը:

Նույն հարցազրույցում Լ. Խալիկյանը նշել է, որ վերջին 2 ամսում ստուգվել են լվացող և մաքրող միջոց ներկրող 18 կազմակերպություններ, որոնցից 16-ում հայտնաբերվել են խախտումներ (թերի հայերեն մակնշում կամ համապատասխանության սերտիֆիկատի բացակայություն) և, որ այդ շուկան մշտապես գտնվում է վերահսկողության տակ: Ողջունելով 18 ստուգում իրականացնելու փաստը՝ այնուամենայնիվ չենք կարող չնկատել, որ Տեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է 2013 թ.-ի հունվարից մինչև հունիս ամիսների ընթացքում իրականացված միայն 7 ստուգումների մասին, ընդ որում, անգամ եթե կայքում հրապարակված տեղեկատվությունը Տեսչությունում համարում են հանրային իրազեկում, ապա կրկին չենք կարող չնկատել, որ այդ տեղեկատվության մեջ չեն նշվում այն ապրանքների անվանումները, որոնք վաճառվում են թերի հայերեն մակնշմամբ կամ առանց համապատասխանության սերտիֆիկատի. Ապրանքների անվանումներն իմանալը սպառողին հնարավորության կընձեռեր պարզելու՝ արդյո՞ք իրացման ցանցում խախտումները վերացվել են, թե ոչ: Ստացվում է, որ նույնիսկ ստուգումների ավարտից հետո փոփոխություն չի նկատվում իրացման ցանցում, ինչն արդյունք է անհետևողական և անարդյունավետ աշխատանքի:

Անդրադառնակով կոսմետիկ միջոցների շուկային՝ Տեսչության պետն ուղղակիորեն հաստատել է, որ կոսմետիկ միջոցների շուկայում ստուգումներ չեն իրականացվում, ինչպես նաև, որ այդքան է շահագրգիռ չէ խնդրի կարգավորմամբ՝ հարցազրույցում նշելով՝ «Ինչ վերաբերում է տեխնիկական կանոնակարգին, ապա, որքան տեղյակ եմ, ստանդարտների ազգային ինստիտուտը մշակում է նման փաստաթուղթ»: Ստացվում է, որ «Հայ կանայք հանուն առողջության» հկ-ի հետ սերտ համագործակցող (ըստ Լ. Խալիկյանի), սակայն կոսմետիկ միջոցների մասին ականջի պոչով մոտավոր տեղեկություն ունեցող, գործողություններ իրականացնելու համար բողոքի սպասող Տեսչության պետը շահագրգիռ չէ ոլորտի կարգավորման և անհրաժեշտ իրավական ակտի մշակման հարցում:

Արդյունքում Կազմակերպության կողմից բարձրացված 2 խնդիրներն էլ ուղղակիորեն ընդունելով, Կազմակերպության կողմից ներկայացված մեղադրանքներից և ոչ մեկին չառարկելով՝ Տեսչության պետը մեղադրել է Կազմակերպությանը դիվիդենտներ ստանալու համար հայտարարություններ անելու մեջ: Այսքանից հետո կարծում ենք դժվար չէ գուշակել՝ ո՞վ է հայտարարություններ տարածում և հարցազրույցներ տալիս դիվիդենտներ ստանալու նպատակով:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Տեսչության պետը նույն հարցազրույցում նշել էր, որ սերտ համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ «Սպառողների միության»: «Սպառողների միություն» Հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը՝ ուղղակիորեն հայտնելով նաև իր դժգոհությունը Տեսչության կողմից իրականացվող (չիրականացվող) աշխատանքների վերաբերյալ:

Հ.Գ.

Տեսչության կողմից նման հայտարությունը Կազմակերպության կողմից սպասելի էր, քանզի օրեր առաջ Կազմակերպությանը դիմել էր ՀՀ Վարչապետին՝ ներկայացնելով առկա խնդիրները:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է բաց ասուլիսային քննարկման, որը հնարավորություն կընձեռի երկկողմանի քննարկման արդյունքում ունենալ ավելի օբյեկտիվ հանրային գնահատական, ինչը կարող է դառնալ նաև առաջին հերթին կարևորվող կառուցողական աշխատանքի արդյունքում խնդիրների վերացման հիմք:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը