Քաղաքական

28.04.2014 18:56


ՀՀԿ–ի «դաղալությունը». Հաշվիչ հանձնաժողովում հիմա էլ 7 տեղ են ուզում

ՀՀԿ–ի «դաղալությունը». Հաշվիչ հանձնաժողովում հիմա էլ 7 տեղ են ուզում

Այս պահին մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը, որն այսօր շտապ հրավիրվել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից։ Օրակարգում Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ստեղծման կարգը փոխելու որոշման մեջ փոփոխություն կատարելն է։

ՀՀԿ–ն այս նիստը հրավիրել է Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ՕԵԿ–ի այսօրվա որոշումից հետո։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ փոփոխություն են առաջարկում կատարել ԱԺ–ի փետրվարի 3–ի որոշման մեջ։

–Նախկինում հանձնաժողովի անդամների թիվը 11 էր՝ ՀՀԿ–ին հինգ տեղ, ԲՀԿ–ին՝ երկու, մնացած խմբակցություններին` մեկական։ Այժմ առաջարկում ենք Հաշվիչ հանձնաժողովի կազմը դարձնել 13, ՀՀԿ–ին՝ 7 տեղ, ԲՀԿ–ին՝ 2, մյուսներին՝ մեկական,–հայտարարել է Ս. Ավետիսյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր առաջարկ ներկայացնելուն զուգահեռ՝ տրամաբանական է, որ ներկայացվի նաև հիմնավորումը։

–Ինչո՞ւ, օրինակ, 13, ինչո՞ւ ոչ 17, բարեհունչ թիվ է, կամ` 23. ավելի բարեհունչ է։ Ինչո՞ւ է 44 պատգամավոր արտահերթ նիստ հրավիրում նման «խիստ գլոբալ» հարցում,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Ի պատասխան՝ Ս. Ավետիսյանը պնդել է, որ հանձնաժողովի կազմը պետք է համահունչ լինի ԱԺ–ում ներկայացված խմբակցությունների կազմին, և իրենք պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ընդգծել է, որ մինչ փետրվարի 3–ն այդ հանձնաժողովում ՀՀԿ–ի կազմը 3 էր, հետո դարձավ 5, իսկ հիմա առաջարկում են դարձնել 7։

–Ո՞նց է, որ ձերն անընդհատ աճում է, մերը մնում է նույնը,–հետաքրքրվել է Ա. Վարդանյանը։

Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պնդել է, որ խախտվում է ԱԺ կանոնակարգ–օրենքը։

–Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ստեղծվում է հերթական նստաշրջանի սկզբում և պահպանում է իր լիազորությունները մինչև նստաշրջանի ավարտը։ Ո՞նց եք կեսից փոխում։ Ավելի ազնիվ կլինի գրել, որ հանձնաժողովը ձևավորվում է այնպես, որ ՀՀԿ–ն միշտ ունենա մեծամասնություն։ Չէ՞ որ հետո նույնպես կարող է իրավիճակ ստեղծվել,–ասել է Ա. Ռուստամյանը։

Ի դեպ, երբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրել է՝ իրավունք ունե՞ն ԱԺ որոշման նախագծով օրենքը փոխել, Սուքիաս Ավետիսյանը կարկամել է և շտապ հայացքը հառել ԱԺ նախագահության կողմը։

Ա. Մանուկյանն ընդծել է՝ իրավունք չունե՛ք փոխել։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ավելացրել է, որ նախորդ անգամ, երբ ՀՀԿ–ն նույն «դաղալությունն» արեց, գոնե առաջնորդվեց օրենքի տառին համահունչ, նստաշրջանի սկզբում, իսկ այս անգամ արդեն նստաշրջանի կեսից է հանձնաժողով ձևավորում։

–Եթե «բեսպրեդելն» է ձեր ոճը, ապա գրեք, որ ՀՀԿ–ն կարող է կատարել ցանկացած քայլ՝ անգամ եթե դա հակասում է օրենքին,–ասել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը