Լրահոս

04.09.2009 17:43


Հայ–թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու «Ժառանգության» նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ-ում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նույնպես քննարկվեցին «Ժառանգություն» խմբակցության ու նրա պատգամավորների նախաձեռնությունները: Մասնավորապես, այդ հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանի կողմից սեպտեմբերի 4-ին հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին էր փոխանցվել նամակ' առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին «Ժառանգություն» խմբակցության առաջարկով: Նամակում մասնավորապես ասվում էր. «Հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումները' ի դեմս ապրիլի 22-ին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության համատեղ հայտարարության, ապա' օգոստոսի 31-ին նույն գերատեսչությունների մամուլի հաղորդագրության ու հրապարակած նախաստորագրված երկու արձանագրությունների, ինչպես նաև' նկատի ունենալով դրանց պատկերանող ազդեցությունը ԼՂ հիմնախնդրի վրա, «Ժառանգություն» խմբակցության եւ իմ անունից դիմում եմ Ձեզ' հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով, որի ընթացքում նույնպես կքննարկվեն ԼՂ խնդրի շուրջ զարգացումները»: «Ժառանգություն» խմբակցության գրավոր առաջարկը պաշտպանվեց ՀՅԴ անունից Արմեն Ռուստամյանի արած նույնաբովանդակ բանավոր առաջարկով: Որոշում ընդունվեց, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում կոալիցիոն կուսակցությունների դիրքորոշումները (արդեն իսկ հայտնի համարելով «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի տեսակետները) փոխանցվեն հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանին եւ դրական արձագանքի դեպքում' ձեռնամուխ լինել լսումների նախապատրաստմանը:     

 

Հանձնաժողովը նաեւ քննարկեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած եւ 2008թ. դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ դրված «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում Ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Այն նախկինում քննարկվել էր նույն հանձնաժողովում եւ որոշում էր ընդունվել մինչեւ 90 օրով հետաձգելու մասին (ԱԺ համապատասխանը որոշումը' 2009թ. մարտի 16-ին)'  հայտարարության տեքստը լրամշակելու, հիմնավորման մի մասը հայտարարության մեջ տեղափոխելու, հանձնախումբ ստեղծելու եւ հեղինակին առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաեւ ԱԳՆ-ի վերաբերմունքը պարզելու հիմնավորումներով: Օրինագծի հեղինակը այսօր ներկայացրեց, որ հաշվի է առնված այս 90 օրերի ընթացքում իրեն ներկայացված միակ գրավոր առաջարկությունը' ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության կողմից, որով նույնպես առաջարկվել էր հիմնավորումների զգալի մասը տեղափոխել հայտարարության տեքստ: Նա նաեւ պնդեց միջազգային հարաբերություններում հայկական հարցերի, այդ թվում ԼՂՀ ճանաչման հետամտման գործընթացում Հայաստանի դիրքերը ուժեղացնող այս օրինագծի ընդուման կարեւորությունն ու հիմնավորումները: Հանձնաժողովը քննարկեց հեղինակի կողմից փոփոխություններով լրամշակված տարբերակը: Նախագահ Ա.Ռուստամյանը ներկայացրեց, որ ԱԳՆ նախարարության վերաբերմունքը պարզելու (որը եղել է օրինագծի քննարկումը հետաձգելու որոշման հիմքերից մեկը) նպատակով ունեցած հանդիպման արդյունքում իր կողմից պատրաստվում է այլ նախագիծ, որի նպատակը ոչ թե հայտարարության առանցքում 1988-92թթ. տեղի ունեցածը Ցեղասպանություն որակելն է, այլ սանձազերծված պատերազմի ու դրան հանգեցրած հիշյալ իրադարձությունների համար Ադրբեջանին իրավական պատասխանատվության կանչելու հարցի բարձրացումը: Լ.Ալավերդյանը պատրաստակամություն հայտնեց աշխատել այս եւ հանձնաժողովում հնչեցված  բանավոր առաջարկների հեղինակների (Արմեն Ռուստամյան, Էռնեստ Սողոմոնյան) հետ' դրանք հայտարարության մեջ ներառելու շահագրգռությամբ: Քննարկումների արդյունքում Արմեն Ռուստամյանի եւ Սերյոժա Աբրահամյանի կողմից Լ.Ալավերդյանի նախագծի քննարկումը հետաձգելու մասին փոխլրացնող առաջարկներ հնչեցին: Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկությամբ դրա քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով, որի ընթացքում գրավոր առաջարկները ստանալուն պես Լ.Ալավերդյանը եւ Ա.Ռուստամյանը ձեռնամուխ կլինեն միասնական տարբերակ ստեղծելու աշխատանքներին: Անհամաձայնության դեպքում' հանձնաժողովի քննարկմանը կներկայացվեն ԱԺ հայտարարության 2 տարբերակներ:           

«Ժառանգություն» խմբակցություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը