Լրահոս

26.01.2011 15:15


Եգիպտոսի նախագահի որդին ու նրա ընտանիքը փախել են Լոնդոն

Եգիպտոսի նախագահ Խոսնի Մուբարակի որդին՝ Ջամալ Մուբարակը, և նրա ընտանիքը փախել են Լոնդոն՝ երկրում սկսված անկարգությունների պատճառով։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ արաբական «Akhbar al-Arab» կայքը հաստատում է, որ նախագահի որդու ինքնաթիռը «97 ճամպրուկներով Կահիրեից թռել է Լոնդոն»։

Եգիպտոսում, թունիսյան անկարգությունների ալիքի վրա, սկսվել են հակակառավարական զանգվածային ցույցեր։ Տարբեր տվյալներով՝ ընդդիմադիրները փողոց են դուրս բերել 20-30 հազար մարդ, ովքեր պահանջում են նախագահ Մուբարակի հրաժարականը։

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Սակայն այն չի կանգնեցրել ցուցարարներին. նրանք հայտարարել են, որ բողոքի ակցիաներ կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց պահանջների բավարարմանը, այն է՝ նախագահի հրաժարական, խորհրդարանի ցրում, աշխատավարձերի բարձացում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով մահացել է 4 մարդ, 600-ն էլ ձերբակալվել են։

Իր հերթին, Twitter-ը հայտարարել է, որ Եգիպտոսի տարածքում հունվարի 25-ի երեկոյից դադարեցվել է կայքի գործունեությունը։ Եգիպտական իշխանությունները վստահ են, որ հենց Twitter-ի օգնությամբ են ընդդիմադիրները կոչ արել հետևել Թունիսի օրինակին և միանալ իշխանության դեմ կազմակերպվող հանրահավաքներին։

Եգիպտոսում տեղի ունեցող անկարգությունները ամենազանգվածայինն են սկսած 1977թ-ից, երբ մարդիկ դուրս էին եկել փողոցներ անբավարար սննդամթերքի պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը