Մեկնաբանություն

29.11.2014 11:50


Ագ(ռ)ավացիա

Ագ(ռ)ավացիա

Բժիշկներն ինչ–որ բան էին քննարկում։ Ուշադիր լսում էի։ Բառն անմիջապես հետաքրքրեց՝ «Ագռավացիա»։ Հասմիկ Արմենովնան միանգամից ուղղեց՝ «Ագրավացիա»: Խնդրեցի բացատրել՝ ինչ է նշանակում։

Բառի լատինական ծագումնաբանությունը դնում ենք մի կողմ, մի կողմ ենք դնում նաև դրա երկար-բարակ բնութագրումը:

Եթե կարճ կապենք, Սերժ Սարգսյանի հնչեցրած «գաղջը» իրականում ագռավացիա է (ընդ որում՝ «ռ»–ով), այն, ինչը կա, բայց գերադրական աստիճանով ներկայացված: Ուռճացված, մի խոսքով։

Կարդացե՛ք պաշտոնական լրահոսն ու նայե՛ք իրականությանը, թեկուզ՝ սեփական դրամապանակի պարունակությանը՝ «ագռավացիա»:

Նայե՛ք դատարկվող Հայաստանին ու «Ապահով Հայաստան» կարգախոսին՝ «ագռավացիա»։

Նայե՛ք ձախողված իշխանությանն ու նրա՝ կրկին վերարտադրվելու ցանկությանը: Կամ «բոցաշունչ» ընդդիմադիրներին, ովքեր կարծում են, թե իրենց մասին միայն տերերը գիտեն։ Լրիվ «ագռավանտ» են։

Նայե՛ք... Լավ, դրա մասին հետո... Բան չունեմ ասելու, Հասմի՛կ Արմենովնա, միանգամայն համաձայն եմ՝ ագրավացիան ամենուր է, բայց դե, ամեն ինչ չափ ու սահման ունի: Եթե ես փոքր վերքից անվերջ նվնվում եմ, դա ագրավացիա է։ Բայց իմ ուռճացված տնքոցներից տրաքի-պայթի՝ կնեղվեն միայն հարազատներս ու բուժող բժիշկը։ Իսկ ի՞նչ պետք է լինի ուռճացված, արհեստական, ագրավացիայից այդպես էլ դուրս չեկած իշխանության հետ։

Չեմ քաղաքականացնում, Հասմի՛կ Արմենովնա, ուղղակի հարցնում եմ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը