Մեկնաբանություն

01.12.2014 21:15


Ահարոն Ադիբեկյանի հացը խլեցին

Ահարոն Ադիբեկյանի հացը խլեցին

ԱԺ ոչիշխանական ուժերի առանձին ներկայացուցիչներ իզուր էին կարծում, թե Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը վերաբերող նախաձեռնությամբ ուզում է փորձարկել իրենց, ուզում է հանրության առաջ պատռել իրենց դեմքը կամ «լյուստրացիայի ենթարկել»:

Ավելի ճիշտ, «եռյակը» ոչ թե կարծում էր, այլ այդ մասին հայտարարում էին իմպիչմենտի նախաձեռնության հեղինակը՝ Նիկոլը, եւ նրա համախոհները՝ «ընդդիմության ընդդիմությունը»:

Այնուհանդերձ, իզուր էր «եռյակը» լրջորեն հավատում, թե Նիկոլը սկսելով իր այդ նախաձեռնությունը՝ իսկապես նպատակ ուներ հանրությանը ցույց տալու, թե ոչիշխանական ուժերը չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. եթե պահանջեին, ապա կմիանային իր նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին:

Այսօր խորհրդարանում այդ հարցի հետ կապված ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը (ով նախ ողջունել է Փաշինյանի նախաձեռնությունը) այլ բան է բացահայտում:

«Եթե 131 հոգուց 3 հոգի է ստորագրել, դա նշանակում է՝ ՀՀ նախագահի քաղաքականությունը այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից»,- ասել է Գեղամյանը։

Գեղամյանի անկեղծ ու հիացական պոռթկումից միանգամայն այլ բան է բացահայտվում:

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ ուզում էր հանրությանը ցույց տալ, թե որքան բարձր վարկանիշ ունի Սերժ Սարգսյանը (ճիշտ է՝ դրա համար ընտրել էր «եռյակին» փորձարկելու մեթոդը, բայց նրա նախաձեռնության գլխավոր նպատակը Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացումն էր ու այդ մասին հանրության ականջին կաթեցնելը: Իսկ կաթեցնելու գործը դրվել էր Գեղամյանի վրա):

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի գլխավոր փիառշչիկի դերը:

Նախկինում ՀՀԿ առաջնորդը միլիոններ էր ծախսում զանազան սոցհարցումների վրա, պատվիրում էր հարցումներ, որպեսզի դրանց «արդյունքներով» ազդարարվեր, թե հանրության այսքան տոկոսը «վստահում է ՀՀ նախագահին», այսքան տոկոսը «կողմ է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը», այսքան տոկոսը՝ «Սերժ Սարգսյանի վարած ներքին քաղաքականությանը», եւ այլն:

Նախկինում ՀՀԿ առաջնորդի պատվերով այդ գործն անում էին Ահարոն Ադիբեկյանը, կոոպերատիվ «Գելափ»-ը կամ «Հայաստանի եվրոպացի բարակամներ»-ը եւ էլի մի քանի հայտնի ու անհայտ սոցիոլոգներ և կազմակերպություններ:

Իսկ հիմա Բաղրամյան 26-ում մտածել են, որ Ադիբեկյանն ու մյուսներն իրենց այնքան էլ չեն արդարացնում. նրանց հարցումները հանրությունը լուրջ չի ընդունում, քանի որ արժանահավատ չեն (չնայած, լիքը փող են թափում նրանց վրա): Եւ ահա, որոշել են Սերժ Սարգսյանի բարձր վարկանիշի մասին միֆը այլ ճանապարհով եւ այլ մեթոդներով տարածել հանրության շրջանում:

Ինչ խոսք, այս նոր մեթոդն էլ «փուստ» անցավ, քանի որ Գեղամյանի «եզրակացությունը» նույնքան ծիծաղելի է, որքան Նիկոլի իմպիչմենտի գործընթացը:

Ինչպես նախկինում էր հանրությունն անլուրջ համարում ահարոնադիբեկյանական եւ այլ տիպի հարցումների արդյունքները, նույնքան անլրջություն է տեսնում այսօրվա Բաղրամյան 26-Նիկոլ-Գեղամյան-«ընդդիմության ընդդիմություն»–ի արարքներում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը