Մեկնաբանություն

03.12.2014 10:03


Դեժավյու

Դեժավյու

Դրամի անկման վերաբերյալ իշխանությունները փորձում են ինչ-որ հիմնավորումներ ներկայացնել՝ վերջում մի տեսակ անհամոզիչ ասելով, թե վիճակը կկայունանա: Իրավիճակն այս, սակայն, հիշեցնում է տխրահռչակ Տիգրան Սարգսյանի ժամանակները, նրա՝ ժպիտը դեմքին հայտարարությունները: Շատ չի անցել...

Մոտ կես ամսվա մեջ ունենք դրամի փոխարժեքի 10–տոկոսանոց փոփոխություն։ Այն տեղի ունեցավ երկու փուլով, և երկու փուլին էլ նախորդեցին խուճապը և անորոշությունը, քանի փոխանակման կետերը դոլար չէին վաճառում, կամ վաճառում էին գնման գնից մոտ 15 դրամ ավել գնով (երեկ մի պահ դոլարի առքը 450 դրամ էր, իսկ վաճառքը՝ 465), ինչը աննորմալ երևույթ է։ Եվ սա այն դեպքում, երբ ԿԲ–ն ամեն անգամ հաղորդագրություն է տարածում, թե վիճակը վերահսկելի է, և ընդամենը տեղի է ունենում փոխարժեքի ճշգրտում։

Նախկին վարչապետի ժամանակ տեղի ունեցավ դրամի կտրուկ անկում: Ընդ որում, 1 օրվա մեջ: Այն ժամանակ էլ ինչ-որ «հիմնավորումներ» փորձեցին արվել: Ավելին՝ տնտեսական անկման պայմաններում ասվում էր, թե օգուտներ ենք քաղելու թե՛ համաշխարհային ճգնաժամից, թե՛ դոլարի արժեվորումից... Վերջում Հայաստանն արձանագրեց աշխարհում ամենաբարձր տնտեսական անկման ցուցանիշները:

Հիմա էլ նույնն է ասվում՝ իբր դրամի թուլացումը կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, և այլն, և այլն... Ի՞նչը արտահանեք: Կասե՞ք՝ արտահանելու ինչ ունենք: Տեղական արտադրանք թողե՞լ եք, որ ինչ-որ բան արտահանեք: Պահածոնե՞ր...

Փոխարենը՝ գները բարձրանում են, գնողունակությունն ընկնում է, գործազրկությունն՝ ավելանում... Ոչինչ չի փոխվել, միայն վատանում է:

Այս իշխանության օրոք այլ կերպ չէր էլ կարող լինել, ուզում է՝ վարչապետը լինի «Օֆշոր Տիկոն», թե Մայր Թերեզան, անդամկցենք Եվրամիությանը, թե ԵՏՄ-ին:

Հայաստանի գործող իշխանությունը ոչ ցանկանում է, ոչ էլ այլևս ի վիճակի է կանգնեցնել գլորվող գնացքը: Ելքը մեկն է՝ կանգնեցնել այն՝ ղեկից հեռացնելով մեքենավարին:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը