Մեկնաբանություն

11.12.2014 16:07


«Ինչպես ես դարձա դհոլ. մի զրո ավել էի ասել»

«Ինչպես ես դարձա դհոլ. մի զրո ավել էի ասել»

Սիրելի՛ ընթերցասերներ,

Մեծ սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ առաջիկայում տեղի կունենա ջրի երեսին ամեն գնով (գին՝ փողի իմաստով) ելնելու վարպետ Դհոլ Տամտամյանի հերթական գրքի շնորհանդեսը։

«Ինչպես ես դարձա դհոլ. մի զրո ավել էի ասել» ժողովածուն անկեղծ խոստովանություն է։ Իր գործունեության մայրամուտն ապրող մեծն հաճախորդը դհոլացման փշոտ ճանապարհը բռնած նորակոչիկներին հանգամանալից ներկայացնում է կյանքի իրական իմաստը։

«Նշանակություն չունի՝ ով որտեղիդ կտմբտմբացնի։ Մի զրո ավել, մի զրո պակաս. դա էլ էական չի։ Կարևորը՝ ճիշտ պահին ճիշտ ձեռքերում հայտնվես...»,– գրում է վարպետը։

Գոթական ոճով գրված ժողովածուն լցված է գաղջի բուրմունքով։ Գիրքը հագեցած է տարբեր ժամանակների քաղաքական գործիչների, փիլիսոփաների մտքերից մեջբերումներով։ Միայն Աստվածաշնչից մեջբերումները կազմում են ժողովածուի 2/3-ը։ Տամտամյանն ընդգծում է իր երիտասարդ հետևորդների նկրտումների դատարկությունն ու ունայնությունը։

«Դհոլ դառնալը հեշտ գործ չէ։ Դա զոհաբերություն է։ Լաչառությամբ ու հիստերիկ կամ աղիողորմ հայտարարություններով ոչնչի չես հասնի։ Անմիջապես կբացահայտվես։ Դհոլ դառնում ու կորում են։ Ընդմիշտ հաճախորդ լինելու համար պետք է հիշել՝ դհոլը երես ու հետև չունի։ Դրանք նույն ձայնն են հանում»,– եզրափակել է հեղինակը։

Այնպես որ, դհոլացման ուղին բռնած բոլոր նվիրյալներին սրտատրոփ սպասում ենք գրքի շնորհանդեսին։

Ի դեպ, այն իր ներկայությամբ պատվելու է նաև բոլոր ժամանակների դհոլների սիրելին։ Դուք, իհարկե, հասկացաք՝ ով։

«7 օր»-ի մակուլատուրայի ընդունման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը