Մեկնաբանություն

14.12.2014 17:23


Առիթ մի՛ տվեք, հեռացե՛ք խաղաղությամբ

Առիթ մի՛ տվեք, հեռացե՛ք խաղաղությամբ

Ցանկացած լարված հարաբերություններում, լինեն դրանք միջանձնային, ներպետական կամ երկրների միջև, փոքր, նույնիսկ՝ անհեթեթ առիթը բավական է կործանարար հրդեհի բռնկման համար: Կարճ ասած՝ լարված հարաբերություններում կողմերից մեկը միշտ առիթ է ման գալիս:

Նույն միջպետական մակարդակում օրինակները բազմաթիվ են: Առաջին համաշխարհային պատերազմի սկսման առիթը գիտեն բոլորը: Դրան չենք անդրադառնա. ավելի հետաքրքիր օրինակներ կան:

1969թ.-ին Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Սալվադորի ընտրանուն: Երկու երկրների միջև հարաբերությունները խիստ լարված էին, և Հոնդուրասը տեղում խզեց դիվանագիտական հարաբերությունները Սալվադորի հետ: Անհեթեթություն: Բայց...

Ի պատասխան՝ Սալվադորը ներխուժեց Հոնդուրասի տարածք: Պատերազմը տևեց 6 օր՝ խլելով հազարավոր կյանքեր: Հակամարտությունը հնարավոր եղավ մարել միայն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի օգնությամբ:

Նման օրինակները քիչ չեն նաև ներպետական տիրույթում:

Այսօր Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնության և գործող իշխանության միջև հարաբերություններն իսկապես լարված են: Այլ կերպ չէր էլ կարող լինել. խորացող աղքատություն, մեծացող սոցիալական անարդարություն և այլն, և այլն…

Եվ ի՞նչ է անում գործող իշխանությունը՝ բզբզում է: Ազատամարտիկների, պատգամավորի, քաղաքացու վրա հարձակումները չեն կարող տալ իշխանության համար ցանկալի արդյունք: Նման նողկալի քայլերն «անցնում» են, երբ գործում է անտարբերության բանաձևը: Այն է՝ տվյալ երկրի բնակչության զգալի հատվածն ունի ապահով կենսամակարդակ, և արդարության հաստատումը նրան չի հետաքրքրում: Հայաստանում բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակ է: Հայհոյում են բոլորը: Այնպես որ, հարձակումներն ի սկզբանե դատապարտված են. դրանք ավելի են բորբոքելու սոցիալական հուսահատության եզրին գտնվող մարդկանց: Ցավոք, այսօր նրանք շատ-շատ են: Իսկ հուսահատությունից դեպի անկանխատեսելի և վտանգավոր գործողություն կես քայլ է: Առիթ մի՛ տվեք: Հեռացե՛ք խաղաղությամբ:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը