Մեկնաբանություն

15.12.2014 00:35


«Ուստա՛, քշի Թուրքիա, ես դրանց…»

«Ուստա՛, քշի Թուրքիա, ես դրանց…»

Դատելով Հասան Ջեմալի երեւանյան այցի շուրջ բարձրացված աղմուկ-աղաղակից` կարելի է հաստատապես ասել, որ Բաղրամյան 26-ը դարձյալ «ազգայնականության» եւ «թունդ հայրենասիրության» օրեր է հայտարարել:

Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան ներկայությունը Երեւանում, նրա հետ կազմակերպված երկու հանդիպումները գիտական-ակադեմիական-համալսարանական շրջանակներին եւ ֆեյսբուքյան վիրտուալ «վրիժառուներին» ստիպեցին ոտքի կանգնել, ձիգ կեցվածք ընդունել, կուրծքը դուրս ցցել ու խրոխտ ձայնով գոռգոռալ:

Վերջին երկու օրերին այս տեսարանն էր մեր աչքի առաջ:

Առանց զարմանքի հնարավոր չէր հետեւել Հայոց ցեղասպանության մասին գիրք հրատարակած Հասան Ջեմալի ամեն քայլի, արտասանած ամեն բառի եւ արած հայտարարությունների դեմ սուր ճոճողների վարքագծին:

Թուրքագետները, պատմաբանները, ազգագրագետները, փորձագետները, սոցցանցերի «սողոմոնթեհլերյանները» կատաղած վրա տվեցին ու սրտի ուզածի չափ թուրք գրողին թքեցին-մրեցին, անիծեցին:

Հետո դարձան նրա այցը կազմակերպողներին՝ «էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն», միաժամանակ «դավաճան» հռչակեցին Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն թարգմանությունը հրատարակած «Հրանտ Դինք» հիմնադրամին:

Մի խոսքով, Ջեմալ փաշայի թոռան դեմ՝ տեղ-տեղ «սկանդալային» նյուանսներով աչքի ընկնող «ազգայնական» բուռն ընդվզումն ու աննախադեպ իրարանցումը հիշեցրեց հայտնի անեկդոտը:

Իրոք, տեսարանը շատ նման էր այն անեկդոտին, երբ մի հայ հանկարծ (պատահաբար) իմանում է, որ թուրքերը 1915 թվին մեզ կոտորել են, վռազ իրեն գցում է տաքսու մեջ ու շնչակտուր վարորդին ասում է. «Ուստա՛, քշի Թուրքիա, ես դրանց…»:

Հասան Ջեմալի հետ հանդիպումներից հետո, կանգնելով տեսախցիկների առջեւ, մեր հայտնի ու անհայտ թուրքագետներն ու պատմաբանները հե՛նց այդ անեկդոտի հերոսի պես էին խոսում:

Նայում ու լսում էիր սրանց ու մտածում՝ լավ, ախր, առաջին անգա՞մ են թուրք տեսնում Հայաստանում, ախր, անցած տարիներին բազմաթիվ թուրքեր են եկել Երեւան, բազմաթիվ հարցազրույցներ են տվել, նրանց մասնակցությամբ բազմաթիվ ասուլիսներ են տեղի ունեցել, ամենատարբեր մասնագիտության տեր թուրքեր եկել են այստեղ, ջան-ջիգյարով շփվել են իրենց հայ գործընկերների հետ, միասին բարձրացել են Ծիծեռնակաբերդ:

Լավ, այդ ամենի մասին մի՞թե տեղյակ չեն եղել ու միայն Հասանի դեպքո՞ւմ տեսան, որ թուրք է հայտնվել Երեւանում:

Բայց սա էլ մի կողմ:

Նույն այդ աղմկող թուրքագետները, պատմաբանները, ազգագրագետները, փորձագետները եւ ֆեյսբուքյան վիրտուալ «վրիժառուները», որ վերջին օրերին ստատուսներով «մորթում» էին թուրքերին, մի՞թե անցած տարիներին Հայաստանում չեն ապրել:

Չէ՞ որ Սերժ Սարգսյանն էր նախաձեռնել «ֆուտբոլային» դիվանագիտությունը եւ թուրքերի հետ մի չորս տարի բանակցում էր, հետո հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները ստորագրեց՝ հակահայկական նախապայմաններով, Գյուլին կանչեց Երեւան ու անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը, մեր ֆուտբոլային թիմի մարզաշապիկների վրայից էլ վերացրեց Արարատ լեռան պատկերը:

«Քիրվայության» այս երկար ու ձիգ շրջանում նույն այդ թուրքագետները, պատմաբանները եւ մյուսները (որ հիմա գրոհում են Հասան Ջեմալի դեմ) ողջունում էին Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»:

Ավելին, անցած չորս տարիներին ասուլիսներում արդարացնում էին Սերժ Սարգսյանի քայլերը, որը համաձայնել էր Հայոց ցեղասպանության հարցով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

Նույն այդ թուրքագետները, պատմաբաններն ու մյուսներն անցած տարիներին լռում էին եւ հրապարակավ բառ իսկ չէին ասում այն փաստի վերաբերյալ, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետեւանքով կասեցվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Այսինքն, շնչում ու արտաշնչում էին միայն Սերժ Սարգսյանի հրահանգով:

Իսկ հիմա սրանց աղաղակը աշխարհն է բռնել:

Պարզ է, թե ինչու:

Դե, արդեն Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» է ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները: Ու հիմա արդեն կարելի է Բաղրամյան 26-ի ցուցումով թունդ «ազգայնականի» կեցվածքով հանդես գալ եւ գրողի ծոցն ուղարկել Հասան Ջեմալին:

Բայց նույն այս թուրքագետները, պատմաբաններն ու մյուսներն իրենց «հայրենասիրական» պոռթկումների մեջ մի քիչ չափն անցնում են:

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ մնում են մեր խորհրդարանում, եւ Սերժ Սարգսյանը, հակառակ իր խոստմանը՝ դրանք ոչ մի տեղ էլ չի ուղարկել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը