Մեկնաբանություն

28.12.2014 17:50


Թվարկե՛ք ձեր նվաճումները. պետք չէ այդքան համեստ լինել

Թվարկե՛ք ձեր նվաճումները. պետք չէ այդքան համեստ լինել

Ամփոփելով անցնող տարին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է. «Եղան թե՛ նվաճումներ, թե՛ բացթողումներ»:

Բայց ոչ նվաճումներն է թվարկում և ոչ էլ բացթողումներն է մատնանշում:

Լավ, բացթողումների կամ, ավելի ճիշտ, ձախողումների մասին կարող են իշխանությունները ոչինչ չասել: Ժողովուրդն իրենց փոխարեն ամեն օր հիշում է այդ ձախողումները: Սեփական կենսամակարդակի սրընթաց վատթարացումն այդ ձախողումների հետեւանքն է:

Բայց իշխանությունները, մասնավորապես՝ Շարմազանովը, գոնե կարո՞ղ են նշել իրենց արձանագրած նվաճումները, որոնք ունեցել են 2014-ին:

Գուցե նվաճումներ ասելով նկատի ունեն Տիգրան Սարգսյանին վարչապետի աթոռից պոկե՞լը:

Որ Ժողովրդի եւ ընդդիմության համար «Հայկական աշխարհի» մեծն գաղափարախոսին պաշտոնազրկելը նվաճում էր, հայտնի է բոլորին: Բայց հնարավոր է՝ իշխանությունն է՞լ է դա համարում նվաճում, որ վերջապես կարողացավ ազատվել վեց տարի երկրի տնտեսության հերն անիծած կիթառահարից: Ո՞վ գիտե:

Այլապես, եթե խոսում են իրենց նվաճումների մասին, բայց ոչ մի օրինակ չեն նշում, մեզ մնում է ենթադրել, որ իշխանության նվաճումներից մեկը Սերժ Սարգսյանի՝ սիրելի կադրից ազատվելն է եղել:

Հաջորդ նվաճումն էլ, երեւի, պետք է համարել սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետաձգումը:

Երրորդ նվաճումը՝ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկային) Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը:

Չորրորդ նվաճումը պետք է համարել պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթն ԱԺ–ում։ Նա անկեղծացավ, որ պետք էր հարձակման ենթարկված մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանին ավելի շուտ իրենք խորհրդարանում վրա քշած լինեին և այդ գործը չթողնեին «խոպանչի հայրենասերին»։ Սարոյանն այդպիսով առաջարկեց «օրենսդրական» տեսք տալ «չափալախի» ինստիտուտին, ինչն իշխող մեծամասնության ակտիվում կարելի է գրանցել և համարել ՀՀԿ–ի ձեռքբերումը։

Հինգերորդ նվաճումը՝ արտագաղթի ու աղքատության ծավալների ավելացումը, գնաճը, գազի եւ էլէներգիայի սակագների բարձրացումը, Կառավարության շենքի դիմաց տարբեր սոցիալական խմբերի բողոքի ակցիաները, ֆինանսական շուկայում տեղի ունեցած քաոսը եւ այլն:

Իսկ արժե՞ արդյոք անդրադառնալ եւ թվարկել արտաքին քաղաքականության ոլորտում Սերժ Սարգսյանի արձանագրած նվաճումները:
Ճիշտ եք. կարիք չկա:

Այսքանից հետո իրոք զարմանալի է, թե ինչու են ամաչում իշխանությունները եւ, մասնավորապես, Շարամազանովը եւ չեն ցանկանում հրապարակավ, մեկ առ մեկ թվարկել իրենց արձանագրած «նվաճումները»:

Այդքան համեստ չի կարելի լինել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը