Մեկնաբանություն

05.01.2015 22:50


Սարգսյանի ու ժողովրդի հակադիր ակնկալիքները

Սարգսյանի ու ժողովրդի հակադիր ակնկալիքները

Հերթապահ խոսքեր, կեղծ պնդումներ եւ ոչ մի անսպասելի որոշում, որը կբավարարեր հայության սպասելիքները:

Մոտավորապես այսպես կարելի է գնահատել Սերժ Սարգսյանի ամանորյա հեռուստաուղերձի բովանդակությունը (այլ բան, անկեղծ ասած, չէր էլ սպասվում):

Մի ելույթ, որը հաջորդ իսկ պահին մոռացվում է, եւ ոչ ոք այլեւս չի ցանկանում մտաբերել, թե, ի վերջո, ինչ էր ասում «տոկոս խփելու» միջոցով երկրի ղեկավարման գործը դեռեւս շարունակող ՀՀԿ առաջնորդը:

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանն Ամանորի գիշերը:

«Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն»,- նախ հայտարարեց նա:

Մի՞թե: Եթե 2014-ին շարունակել ենք կառուցել ու զարգանալ, ապա ինչո՞ւ է երկրի ու ժողովրդի վիճակը շարունակում մնալ կայուն ծանր:

Ավելին՝ օրհասական: Այդ մասին են վկայում պաշտոնական մակրովիճակագրությունն ու արտագաղթի ծավալները։

Հետեւաբար, «կառուցելու եւ զարգանալու» մասին պնդումը, մեղմ ասած, անհեթեթություն է:

Իսկ գուցե նա նկատի ունի գործող իշխանութա՞նը, իրեն եւ իր շրջապատի՞ն:

Ինչ խոսք, գործող իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անցնող տարում անձնական բարեկեցությունն առավել բարելավելու հարցում հազարապատիկ անգամ առաջ է անցել ժողովրդից:

Ինքն անձամբ իր համար շարունակել է կառուցել ու զարգանալ՝ ի հեճուկս պետության եւ ժողովրդի:

Հեռուստաուղերձի մնացած մասում անընդհատ հիշեցվում եւ շեշտվում են աշխարհաքաղաքական բարդ պայմանները, աշխարհում տեղի ունեցած փոթորկալից իրադարձությունները եւ արտաքին հանգամանքները:

Դե, հասկանում եք, էլի. այս ամենը խանգարում է Հայաստան պետությանը, որի իշխանությունների առաջին խնդիրն է եղել ապահովել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը:

Կարճ ասած՝ բանուգործը թողած՝ ուշի ուշով հետեւել են, որ մեզանում Մայդան չլինի:

Դա՛ է եղել ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրը: Ոչ թե տնտեսության զարգացումը, արտագաղթի կանխումը կամ աշխատատեղերի ստեղծումը:

Իհարկե, Սարգսյանի ուղերձում ուշագրավ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պատշաճ կերպով նշանավորելու, դրան նվիրված միջոցառումների անցկացման կարեւորությունը շեշտելու հարցը:

«Ընդգծելու ենք վերապրելու, վերածնվելու և ազատագրվելու այն կամքն ու ջանքը, որ դրսևորեց մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք նաև այն առատ հունձքը, որ տվեց հայ հանճարն իր երկրին ու աշխարհին անցած հարյուր տարվա ընթացքում»,- իր ամանորյա հեռուստաուղերձում վստահեցրեց Սերժ Սարգսյանը: Մեկը, ով 5 տարի առաջ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեց, ինչով այս կամ այն չափով կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության փաստը (նաեւ սա պետք է համարենք Սարգսյանի իշխանության շրջանի «առատ հունձքը», չհաշված Գյուլի երեւանյան այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելու, մեր ֆուտբոլային թիմի մարզաշապիկներից Արարատի պատկերը վերացնելու եւ թուրքական կողմին բավարարող այլ նախաձեռնությունները, որոնցից ամենավտանգավորը Ղարաբաղի հարցում ներգրավվելու հնարավորություն տալն էր):

Երկու ամիս առաջ էլ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից վստահեցրեց, թե գրողի ծոցն է ուղարկում այդ արձանագրությունները (դրանք, ի դեպ, մինչև հիմա դեռ ԱԺ–ում են):

Փոխարենը՝ ԴՀԱԿ-ին ուղարկեց Ծիծեռնակաբերդ ծառայողական երդման արարողություն անցկացնելու համար:

Եթե Սերժ Սարգսյանն իր ուղերձում այդքան կարեւորում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջացառումները, ապա ի՞նչն էր նրան խանգարում, որ նույն ուղերձում հնչեցներ այդ հակազգային արձանագրություններն իսկապես ԱԺ-ից դուրս շպրտելու մասին պաշտոնական հայտարարությունը:

Ոչինչ էլ չէր խանգարում: Սակայն դա չարեց:

Ուրեմն, ի՞նչ իմաստ ուներ 100-ամյակի մասով նրա ասելիքը, երբ այդ մասին պարբերաբար տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջացառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Ինչեւէ, ՀՀԿ առաջնորդն իր տոնական ուղերձն ավարտեց Աստծո օրհնությանն ապավինելու մասին համոզմունք արտահայտելով:

Դե, 2015-ին Աստծո օրհնությամբ տնտեսությունը կզարգանա, մենք էլ կհաղթենք, կարարենք ու կապրենք:

Մինչդեռ, ժողովրդի աղոթքն առ Աստված միանգամայն այլ է՝ «Աստված ազատի մեզ նման իշխանություններից»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը