Մեկնաբանություն

08.01.2015 17:01


Ֆրանսիական հումորի ողբերգությունը

Ֆրանսիական հումորի ողբերգությունը

Ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականի վրա հարձակումը համաշխարհային լրատվամիջոցների քննարկման կարևոր թեման է դարձել: Երեք զինված անձ հունվարի 7-ին հարձակվել է պարբերականի գրասենյակի վրա, սպանել 10 աշխատակցի, որոնց մեջ էր նաև թերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն, իսկ այնուհետև դրսում սպանել 2 ոստիկանի:

«Charlie Hebdo»-ի վրա հարձակումը պատահական չէր, որովհետև այդ լրատվամիջոցը կրոնական թեմաներով ծաղրանկարներ էր հրապարակում: Պարբերականը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել, սակայն խմբագրական անձնակազմը շարունակել է հրապարակել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Փաստացի, նրանք հումորը և խոսքի ազատությունը ավելի բարձր են դասել, քան քաղաքական կոռեկտությունը:

Հարձակման փաստը մի շարք հարցեր է բարձրացնում խոսքի ազատության, կրոնի, էմիգրացիայի, անվտանգության և այլնի վերաբերյալ:

Միջազգային պարբերականները փորձել են տարբեր տեսանկյունից նայել խնդրին: Մի քանիսը կոչ են արել հրապարակել «Charlie Hebdo»-ի ծաղրանկարները՝ որպես խոսքի ազատության պաշտպանության նշան: Օրինակ՝ ամերիկյան հայտնի «BuzzFeed»-ը և «Huffington Post»-ը հրապարակել են այդ ծաղրանկարները, սակայն մի շարք այլ պարբերականեր ճգնաժամը չխորացնելու համար որոշել են չհրապարակել: Նույնիսկ «Associated Press»-ը Ստեֆան Շարբոնիեի նկարից, որում նա իր ձեռքում է պահում Մուհամմեդի ծաղրանկարով պարբերականի մի համարը, հանել է ծաղրանկարի մասը:

«New York Times»-ը և «The Washington Post»-ը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրապարակել «Charlie Hebdo»-ի ծաղրանկարները: Ամերիկյան պարբերականները հիմնականում չեն հրապարակում նման ծաղրանկարներ վիրավորական լինելու և անվտանգության տեսանկյունից:

«New York Times»-ի «Կարծիքներ» բաժնում Էնդրյու Հուսեյնը գրում է, որ «Charlie Hebdo»-ի ծաղրանկարների «սադրանքները» փարիզյան ավանդույթ են, որը գալիս է դեռ Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից: Եվ հարձակումն ավելի շատ ուղղված է փարիզյան մտքին, որը երկար ավանդույթ ունի:

Անգլիական «The Economist» պարբերականի կարծիքով «Charlie Hebdo»-ի վրա հարձակումից հետո անվտանգության խնդիրները մեծ դժվարություն են ստեղծելու Ֆրանսիայի համար: Ֆրանսիան, որը հանդիսանում է Եվրոպայում ամենամեծ մահմեդական համայնք ունեցող երկիրը, երկար տարիներ փորձել է ճիշտ հավասարակշռության մեջ պահել իր աշխարհիկ ավանդույթներն ու մահմեդական քաղաքացիների խաղաղ պահանջները: Սակայն որոշ դեպքերում Ֆրանսիայում դոմինանտ են դարձել աշխարհիկ սկզբունքները: Օրինակ՝ երբ կանանց արգելել են դպրոցներում հագնել կրոնական գլխաշոր:

Ֆրանսիայում կրոնական հողի վրա առաջացած ճգնաժամը խորքային պատճառներ ունի: Խորքային պատճառն Արևմուտքի կողմից հաստատած պետական կարգի ու աշխարհակարգի հետ իսլամական աշխարհի խոր անհամաձայնությունն է, որովհետև այդ աշխարհակարգը հակասում է իսլամական աշխարհի ստեղծած կառավարման մոդելին: Իրականում սա հանթինգտոնյան քաղաքակրթությունների բախումը չէ, որովհետև խնդիրը կառավարման մոդելներն են:

Նույնիսկ եթե Ֆրանսիան խստացնի միգրացիոն քաղաքականությունը, ապա արաբական աշխարհում կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն նման գործողություններ կատարել՝ կարճ ժամանակով գալով այդ երկիր: 9/11-ը դրա վառ ապացույցն է, երբ Սաուդյան Արաբիայի կամ Եգիպտոսի քաղաքացիները պայթեցրեցին ԱՄՆ–ի մի քանի շենք:

Այս խնդիրն այնքան խորքային է, որ ԱՄՆ-ը, ունենալով այդքան ռեսուրսներ, չի կարողացել բարելավել իրավիճակը։ Ճիշտ է, ավելացրել է անվտանգության ծախսերը ու երկու պատերազմ վարել, սակայն կես քայլ էլ չի մոտիկացել խնդրի լուծմանը. ընդհակառակը՝ ավելի է խորացրել ճգնաժամը:

Ֆրանսիան այսօր ավելի քիչ ռեսուրսներով է կանգնած այդ նույն ճգնաժամի առաջ, ու այս պահին դեռ հայտնի չէ խնդրի լուծման հնարավոր տարբերակը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը