Մեկնաբանություն

09.01.2015 12:15


Ինչո՞ւ են հիշել Ղարաբաղի մասին

Ինչո՞ւ են հիշել Ղարաբաղի մասին

Այս տարվա սկզբից Ադրբեջանն ինտենսիվացրել է հարձակումները մեր դիրքերի վրա։ Ունենք չորս զոհ։ Լարվածության վերջը չի երևում։

Ակնհայտ է, որ Ալիևը նոր մարտավարություն է կիրառում, և փոխել է դիվերսիաների բնույթը։

Ու որքան շատ է ագրեսիվանում Բաքուն, այնքան, այսպես կոչված, խաղաղասիրական հռետորաբանությամբ են հանդես գալիս քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները Երևանում։ Այսինքն, տարին սկսվել է մեր զոհերով ու Ղարաբաղի մասին պարտվողական կոդերի տարածմամբ։

Նախ՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջնահերթ համարեց Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն ու դրա միջոցով Հայաստանում բարեփոխումներ իրականացնելը, ապա «խաղաղության աղավնու» դերում հանդես գալու էստաֆետն ընդունեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, թե մենք պահանջներ (Ղարաբաղի հարցով–Ս.Մ.) առաջ չենք քաշում. դա անում է մեր հակառակարոդը՝ Ադրբեջանը:

Ուշադրությո՛ւն դարձրեք. Բաղդասարյանն արդարանում է, թե իրենք պահանջներ չեն դնում Ադրբեջանի առաջ, այլ վերջինս է դա անում։ Փաստորեն, ստացվում է, որ պահանջներ չդնելը լավ տոնի նշան է։ Թե ում համար է լավ տոնի նշան, դժվար չէ կռահել։

Սույն ՀՀԿ–ական ֆունկցիոներների ասածներին կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե այլ իրավիճակում գտնվեինք, և Հայաստանն այսքան թուլացած չլիներ։

Պարզ է, որ ՀՀԿ–ում Ղարաբաղի մասին հիշել են ոչ թե ինքնաբուխ, այլ հստակ ցուցումով, քանզի ՀՀԿ–ում առանց ցուցման անգամ պետքարանից չեն օգտվում։

Ղարաբաղի մասով իրար հաջորդող «խաղաղասիրական» հայտարարությունները հուշում են, որ Սերժ Սարգսյանը կրկին որոշել է «նախաձեռնողական» դառնալ, այն էլ՝ Ադրբեջանի հարձակողական վարքագծի ֆոնին։ Իսկ թե ինչով դա կավարտվի այս անգամ, կարելի է միայն ենթադրել։

Ենթադրել կարելի է, բայց թույլ տալ չի կարելի։

Բոլոր ձախողված քաղաքական գործիչների վերջին հանգրվանը դառնում է Ղարաբաղի հարցում «նախաձեռնողական» դառնալը։ Դա յուրօրինակ ինդիկատոր է, որ «նախաձեռնողական» գործիչն արդեն ամբողջությամբ սպառված է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը