Մեկնաբանություն

12.01.2015 00:05


Մուհամմեդի դեսակրալիզացիային սպասելիս

Մուհամմեդի դեսակրալիզացիային սպասելիս

Մուհամմեդի դեսակրալիզացիայի խնդրի բանալին իսլամական աշխարհում է, այլ ոչ թե Փարիզում:

Իսլամական աշխարհը, որը պայմանականորեն Մերձավոր Արեւելքն է, պետականության կառուցման գործում հետ է մնում Արեւմուտքից, ինչը խոր ճեղք է գոյացրել երկուսի միջեւ: Հազարամյակ առաջ Բաղդադը, Դամասկոսը առաջատար կենտրոններ էին. արեւմտաեվրոպական որեւէ քաղաք չէր կարող մրցել իսլամական քաղաքների հետ։ Արաբական խալիֆայությունն առեւտրի կենտրոն էր, որտեղ զարգացած էր գիտությունը, հանդուրժողական վերաբերմունք կար այլոց նկատմամբ: Այդ ժամանակահատվածում Եվրոպան ընկղմված էր միջնադարյան խավարում, որտեղ եկեղեցին ու հավատքի դոգմաները կասկածի տակ դնողներին պարզապես այրում էին:

Մի քանի դար անց Եվրոպան պետականության հարցում առաջ անցավ: 15-րդ դարից սկսած՝ մի շարք հեղափոխություններ ժողովրդավարացման հիմքեր ստեղծեցին, եւ Եվրոպայի աշխարհիկացման հարցում կարեւոր դեր խաղացին պատերազմները: 1618-1648 թթ. երեսնամյա պատերազմն այդ գործընթացի կարեւոր հիմքն էր:

Եվրոպայում պետականության զարգացմանը զուգընթաց՝ եկեղեցու եւ կրոնի դերն աստիճանաբար թուլացավ: Խոսքի ազատությունը դարձավ գերիշխող արժեք, որը դեսակրալիզացիայի ենթարկեց եկեղեցին։ Ի վերջո, պետական համակարգն ընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ ստեղծեց:

Իսլամական աշխարհում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նախ՝ խալիֆայությունների ու Օսմանյան կայսրության փլուզումից հետո ձեւավորվեցին կառավարման նոր համակարգեր՝ սկզբում որպես գաղութներ, այնուհետեւ՝ անկախանալուց հետո, տոտալիտարիզմի ձգտող ավտորիտար ռեժիմներ: Իրաքի ու Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի վարած պատերազմները, ինչպես նաեւ արաբական գարունը, ավելի շատ թուլացրին առկա պետական համակարգերը, իսկ դա ճանապարհ բացեց կրոնի ծայրահեղականացման համար: Իրականում խնդիրը ոչ թե իսլամն է, այլ պետական համակարգը, որի շրջանակներում «շնչում է» այդ կրոնը:

Պատմությունը ցույց է տալիս, որ նույն իսլամի պայմաններում գիտությունը մեծապես զարգանում էր տարբեր ժամանակաշրջաններում: Վերադառնալով մեր օրեր՝ «Charlie Hebdo»-ի ողբերգությանը, հարկ է նշել, որ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելը ոչ մի կերպ չի նպաստում ազատ խոսքի ինստիտուտի ձեւավորմանն իսլամական աշխարհում կամ Մուհամմեդի դեսակրալիզացիային, իսկ Ֆրանսիայում այդ ինստիտուտը վաղուց կայացած է. դրան որեւէ վտանգ չի սպառնում: Նրանք ազատ են՝ հրապարակելու այն, ինչ նպատակահարմար են գտնում, բայց դրա արդյունքը կարող է եւ արյունալի լինել, ինչպես «Charlie Hebdo»-ի դեպքում: Սա մտածելու տեղիք է տալիս:

Որպեսզի իսլամական աշխարհում էլ նույն կերպ ընկալվեն ծաղրանկարները, ինչպես Վատիկանում կամ Իսրայելում, օրինակ՝ Հռոմի պապի կամ հրեա հոգեւորականների ծաղրանկարները, ապա անհրաժեշտ է, որ իսլամական աշխարհում եւս լինի կառավարման քիչ թե շատ նմանատիպ համակարգ:

Այս պահին նրանք դեռ շատ հեռու են այդ քայլից: Ու քանի դեռ չի ստեղծվել նման համակարգ իսլամական շրջանակներում, «անզգույշ» ծաղրանկարների հետեւանքն արյունահեղություն է բերելու, ընդ որում՝ առանց որեւէ առաջընթաց գրանցելու:

Փաստացի, Մուհամմեդի դեսակրալիզացիայի խնդրի բանալին իսլամական աշխարհում է, այլ ոչ թե Փարիզում:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը