Մեկնաբանություն

18.01.2015 10:35


Սարգսյանը մերժված հրավերին նոր հրավեր ուղարկեց

Սարգսյանը մերժված հրավերին նոր հրավեր ուղարկեց

Գյումրիի թեժ դեպքերից հետո՝ հունվարի 16-ին, հայ հասարակությունը բացահայտեց, որ Սերժ Սարգսյանը կա, ու նա կարևոր գործերով է զբաղված:

Նախ՝ լրատվամիջոցներում նկարներ հայտնվեցին, որտեղ Սարգսյանը հետևում է շախմատի մրցույթին, այնուհետև լուր ստացվեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հիմնադիր Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նամակին:

ՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրությունները «գուրողի ծոցն» ուղարկած, բայց Ազգային ժողովից արձանագրությունները հետ չկանչած Սարգսյանի հանդեպ ցինիկ վերաբերմունք է դրսևորում Էրդողանը, որի համար հիմքեր է ստեղծել Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքում։

Հայաստանում ոմանց ոգևորել է (դրանք հիմնականում պատվիրված ոգևորություններ են) Սարգսյանի պատասխան նամակը Էրդողանին, սակայն եթե այն դիտարկենք երկարաժամկետ տեսանկյունից, ինչպես նաև դիվանագիտական էթիկայի տեսանկյունից, ապա պարզ է դառնում, որ ոգևորվելու որևէ առիթ չկա, ավելին՝ իրավիճակը շատ ծանր է հայկական կողմի համար:

Անցած տարի սահմանային թեժացումների ժամանակ Սերժ Սարգսյանն անհետացել էր, և միայն իրավիճակը հանդարտվելուց հետո հայտնվեց ու հարցազրույց տվեց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին։ Խոսելով միջադեպերի վերաբերյալ Թուրքիայի վարքագծի մասին (այդ ժամանակ Թուրքիան միայն ցավակցություն էր հայտնել ադրբեջանական կողմին)՝ Սարգսյանը հայտարարեց, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի հայտարարության վրա՝ ավելացնելով. «Ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»:

Փաստացի, Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցավակցություն չի հայտնի հայերին, բայց, միևնույն ժամանակ, քայլեր էր ձեռնարկում, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Էրդողանը գա Երևան:

Անցած մայիսի 27-ին Սարգսյանը Թուրքիայի ապագա նախագահին հրավիրել էր Հայաստան, իսկ հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին հյուրընկալվելու ժամանակ նա հայտարարել է. «Իսկ թե կգա՞ Թուրքիայի ընտրված նախագահը, ով էլ նա լինի, մենք կիմանանք առնվազն ընտրություններից հետո կամ էլ ապրիլի 24-ի նախօրյակին»:

Դեռևս այդ ժամանակ Էրդողանն առաջատար դիրք էր գրավում ընտրություններում, ու հավանականությունը մեծ էր, որ նա կընտրվի նախագահ: Բայց դա Սերժ Սարգսյանին չի խանգարել՝ հրավիրելու Էրդողանին՝ որպես հավանական նախագահ, Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ Սարգսյանը հստակ գիտի, որ Էրդողանը ցավակցություն չի հայտնի հայերին:

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սարգսյանը, արձագանքելով թուրքական մամուլում տեղ գտած որոշ լուրերի, նաև հայտարարել է. «Կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

Մի քանի օր անց՝ օգոստոսի 13-ին, Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ուղարկել Ռեջեփ Թայիբ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշված էր. «Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց: Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք, անկասկած, ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»:

Բացի այդ, Սարգսյանն Էդվարդ Նալբանդյանին գործուղել էր Թուրքիա՝ մասնակցելու թուրքիայի նորընտիր նախագահի երդման արարողությանը, որի ընթացքում նա Էրդողանին էր հանձնել Սերժ Սարգսյանի նամակը, ուր Սարգսյանն Էրդողանին հրավիրել էր 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Երևան, Ծիծեռնակաբերդ:

Երկու անգամ հրապարակային հրավերից հետո Էրդողանը շատ ցինիկ հրավեր է ուղարկել Սարգսյանին, ու այդ ցինիկ հրավերով նա նաև մերժել է Սարգսյանի հրավերը, սակայն Սարգսյանը հարկ է համարել իր վերջին պատասխան նամակում ևս մեկ անգամ խոսել իր հրավերն ընդունելու մասին: Իսկ հրավերը մերժելուց հետո նորից խոսելը հրավերի մասին նույնիսկ առօրյա կյանքում ընկալվում է էթիկայի խախտում: Այդ իսկ պատճառով Սարգսյանի պատասխան նամակով հիանալու որևիցե առիթ չկա:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը