Մեկնաբանություն

22.01.2015 09:50


Արքայազն Չարլզը նախընտրեց թուրք Էրդողանի հրավերը «արևմտամետ» Սարգսյանի ընկերակցությունից

Արքայազն Չարլզը նախընտրեց թուրք Էրդողանի հրավերը «արևմտամետ» Սարգսյանի ընկերակցությունից

Մինչ հայ թուրքագետները, փորձագետները, քաղաքագետները, քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները շարունակում են ակտիվորեն քննարկել Սերժ Սարգսյանին արած Ռեջեփ Էրդողանի հրավերը, մինչ նշված անձինք այդ հրավերը գնահատում են որպես մարտահրավեր, խայթոց կամ ցինիզմ՝ ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի հրավերն ընդունել են արքայազն Չարլզը և արքայազն Ուիլիամսը, մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ավստրալացի դերասան Ռասսել Քրոուն, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի վարչապետները:

Հիշեցնենք, որ Էրդողանը ապրիլի 24-ը Թուրքիայում տոն սարքելու առիթով հրավեր է ուղարկել 100-ից ավելի պետությունների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների:

Ահա և, կամաց-կամաց նրա հրավերն ընդունելու մասին տեղեկություններ են հայտնվում լրատվամիջոցներում:

Էրդողանի հրավերը չմերժելու եւ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք տոնական միջոցառումներին ներկա գտնվելու մասին համաձայնություն տված հրավիրյալների շարքում ուշագրավ է արքայազն Չարլզի անունը:

Ուշագրավ է այն առումով, որ 2013-ի մայիսի 28-30-ին նույն արքայազնը գտնվում էր Հայաստանում:

Եվ այդ այցը շատ լրատվամիջոցներ ներկայացրեցին որպես դարի իրադարձություն:

Բոլորի աչքերը չռվել էր՝ ո՞նց, Հայաստան է ժամանել արքայազն Չա՞րլզը:

Բաղրամյան 26-ի բարձր հովանու ներքո գործող լրատվամիջոցները բրիտանական արքայազնի այցը պայմանավորեցին «թունդ արեւմտամետ» Սերժ Սարգսյանի գործոնով՝ շեշտելով, թե վերջինիս գնահատելով է արքայազնը եկել Հայաստան։

Դե, այդ փուլում ՀՀԿ-ի նախաձեռնող ղեկավարը դեռ շարունակում էր թափով վազել ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ եւ համարվում էր ամենա-ամենա «արեւմտամետը»: Եվ հենց այդ հանգամանքով էին բացատրում արքայազն Չարլզի հայտնությունը Հայաստանում:

Ինչեւէ, 2013-ի մայիսի վերջին բարձրաստիճան հյուրին տարան ցույց տվեցին Հայաստանի գրեթե բոլոր սրբավայրերը. նա եղավ Մատենադարանում, Մայր Աթոռում, Խոր վիրապում եւ այլուր:

Թեպետ լրատվամիջոցները շարունակ ընդգծում էին, թե արքայազնը «արեւմտամետ» Սարգսյանի խաթր է եկել Հայաստան (նույնը պնդում էին Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ), սակայն պարզվեց, որ Չարլզը եկել էր ՀՀ հանքերին տիրանալու կոնկրետ նպատակով, այսինքն՝ այցը կոմերցիոն բնույթ էր կրում:

Փաստորեն, մեր վանքերն ու եկեղեցիները, Մատենադարանն ու Ս. Էջմիածինը զրոյական նշանակություն են ունեցել Չարլզի համար, քանզի նա ապրիլի 24-ին ոչ թե Հայաստան է գալու, այլ լինելու է Թուրքիայում:

2013-ի սեպտեմբերի 3-ին (երբ պարզվեց, որ Սարգսյանը գնում է հակառակ ուղղությամբ` միանձնյա որոշելով, որ ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն) հայտնի դարձավ, որ նախաձեռնողական ՀՀԿ առաջնորդի «արեւմտամետությունից» բան չի մնացել:

Երեւի այդ պատճառով է արքայազն Չարլզը որոշել խաչ քաշել Հայաստանի վրա եւ ընդունել Էրդողանի հրավերը:

Իրականում, սակայն, արդեն նշեցինք, թե ինչ նպատակով էր նա եկել Հայաստան:

Դե, իսկ ՀՀ իշխանություններն էլ որեւէ ջանք չեն գործադրել, որեւէ կերպ չեն «շահագրգռել» մեր երկրի սրբավայրերում տուրիստի կարգավիճակով շրջող Չարլզին Հայոց ցեղասպանության փաստը կարեւորելու, դատապարտելու եւ այն ճանաչելու հարցում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը