Մեկնաբանություն

24.01.2015 14:43


Ո՞րն է լինելու Շաբոյանի վերանշանակման գինն ու հետևանքը

Ո՞րն է լինելու Շաբոյանի վերանշանակման գինն ու հետևանքը

Հայաստանում «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման համար Սերժ Սարգսյանը որպես գործիք էր ընտրել տխրահռչակ Տիգրան Սարգսյանին, ում հիմնական ֆունկցիան սեփականության վերաբաշխմանը նպաստելն ու մեր երկրի ֆինանսական հոսքերը Բաղրամյան 26–ում կենտրոնացնելն էր։ Օֆշորային չարաճճիությունները նախկին վարչապետին թույլատրված էին, այսպես ասած, բոնուսային տարբերակով։

Տիգրանը հիմնական գործիքն էր, բայց կային նաև ենթագործիքներ, որոնք նույն՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործին էին լծված՝ վարչապետի հրամանատարության ներքո։ Այդ ենթագործիքներից մեկը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն է։ Մրցակցության պաշտպանության քողի տակ սույն չինովնիկին, կոպիտ ասած, քսի են տալիս բիզնես դաշտի բոլոր այն սուբյեկտների դեմ, որոնց հայտնի շրջանակները փորձում են դուրս մղել շուկայից, կամ որոնց հետ ուզում են փայ մտնել։

Ի հեճուկս Սերժ Սարգսյանի ցանկության՝ ոչիշխանական ուժերը Տ. Սարգսյանի «գլուխը կերան», բայց վերջինիս ստեղծած ենթագործիքները (մասնավորապես՝ Արտակ Շաբոյանը) դեռ կան և շարունակում են ավերածություններ գործել Հայաստանի տնտեսության մեջ։

Մարտ ամսին սպասվում է ՏՄՊՊՀ «անկախ» կառույցի ղեկավարի վերանշանակում։ Տիգրան Սարգսյանի «տանիքից» զրկված Շաբոյանին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հիմա տիրություն է անում և նրա վերանշանակման հարցը կարգավորում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր և համատեղությամբ՝ նաև Սերժ Սարգսյանի ընկեր (նաև՝ թղթախաղային ընկեր) Բարսեղ Բեգլարյանը, ով ժամանակին լոբբինգ էր արել նաև Տիգրան Սարգսյանի համար։

Թե որն է լինելու Շաբոյանի վերանշանակման գինը, շատ շուտով պարզ կդառնա (ՏՄՊՊՀ ղեկավարին կուղարկեն այս կամ այն կազմակերպություն՝ հարյուր միլիոնների տուգանք գրելու, և հենց դա էլ կլինի այն գինը, որը նա կվճարի պետության հաշվին միլիոնանոց բնակարան կառուցելու հնարավորություն ստանալու դիմաց), բայց այսօրվանից կարելի է հստակ կանխատեսել, թե որն է լինելու «հակամրցակցային» Շաբոյանի վերանշանակման հետևանքը՝ տնտեսության կենտրոնացում, բիզնես մթնոլորտի վատացում և տարատեսակ շուկաների վերաձևում։

Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները հենց այդ հետևանքներն անշրջելի դարձնելու նպատակ են հետապնդում։ Նպատակ, որը չպետք է թույլ տալ, որ իրականանա։

Մի կողմում Սարգսյանն է՝ իր անձնական շահերով, իսկ մյուս կողմում՝ Հայաստանի ապագան։ Ընտրությունն ակնհայտ է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը