Մեկնաբանություն

28.01.2015 14:26


Անողոք ինքնահեգնանք

Անողոք ինքնահեգնանք

Սերժ Սարգսյանն էլի առանց թղթի է խոսել եւ հերթական անգամ հայտնվել ծիծաղելի վիճակում:

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր նա այցելել է Եռաբլուր եւ այնտեղից հեռանալու պահին «Գալայի» լրագրողը փորձել է մի քանի հարց ուղղել Սարգսյանին:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ կեցվածքը եւ դիվերսիոն գործողությունների հաճախականությունը, Սերժ Սարգսյանը չի պատասխանել՝ հայտարարելով, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին:

Լրագրողի դիտարկմանը, թե ինքն է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Իյա՜, իրո՞ք»,– եւ ջղաձիգ դեմքին ժպիտ հաղորդելով՝ նստել է մեքենան եւ հեռացել:

Այդ պահից սկսած՝ համացանցում տարածվեց տեսանյութը, եւ ոմանք հեգնանքով արձագանքեցին Սերժ Սարգսյանի պահվածքին. «Իյա չի, բիյա ա»:

Շատերը ապշահար են Սարգսյանի պատասխանից, ով կարող է Եռաբլուրում նման կերպ դրսեւորել իրեն:

«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկն էլ (Vahan MArtirosyan) իր էջում գրեց. «Չէէէէ՜, հաաա՜, հանաք էինք անում, դու ո՞ւր, հրամանատար լինելը՝ ո՞ւր.....Դու հազիվ տրեստի կամ պահեստի «հրամանատար» լինես..... Այ հիմա տեսնո՞ւմ եք՝ էդ անտեր 5000-նոցների պատճառով ինչ պատուհաս եք բերում գլխներիս»:

Մի խոսքով, վիրտուալ տարածքում գտնվողներին «ղժժալու» առիթ էր պետք, եւ մինչեւ հիմա «ղժժում» են: Եվ նրանց այդ հնարավորությունը տվողը նույն ինքը Սերժ Սարգսյանն է:

Որքան էլ Սերժ Սարգսյանի «Իյա՜, իրո՞ք» պատասխանը հեգնական համարենք, այնուհանդերձ, չենք կարող չնկատել, որ այդ կերպ նա նախ դրսեւորում է իր քամահրական վերաբերմունքը լրատվամիջոցների հանդեպ: Թեպետ, վեց տարի Սարգսյանը ջանում էր բոլորիս համոզել, թե ինքը խոսքի ազատության եւ այլակարծության «ռահվիրա» է, իրականում, սակայն, թքած ունի այդ ամենի վրա եւ կարող է ոչ միայն չպատասխանել լրագրողների հարցերին, այլեւ արհամարհել լրատվամիջոցներին: Իսկ եթե հանկարծ բարեհաճում է պատասխանել հարցերին, ապա միայն նման ծաղրական տոնով:

Չնայած, մյուս կողմից էլ՝ գուցե իսկապե՞ս չպետք է նրա պատասխանը հեգնական համարել:

Եթե մարդը 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում Շիրակի մարզում լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ ինչքան ուզի՝ էնքան խփի, ապա զարմանալի բան չկա նրա այսօրվա պատասխանում:

Նա «տոկոս խփելով» է հայտնվել Բաղրամյան 26-ում եւ «տոկոս խփելու» արդյունքում է ինքնահռչակվել գերագույն գլխավոր հրամանատար:

Եվ հիմա ուղղակի զարմանում է, որ լրագրողն իրեն համարում է գերագույն գլխավոր հրամանատար: Անգամ ինքը դրան չի հավատում, ինչպե՞ս են ուրիշները հավատում, որ նա իրոք գերագույն գլխավոր հրամանատար է:

«Գերագույն գլխավոր հրամանատար», ով սահմանային լարվածության շրջաններում «իջնում է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: Իսկ հետո հայտնվում է ու «խիստ» ելույթներ է ունենում, ինչպես լսեցինք օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:

«Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»,- այդ օրը հայտարարեց Ս. Սարգսյանը:

Արհավիրքը նոր տարվա առաջին օրերին արդեն եղել էր. 12 զիվոր կորցրինք:

Եվ հիմա ուշացումով հայտարարել, թե անողոք ենք լինելու, անդառնալի վնասներ ենք հասցնելու թշնամուն եւ այլն. մի տեսակ անհասկանալի է:

Պարզվեց՝ հայոց բանակի տարեդարձի օրը Սարգսյանն ընդամենը հանդես եկավ անողոք ինքնահեգնանքով:

Ենթագիտակցական մակարդակում այդպես է: Այլ հարց է, որ նա հազիվ թե կարող է գիտակցել դա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը