Մեկնաբանություն

09.02.2015 12:11


Մարտահրավերն ընդունված է

Մարտահրավերն ընդունված է

Իշխանությունը հերթական անգամ մեջքից հարվածեց: Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան վերադառնալը կուլ տված իշխանությունը գործում է նույն ոճով՝ թաքուն, հանկարծակի խփելով ու առևանգելով: Զուգահեռներն ինձ համար ավելի քան զզվելի են, բայց այդպես է ստացվում:

Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ցուցադրել իր «ուժը»՝ մեջքից հարվածելով: Հասանք այն հանգրվանին, երբ իշխանության մեջ գտվող մարդկանց անձնական որակները սկսեցին բացահայտ խոսել: Մարտի 1-ով իշխանության եկած Սերժ Սարգսյանը, իր իսկ ստեղծած քարոզչամեքենայով, փորձում էր ներկայանալ որպես տոլերանտ, խաղաղասեր, սուպերհանդուրժող ղեկավար: Այսօր Բաղրամյան 26-ից սնվող ԶԼՄ-ն ամրագրում է, որ ԲՀԿ–ականի հետ կատարվածը իրավիճակ է փոխել:

Իրավիճակը Հայաստանում շատ ավելի շուտ էր փոխվել: Հիմա եկել է այն շտկելու ժամանակը: Անձամբ ինձ դուր չի գալիս «Բոլորս Արտակ Խաչատրյան ենք» կարգախոսը, բայց բովանդակությունը միանշանակ ճիշտ է:

Գործող իշխանությունը փորձում է ահաբեկել տարբեր ակտիվիստների, ՀԱԿ պատգամավորի, ազատամարտիկների վրա հարձակումներով, Բերձորի դեպքերով՝ խառնելով ամեն ինչ:

«Ես բռնությամբ մնալու եմ»,– ասում է գործող իշխանությունն այնպես, ինչպես հայտնվեց երկրի կառավարման ղեկին:

Մարտահրավերն ընդունված է. ԲՀԿ և մնացած ոչիշխանական ուժերի արձագանքն ավելի քան խոսուն է: Այսօրվա իշխանության մեջ մի ձեռքի մատների վրա հաշված մարդիկ կլինեն, ովքեր հրապարակավ կհայտարարեն, թե «Բոլորս Սերժ Սարգսյան ենք»: Նույնիսկ նրանք, ովքեր որպես կապավոր՝ հրահանգել էին առևանգել Արտակ Խաչատրյանին, ցանկացած պահի պատրաստ են ապաշխարել:

Ուժերի բալանսն անվիճարկելի է` բացարձակ մեծամասնություն, որի դեմ փորձ է արվում դուրս բերել պետական հովանավորությամբ գործող բանդիտական մեքենան:

Սերժ Սարգսյանն առայժմ ունի լծակներ, բայց նա իր միանձնյա, այդ թվում` մեջքից հարվածելու որոշումերով, մի այլ կարգի մաշեցրել է դրանք:

Գործող իշխանությունը գործընթացները տանում է ցնցումների, այն նույն իշխանությունը, որն այսօր ընդունում է, որ սահմանին «դանդաղ պատերազմ է»:

Հայաստանում մեկ օրվա մեջ իրականում իրավիճակ փոխվեց: Ոչ այն պատճառով, որ ԲՀԿ-ն պակաս ռեսուրս չունի: Ուժը հակաուժ է ծնում. հարվածներին հետևում են հակահարվածները: Խոսքը քաղաքական տիրույթին է վերաբերում: Այսօրվանից ընդվզման ալիք է բարձրանում երկրում: Մեջքից հարվածելու գործելաոճը չի աշխատելու այնպես, ինչպես որ երբեք չի աշխատել:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը