Լրահոս

06.10.2009 16:25


ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ–թուրքական նախաստորագրված արձանագրությունների

ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ  ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ–թուրքական  նախաստորագրված արձանագրությունների

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, «էրեբունի» բիզնես կենտրոնի «Արգիշտի» սրահում ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրությունների։

Ստորև ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը։

Հայտարարություն

Առանց նախապայմանների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ չէր, և պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է Ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը։

Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում և մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե, իբր, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման։

Ակնհայտ իրողություն է, որ

-        Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմաններն ամրագրող այլ պայմանագիր՝ բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված և ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի։ Ուստի, ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ, որպես անկախ պետություն, վավերացնում ենք այդ պայմանագրի՝ Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը։ Այդպիսով, բավարարվում է նրա գլխավոր նախապայմաններից մեկը՝ այսօրվա սահմանների ճանաչումը։

-        Հնարավորություն տալով ձևավորել պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով՝ չստեղծելով անհրաժեշտ որևէ նախադրյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կասեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարավորություններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացվող ուրացման քաղաքականության ակտիվացման համար։ Այդպիսով, բավարարվում է Թուրքիայի հաջորդ պահանջը՝ կասեցնել Ցեղասպանության ճանաչման՝ վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը։

-        Հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների՝ ժամանակային առումով փաստացի փոխպայմանավորումը, տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրմանը զուգահեռ, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման պարտավորության բացակայությունը լայն ճանապարհ են հարթում վերոնշյալ գործընթացների փոխկապակցման և դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարության մեծացման համար։ Այդպիսով, Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր հաջորդ նախապայմանի բավարարմանը՝ պահանջելով Հայստանից և միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-        Վերջապես, միակողմանիորեն փակելով սահմանները և այն բացելու երկկողմ որոշում արձանագրելով, Թուրքիան սահմանների՝ մինչ օրս փակ լինելու պատասխանատվությունը, փաստորեն, կիսում է Հայաստանի հետ։

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, պահանջում ենք չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով և իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ։

Ստորագրել են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցությունը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, «Գոյամարտ» համազգային կուսակցությունը, «Մայր Հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական կուսակցությունը, «Միավորված Հայերը», «Ազգային Միասնության ՈՒխտ» կուսակցությունը։

Ընդհանուր առմամբ, ստորագրել են 11 կուսակցություններ, սակայն հայտարարությունը բաց է, և ցանկացողները կարող են միանալ հայտարարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը