Քաղաքական

11.02.2015 13:36


Ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության ՏԵՂԵԿԱՆՔԸ

Ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության ՏԵՂԵԿԱՆՔԸ

Ոչիշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության
ՏԵՂԵԿԱՆՔԸ


Փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ոչիշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին

- 15 քաղաքական կուսակցության պատվիրակություն,
- 83 հասարակական կազմակերպության պատվիրակություն,
- 39 երիտասարդական կազմակերպություն, ուսանողական միություն, քաղաքացիական նախաձեռնություն,
-երկու տասնյակ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
-համաժողովրդական շարժման գրասենյակների պատասխանատուները։

Խորհրդաժողովի աշխատանքներն ընթացան երեք նիստով, որոնք հերթականությամբ նախագահում էին
Հովհաննես Հովհաննիսյանը` «Հայաստանի լիբերալ կուսակցություն»,
Ռուբիկ Հակոբյանը` «Ժառանգություն» կուսակցություն,
Լյուդմիլա Սարգսյանը` Վերակազմավորված ՍԴՀԿ։

Ամփոփելով հնչած ելույթների և ստացված գրավոր առաջարկների ողջ փաթեթը՝ քարտուղարությունը համակարգել է դրանք հետևյալ խմբերում.

1. Խորհրդաժողովի մասնակիցները խոր մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակի կապակցությամբ:
2. Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում Հայաստանում քաղաքական մենաշնորհի գոյությունը:
3. Արձանագրվում է, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, որն ուղղակիորեն հարվածում է պետության անվտանգությանը:
4. Խորհրդաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ և ԼՂՀ սահմաններին օրեցօր աճող լարվածության կապակցությամբ և Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումների կապակցությամբ: Խորհրդաժողովի մասնակիցները համարում են, որ Հայաստանի տնտեսության աննախադեպ անկումը, ահագնացող արտագաղթը և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն են Ադրբեջանին թույլատրել դրսևորել նման սանձարձակ պահվածք:
5. Խորհրդաժողովի մասնակիցները համակարծիք են, որ միայն տնտեսապես ուժեղ, առողջ հասարակական մթնոլորտում զարգացող Հայաստանը կարող է երաշխավորել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը:
6. Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաներում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով Սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և խիստ վտանգավոր միջոցառում է:
7. Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանություններն այնուհանդերձ չլսեն հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը և գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր և սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով:
8. Խորհրդաժողովը վերջին տարիներին Հայաստանի տնտեսության աննախադեպ տապալման պատճառ է համարում գործող իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչի արդյունքում ստեղծվել է գերկենտրոնացված տնտեսական համակարգ, որը սպասարկում է փոքրաթիվ անձանց և ընտանիքների բարեկեցությունը: Արդյունքում փակվել են հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ, հարյուր հազարավոր աշխատատեղեր:
9. Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատում են, որ հայտնի 12 պահանջների չկատարումը իշխանությունների կողմից բացահայտ արհամարհանք է սեփական ժողովրդի հանդեպ և իրականությունից կտրված լինելու լավագույն ապացույց:
10. Խորհրդաժողովն ահազանգում է, որ արտագաղթի ծավալները և երկրում տիրող հուսալքության մթնոլորտը պահանջում են հրատապ լուծումներ
11. Խորհրդաժողովը փաստում է, որ սփյուռքում ձևավորվում է հզոր շարժում՝ ի աջակցություն համաժողովրդական շարժման և Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորման:
12. Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ տասնյակ հազարավոր արտագաղթածներ պատրաստակամություն են հայտնում առաջին իսկ փոփոխությունների դեպքում իրենց ընտանիքներով վերադառնալ հայրենիք:
13. Խորհրդաժողովում հնչել են կարծիքներ, որ իշխանության մեջ կան պարկեշտ և իրավիճակով մտահոգ շրջանակներ, և որ չի կարելի համաժողովրդական պայքարի ընթացքում թույլ տալ անձնական թշնամանքի և ատելության միտումներ:
14. Խորհրդաժողովի առաջարկների փաթեթի հիման վրա կազմվել է հռչակագիր, որը կհրապարակվի առաջիկա օրերին՝ վերջնական ճշգրտումներից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը